Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սերժ Թանկյան. Իմ ձայնն ու գրիչը արդարության համար են պայքարում



Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն օրերս կրկին Հայաստանում էր: Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, դերասանուհի Արսինե Խանջյանի և սցենարիստ Էրիկ Նազարյանի հետ նրանք խորհրդարանական ընտրություններին հետևող դիտորդական խմբում էին: Ապրիլի 3-ին նրանք եռօրյա այցով Արցախ ժամանեցին մեկ այլ առաքելությամբ` հանդիպելու երիտասարդ արվեստագետների հետ, ծանոթանալու Արցախի կյանքին, սահմանային գոտիներում տարվող աշխատանքներին, լսել ժողովրդին ու պարզապես շփվել նրանց հետ: Այցը կազմակերպել էր «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը:

Պաշտոնական հանդիպումներից բացի, Թանկյանը խմբի հետ այցելեց զորամասեր, հանդիպեց և զրուցեց զինվորների հետ, երիտասարդ արվեստագետների, լսեց նրանց՝ փորձելով համագործակցելու և տաղանդավոր երիտասարդներին աջակցելու ճանապարհներ գտնել: Սա Թանկյանի երկրորդ այցն էր Արցախ, առաջին անգամ այստեղ եղել էր 2001 թվականին:

Թեև այս այցելության հանդիպումների գրաֆիկը խիտ էր և գեհագեցած, Սերժ Թանկյանը ժամանակ տրամադրեց՝ «Հետք»-ի հետ զրուցելու երաժշտության, իր ներկա և նախատեսված ծրագրերի, ինչպես նաև մտահոգությունների մասին: Նա ևս առաջին հերթին կարևորեց երիտասարդների հետ հանդիպումն ու նրանց նեցուկ լինելու անհրաժեշտությունը: «Թեև հոգնած էի շատ, բայց ուզում էի ավելի երկար մնալ և զրուցել երիտասարդների հետ, քանի որ շատ ոգևորված էի այդ հանդիպմամբ: Շատ կարևոր է, որ երկրի երիտասարդությունն զգա, որ իր տաղանդը տեսնող և լսող աշխարհն իր հետ է»,- ասաց երաժիշտը:

Հարցին, թե ինչ երաժշտական գործի կամ նախագծի համար է հիմա աշխատում, Սերժը պատասխանում է՝ խոստովանելով, որ վերջերս իրեն ավելի շատ որպես ակտիվիստի են հարցեր ուղղում, քան որպես երաժշտի: «Շնորհակալ եմ այդ հարցի համար, քանի որ վերջին շաբաթվա ընթացքում որևէ մեկը քաղաքականությունից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէր հարցրել:- ասում է երաժիշտը: Մինչդեռ թվարկելու բազմաթիվ ծրագրեր կան երաժշտության ոլորտում: Հիմա աշխատում է հիմնականում կինոերաժշտության ասպարեզում: Ռուսական պատմական մի նոր ֆիլմի համար է երաժշտություն գրում, մինչ այդ աշխատել է «Paradise Lost» դոկումենտալ և արդեն բավական տարածում գտած «Promise» ֆիլմի սաունդթրեքի վրա և այլն:

«Մայիսից հետո սկսելու ենք խմբի նոր համերգային շրջագայության համար աշխատանքները, քանի որ առաջիկայում նախատեսված է 21 համերգից բաղկացած նոր ծրագիր եվրոպական տարբեր երկրներում և Մոսկվայում»:  

Սերժ Թանկյանի՝ ներկա և նախատեսված ծրագրերի, նոր գործերի մասին զրույցի ընթացքում, բացահայտվում է նրա մեկ այլ նախասիրության մասին: Պարզվում է, Սերժը պատրաստվում է հերթական նոր էքսպերիմենտի, բայց այս անգամ ոչ թե երաժշտության, այլ՝ սուրճի ասպարեզում:

«Ես մտադրվել եմ զբաղվել հայկական սուրճի արտադրությամբ, որը մոդեռն և շատ տպավորիչ մի բան պիտի լինի՝ հայկական համ ու հոտով: Ես սուրճ շատ եմ սիրում, սուրճի խելագար եմ»,- կատակում է երաժիշտը: «Gavat Coffe» անունով նոր բրենդը նա պատրաստվում է ներկայացնել ԱՄՆ-ում և Եվրոպայում:«Ես երբեք իմ անունը երաժշտությունից բացի այլ բնագավառի համար չեմ ծառայեցրել, բայց այս պարագայում ես ուզում եմ հայկականը տեսանելի դարձնել նաև այս ճանապարհով»,- ասում է Թանկյանը:  

2007թ. «System of A Down» խմբի, այսպես ասած, արձակուրդային դադարից հետո (2006թ.), Թանկյանը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը՝«Elect the Dead» անվամբ: Այս շարքի գրեթե բոլոր գործերի համար տեսահոլովակներ նկարահանվեցին: 2009թ. այս ալբոմում ընդգրկված երգերի հիմնական կազմը ներկայացվեց սիմֆոնիկ համադրությամբ, որի համերգային ձայնագրությունը՝ Օկլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կատարմամբ, թողարկվեց մեկ տարի անց՝ «Elect the Dead Symphony» անվամբ: Թանկյանի անհատական գործունեության մեջ առանձնահատուկ է «Orca. Symphony No 1» նախագիծը: Այստեղ ակնհայտորեն երևում է երաժշտի՝ ստեղծագործական այս փուլում դասական երաժշտության մեջ գտնվելու հանգամանքը: Ռոքի և երաժշտական այլ ժանրերի հետ համադրության փորձ Թանկյանն արել էր ավելի վաղ՝ 2003թ. ներկայացված Serart ալբոմում (Արտո Թունջբոյաջյանի հետ): Հետագայում պրոգրեսիվ երաժշտության նոր զարգացումներն արդեն նրան տեղափոխում են ջազի աշխարհ՝ ծնունդ տալով նոր՝ «Jazz-Iz-Christ» երկխոսությանը:

«Ես որպես ստեղծագործող մարդ, որպես կոմպոզիտոր կարևորում եմ նոր զարգացումներն ու որոնումները: Կինոերաժշտությունն ինձ հետաքրքրում է իր պատկերային համակարգով, իր պատմության բազմազանությամբ՝ էպիկ, էթնիկ, դասական միջավայրերի տարբերությունն ինձ շատ հետաքրքիր է երաժշտության տեսանկյունից: Անցած նոյեմբերին Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ ես էլ եմ ուսանել, տեղի դահլիճում ևս այս գործը ներկայացվեց և շատ հետաքրքիր էր»:

Այս զրույցի ընթացքում նա պարզում է, որ Արցախում ևս կամերային նվագախումբ կա և ոգևորված այդ փաստից՝ խնդրում է ձայնագրություններ ուղարկել, որպեսզի լսի: Ընդհանրապես Սերժ Թանկյանը հայրենիքի ու հատկապես երիտասարդների հանդեպ չափազանց զգայուն տրամադրություն ուներ: Նա մեծ ներուժ է տեսնում երիտասարդների մեջ, ուստի «Orca»-ն աշխարհագրական նոր ճանապարհորդության նախապատրաստելու մեր առաջարկը կարծես թե հետքրքիր ընթացք է ունենալու:

 «Իմ գործունեության ամենաառաջին քայլերից սկասած, երբ դեռ չէի էլ պատկերացնում, թե ուր և որքան պիտի քայլեմ, միշտ ցանկացել եմ իմ սիրած գործին հետևել և դա մշտապես որպես սկզբունք ունենալ իմ կյանքում:- ասում է Թանկյանը՝ շարունակելով երաժշտական համադրությունների մասին զրույցը,- Հիմա, երբ արդեն հաջողել եմ առաջ գնալ իմ ստեղծագործական կյանքում, չեմ ուզում այլ ձևով այն օգտագործել: Միշտ ուզում եմ սրտիս բաղձանքն իբրև ստեղծագործական նյութ ունենալ, ես այն ես չեմ ուզում այլ կերպ ներկայացնել, եթե անգամ առավել շահութաբեր լինի այդ ճանապարհը: Չեմ ուզում նաև արդեն արած գործս անընդհատ կրկնել, քանի որ դարձյալ ավելի շահութաբեր է: Դա իմ համար չէ: Արտիստներ կան, որ սիրում են մնալ մեկ ֆորմայի մեջ, նույն սահմանում էքսպերիմենտներ անել, և դա նորմալ է: Բայց դա՝  նույն բանն անելը, ինձ համար չէ:

Թանկյանը և «SOAD»-ն այսօր աշխարհում հայտնի են ոչ միայն ռոք երաժշտությամբ, այլև արդարության համար պայքարող և իրենց ձայնով աշխարհում մեծ խնդիրների մասին ճչացող երաժիշտներ:

«Արդարությունն ինձ համար հավասարակշռությունն է:- ասում է Թանկյանը,- Արդարության դասն ինձ համար, անշուշտ, Հայոց Ցեղասպանության մերժման հարցով սկսվեց: Դա իմ առաջին դասն էր, երբ  հասկացա, որ աշխարհի մեջ նման անարդար մոտեցում կա նույնիսկ ժողովրդավար երկրների մեջ: Եվ դա աչքերս բացեց, որից հետո ես ուրիշ անարդարությունների  հետքերով ևս գնացի: Առաջին դասս էր հիմնական պատճառը, որ ես սկսեցի խորասուզվել այս ուղղությամբ, նոր օրինակներ տեսնել բնապահպանության, քաղաքականության,սոցիալական և տարբեր ոլորտներում: Այնքան հարցեր կան աշխարհի մեջ, որ երբեմն սկսում ես հոգնել, ուժասպառ լինել պայքարելուց: Եվ դա իսկապես դժվար է: Բայց քանի որ ես երաժիշտ եմ, միշտ ստեղծագործելու շնորհիվ կարողանում եմ շունչ առնել այս ճանապարհին և վերականգնվել:  Ես իմ ձայնն ու գրիչը արդարության համար եմ ներդրել և երգելով արդարության մասին եմ խոսքս ասում»:

Սերժ Թանկյանն ասում է, որ երաժշտությունը և արվեստի բոլոր ճյուղերը չեն կարող չար մարդուն միանգամից լավ մարդ դարձնել, բայց կարող է ազդել մտքի և հոգու վրա: «Մշակույթը բարձրացնում է ոգին, մեղմացնում է մարդուն և կարողանում է սրտի մեջ ունեցած ցանկությունները փոխել: Դժբախտաբար այդ ազդեցությունը վայրկյանական չէ, բայց եթե լիներ, ամեն ինչ շատ-շատ լավ կլիներ»:

Գլխավոր լուսանկարը՝ serjtankian.com-ի։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Քնար Բաբայանի։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Վահան Ասրապեան04:30 - 9 ապրիլի, 2017
Համատարած ընտրակաշառքով ԱԺ ընտրութիւնները կեղծելու հակապետական հանցագործութիւնը աչքերդ չծակե՞ց, Սե՛րժ: Ինչու՞ չես խօսիր այդ հիմնահարցին մասին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ