Տուն, որտեղ․․․
Մեր իրերը կորցնում են մեզ․ անկարողություն կա, որ պատերազմը կարող է իր հետ բերել, երկրաշարժը, տարերային այլ մի աղետ, անբուժելի հիվանդությունն ու ի վերջո հանկարծահաս ավարտը։
Արդուկը, որ արդուկել է, լվացարանը, որ ամեն օր մեր դեմքի հետ տարել է երեկը, անկողինը, որի բարձերն իրենց փափկությունը կորցրել են, դռները, որոնք բացվել ու փակվել են հարյուր հազար անգամ։ Անհաշվելի գործողությունները․․․
Ու դրա հետ մեկտեղ մեր քաղաքական հայացքը, մեր բողոքն ու ոգեւորությունը, մեր ձայնն ու մեր լռությունը՝ ավելի սարսափելի։ Դավադրություններն ու սպասված պատիժները, եւ անպատիժ մնացած դավադրությունները, որ դառնում են ուղղակի։ Ժամանակը, որին ենթարկվել են ի սկզբանե՝ նպաստավոր կամ անբարենպաստ։
Մեր մարմինը, որ կրում է բոլոր ափսեների, բաժակների, պատառաքաղների, սավանների, սրբիչների, հայելիների հիշողությունն ու մաշվելու անշնչությունը։ Մեր հիշողությունը, որ մեր մարմնի վրա իջեցնում է ծանրությունը քնելու եւ արթնանալու, թեկուզ դժվար, բայց պատրաստակամությունը։
Գունաներկերը, որ ոգեւորություն են հաղորդել ցանկապատին, մազերը, որոնք հավաքվել են ջղայնության պահին, եղունգները, որոնք կտրտվել են կիրակնօրյա մի առավոտ հյուր գնալուց առաջ, բազրիքին մնացած բաժակը, որ քամին շպրտել է քարի վրա ու ջարդել․ մեր՝ պարզապես որոշված կորուստները։
Սակարկելու, հաստատվելու, կորցնելու, վաճառելու, ձեռք բերելու մեր կարողությունը, հողաթափերը՝ ողջ գիշեր սառած մուտքի առաջ, ջերմությունը, որ լցվել է զրույցի հաշվին, ու մնացած առավելությունները, որոնք մեր կենդանությունն անցկացրել են մեր մատների ու ոտքերի արանքով․ ցավեցնող, երկարաձգվող կենդանությունը։
Մեր դրսեւորումները՝ առաջնային ու երկրորդական, մեր համբերությունն ու պատճառները, որոնք տարան անհամբերության։ Վախերը, որոնք մրսելու պահին դրսեւորվեցին, հավատալու անսպառ ունակությունը, դեն նետելու կասկածը եւ սպասվածին դիմավորելու գայթակղիչ երկու-երեք րոպեն։
Ապահովությունը՝ չկորցնելու, առավելությունները, որոնք համեմատական են, մեր պատուհանները, որոնք կարող են բացվել, եթե ցանկությունը կա, մեր հիասթափությունը, երբ կոտրվում է բացված պատուհանի ապակին, ու մեր հեռատեսությունը՝ պատուհանն այլեւս չբացելու։
Մեզնից մնացածը, որպես մեր մասին պատմող նյութ՝ արկածային տրամաբանությամբ, մեր գնած թերթը, որ մատնում է մեր կողմնորոշումը կամ հայտնվում խաշած ձկան վրա՝ որպես փաթեթ ու կորցնում ուժը փոխանցելու մեր կողմնորոշումը։
Մեր որոշումները, որոնք արձանագրվեցին կամ մնացին ինչ-որ մի շոգ օրվա կեսօրի մտորում, մեր կասկածները, որոնք վտանգներ դարձան կամ կուլ գնացին մի բաժակ շամպայնի հետ․․․
Ու մի ընտանեկան լուսանկար, որը մնացել է թալանված տանը, որտեղ նրանք չկան, բայց կա արդուկը, որ արդուկել է, լվացարանը, որ ամեն օր տարել է դեմքից մի հատված, անկողինը, որ կորցրել է փափկությունը, բաժակները, որոնք լցվեցին շամպայնի մի քանի կումով ու մոռացնել տվեցին կասկածները, թերթը, որով ձուկը չփաթաթվեց ու մնաց կողմնորոշման վկան, ափսեները, պատառաքաղները, բաժակները, լամպերը, որոնք կրում են նրանց մինչեւ հիմա։
Հ․Գ․ լուսանկարներում ներկայացված է մի տուն, որը գտնվում է Դիլիջանում։ Հայտնվելուս պատճառը հետաքրքրությունն էր, դուրս գալու պատճառները՝ ավելի շատ, քան կարող էի ենթադրել՝ դրդված հետաքրքրությունից։
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել