HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի կառավարությունն ընդդեմ «Լիդիանի». ընկերության վրաստանյան արկածները

Հայաստանում Ամուլսարի հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը հանքարդյունաբերությամբ զբաղվելու տարածաշրջանային հավակնություններ ունի: Բացի Ամուլսարի նախագծից, «Լիդիան»-ը հանքարդյունաբերական նախագիծ ունի նաև հարևան Վրաստանում, որը կոչվում է «Քելա» նախագիծ:

«Հետք»-ն ուսումնասիրում է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և նրա դուստր ընկերությունների գործունեությունը, փորձում պարզել նրանց բաժնետերերին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք «Լիդիանի» վրացական դստերը, որի գործունեությունը Վրաստանում վտանգի տակ է, քանի որ չի կատարել ստանձնած պարտավորությունները:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի դուստր՝ Ջերսիում 2010-ին գրանցված Lydian Resources Georgia Limited-ը նույն թվականին Վրաստանում հիմնադրել է Georgian Resource Company սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ Georgian Resource Company-ն 2011թ. հոկտեմբերի 4-ին ստացել է հետախուզական-արդյունահանման լիցենզիա՝ Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում 720,25 հա հաքային տարածքի համար:

Վրաստանի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում առկա հիմնադրման փաստաթղթերի համաձայն, «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այստեղ հանդես է եկել որպես լիազոր ներկայացուցիչ: Այժմ վրացական դստեր տնօրենը նույնպես «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն է: 

Ներսես Կարամանուկյանը «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել 2013թ. հոկտեմբերի 7-ից: Համաձայն իր կենսագրություն՝ մինչ այդ՝ 2011-2012թթ. եղել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրենը Կովկասի տարածաշրջանում: 2001-2009թթ. եղել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երևանյան գրասենյակի ղեկավարը: IFC-ը, հիշեցնենք, «Լիդիան»-ի բաժնետերերից մեկն է, ընդ որում՝ մեր ունեցած փաստաթղթի համաձայն՝ ամենախոշորը: Դրան կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ: Առայժմ՝ տեսնենք, թե ինչ է արել կամ ինչ չի արել «Լիդիանի» վրացական դուստրը:

Նախ՝ քանի դեռ Վրաստանի համապատասխան մարմինները մեր գրավոր հարցումներին էին պատասխանում, փորձեցինք «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանից ճշտել, թե ի՞նչ ընթացք է ստացել «Լիդիանի» դուստր ընկերության՝ Lydian Resources Georgia Limited-ի` Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում ձեռք բերած հետախուզական լիցենզիայի իրագործումը:

«Ծրագիրը դեռևս նախնական որոնողահետախուզական փուլում է: Հետախուզական լիցենզիան պատկանում է Lydian Resources Georgia Limited ընկերությանը, որի 100% բաժնետերն է Լիդիան Ինթերնեյշնլը: Հետախուզական աշխատանքներից հետո բավարար արդյունքներ լինելու դեպքում, Լիդիան Ինթերնեյշնլը՝ որպես բաց բաժնետիրական ընկերություն, դրանք կհրապարակի»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտնել է Հայկ Ալոյանը:

Պատասխանից կարելի է եզրակացնել, որ Հայկ Ալոյանը կամ տեղյակ չէր իրավիճակին, կամ՝ իսկությունը թաքցնելու փորձ է արել:

Չնայած վրացական դստեր լիցենզիան վավեր է մինչև 2051 թվականը, սակայն պարտավորությունները, որոնք ստանձնել է ընկերությունը, պարզվում է, չի կատարել:

Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարությունը, ifact.ge-ի մեր գործընկերների միջոցով ուղարկած հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ լիցենզիայի տրամադրումից 22 ամիս անց ընկերությունը պետք է ներկայացներ հայտնաբերված պաշարների մասին տեղեկություններ և արդյունահանման նախագիծ:

Պատասխանին կից մեզ տրամադրված փաստաթղթի համաձայն, ավելի ուշ՝ 2013թ հունիսի 17-ին ընկերությունը դիմել է ժամկետի երկարացման համար: Արդյունքում Բնապահպանական գործակալության տնօրեն Շալվա Ջավախաձեի որոշմամբ՝ լիցենզիայի պայմանների փոփոխություն է եղել՝ 22 ամիսը երկարաձգվել է մինչև 60 ամիս, այսինքն՝ 5 տարի:

2016 թվականի դեկտեմբերին վերջին ավարտվել է նաև 5 տարվա ժամկետը, սակայն Lydian Resources Georgia Limited-ը որոնողահետախուզական աշխատանքների արդյունքների մասին որևէ հաշվետվություն չի ներկայացրել, չի ներկայացրել նաև արդյունահանման նախագիծը: Համաձայն նախարարության գրության՝ ընկերությունը որևէ գործողություն այս պահին չի իրականացնում, և լիցենզիայի պայմանները չպահպանելու համար Lydian Resources Georgia Limited-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:

Այս տարվա փետրվարի 20-ին Վրաստանի բնապահպանական պետական տեսչությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի վրացական դստեր դեմ հայց ներկայացնելով: Տեսչությունը պնդում է, որ ընկերությունը խախտել է Վրաստանի Վարչական օրենսգրքի 57/3 հոդվածը, այն է՝ խախտել է լիցենզիայի պայմանները. չի ներկայացրել հայտնաբերած պաշարների մասին հաշվետվությունը և արդյունահանման նախագիծ: Այս խախտման համար վարչական տուգանք է հասնում՝ 200-ից 5000 լարիի չափով:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter