HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի կյանքը. որոշ մանրամասներ

Լիլիթ Մնացականյան, PhD ուսանող, Լիոնի Լյումիեր համալսարանի Հոգեախտաբանության և կլինիկական հոգեբանության  հետազոտական կենտրոն

Այս հոդվածում փորձ է արվում վեր հանել Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի կյանքի, ապաստան հայցելու գործընթացի և դրան ուղեկցող սոցիալական պայմանների մասին որոշ մանրամասներ, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց ՀՀ քաղաքացիններն անխուսափելիորեն բախվում են այլ երկրներում ապաստան հայցելու գործընթացում: Եվ քանի որ մինչև Հայաստանը լքելը նրանք այդ խնդիրները կանխատեսել չեն կարող, ապա արդեն տվյալ երկիր հասնելիս նրանք կանգնում են փաստի առաջ և հայտնվում տնտեսական, սոցիալական և հոգեբանական ծանր կացության մեջ:

Հոդվածում ներկայացված դիտարկումները կատարվել են մեր կողմից անցկացվող հետազոտության տվյալների հիման վրա : Հետազոտությունը վերաբերում է Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի մոտ արտագաղթի հոգեբանական տրավմային և դրա հաղթահարման մշակութային գործոններին : Հետազոտությունը ֆինանսավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից։

Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիների ապաստան հայցելու մասին վերջին վիճակագրությունները վկայում են, որ 2015 թվականին ապաստան հայցելու դիմումները 16% աճ են գրանցել՝ 2014թ.-ի համեմատ: Սակայն ՀՀ քաղաքացիների կողմից ապաստան հայցելու բոլոր դիմումների ընդամենը 5,1%-ն է դրական պատասխան ստանում, իսկ մերժումները դատարանում բողոքարկելու արդյունքում դրական պատասխանների թիվը հասնում է 8,4%-ի:

Մերժումների այս մեծ քանակը մասնագետների կողմից բացատրվում է նրանով, որ 2011 թվականի դեկտեմբերից Հայաստանը ներառվել է «Ապահով երկրների» («Pays d’origine sûr») ցուցակում. դրանք այն երկրներն են, որտեղ հարգվում են մարդու ազատության, դեմոկրատիայի սկզբունքները, մարդու իրավունքները և հիմնական ազատությունները: Համաձայն Ֆրանսիայի՝ «Արտասահմանցիների մուտքի, կեցության և ապաստանի իրավունքի մասին» օրենքի (CESEDA) L741-4 հոդվածի՝ Ֆրանսիայում ապաստան հայցող արտասահմանցու ընդունելությունը կարող է մերժվել, եթե այդ արտասահմանցին «Ապահով երկրի» քացաքացի է: Գործում է նաև ապաստանի հայցման Դուբիլինյան ընթացակարգը, այսինքն ապաստան հայցող ՀՀ քաղաքացին Ֆրանսիայի տարածք է մուտք գործում Հայաստանից տարբեր որևէ երկրի տարածք մուտք գործելուց հետո՝ հիմնականում ԵՄ երկրներից որևէ մեկի տարածքը հատելով: Այս ընթացակարգի շրջանակներում տվյալ միջանկյալ երկիրը կարող է պահանջել նրա վերադարձը և ապաստան տալ նրան: Սակայն Ֆրանսիա մուտք գործելուց հետո Հայաստանի քաղաքացիները, թեկուզ և միջանկյալ երկրի պահանջից հետո, որպես կանոն, մնում են Ֆրանսիայի տարածքում ապօրինի կարգով:

Ըստ Փախստականների և անհայրենիքների (ապատրիդների) ֆրանսիական գրասենյակի (OFPRA) վերջին հաշվետվությունների՝ ՀՀ քաղաքացիները Ֆրանսիայում ապաստան են հայցում հետևյալ հիմնական դրդապատճառներով.

-էթնիկ դրդապատճառներ. ՀՀ՝ ծագումով ազերի քաղաքացիները ապաստան հայցելիս հայտարարում են, որ հետապնդվել և հալածվել են ՀՀ՝ ծագումով հայ քաղաքացիների կողմից: Նրանք գանգատվում են խառնամուսնությունների (հայ-ադրբեջանցի) նկատմամբ խտրականությունից, քանի որ երկու ազգի համայնքներն էլ հալածում են նման ամուսնության դիմած անձանց՝ ենթարկելով սոցիալական և ընտանեկան մեկուսացման, ագրեսիայի, խտրականության և խարանման: Հալածանքներ իրականացվում են ինչպես համայնքների, այնպես էլ ՀՀ վարչական կառույցների կողմից (հիշեցնենք, որ սրանք տեղի պաշտոնական հետազոտությունների արդյունքներն են, որոնք հիմնվում են ՀՀ քաղաքացիների գործերի մեջ առկա պատմությունների հիման վրա): Նրանցից շատերը ապաստան են գտնում Ռուսաստանում, բայց այնտեղ ևս, կովկասյան ծագում ունենալու պատճառով ռուսական ավտորիտարիզմի և բնակչության կողմից ռասիզմի զոհ են դառնում, և ի վերջո փախուստի դիմում:

-քաղաքական դրդապատճառներ. ապաստան հայցողները հայտարարում են, որ հետապնդվել և հալածվել են ընդդիմադիր շարժման մասնակից լինելու, հիմնականում՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)-ի համախոհ լինելու համար:

-առկա են նաև դիմումներ Հայաստանում փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից, որոնք հայտարարում են, որ բռնության և «ռեկետի» զոհ են եղել տեղական իշխանության հետ կապված «մաֆիոզ» խմբերի կողմից:

Սակայն, ըստ մեր հետազոտական դիտարկումների՝ շատ անձանց մոտ ապաստան հայցելու հիմնական պատճառները, մեծամասամբ տնտեսական, սոցիալական-մշակութային և հոգեբանական բնույթ ունեն: Ապաստան հայցողները մեզ հետ զրույցներում չեն նշում Հայաստանում իրենց կյանքին վտանգ սպառնացող գործոններ, այլ հաճախ խոսում են Հայաստանում իրենց հարմար աշխատանք չգտնելու և ֆինանսական դժվարությունների մասին: Նրանք խոսում են նաև մի շարք սոցիալ-մշակութային գործոնների մասին (խտրականություն՝ կրոնական պատկանելության, հարազատի կամ իրենց մտավոր կամ այլ հաշմանդամության պատճառով և այլն): Կանայք հաճախ նշում են իրենց ամուսնու ընտանքի հետ համատեղ ապրելու անհարմարության մասին: Երիտասարդների մոտ հաճախ առկա է «հայկական հասարակության վերահսկողությունից» հեռու «ազատ կյանք» ապրելու հանգամանքը: Հաճախ է հանդիպում նաև ընտանիքում տղա երեխայի բանակից խուսափելու հանգամանքը և այլն:

Պետք է նշել, որ մեզ հետ զրույցներում նրանք վերը թվարկված երևույթների մասին պատմելիս չեն նշում դրանք որպես արտագաղթի հիմնական պատճառներ: Իսկ արտագաղթի պատճառների մասին ուղիղ տրվող հարցերին նրանք հիմնականում պատասխանում են՝ նշելով ավելի շատ հոգեբանական պատճառներ՝ ընդհանուր հուսահատություն, ապագայի հանդեպ թերահավատություն, անապահովության զգացում, երեխաների ապագայի մասին անհանգստություն (ամենահաճախ հնչող արտահայտություններն են. «Հայաստանում ապագա չկա», «Երեխաների ապագայի համար ենք եկել», «Հայաստանում մարդ իրեն ապահով չի կարող զգալ», «Հույս չկա, որ երկրի վիճակը մի օր կլավանա» և այլն):

Այսինքն՝ նույնիսկ յուրաքանչյուր անձի համար ոչ թե կա մեկ հստակ գործոն, որի պատճառով նա լքել է երկիրը, այլ վերը նշված գործոնները գումարվում են մի շարք այլ գործոնների, և այդ բազմազան գործոնների ամբողջությունն է, որ հիմք է հանդիսանում արտագաղթի որոշումն ընդունելուն: 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ներկայացնելով ապաստան հայցելու խնդիրը մեր հայրենակիցների շրջանում՝ չենք կարող չանդրադառնալ ապաստան հայցելու գործընթացին, դրան ուղեկցող կեցության պայմաններին և այդ գործընթացի հոգեբանական առանձնահատկություններին:

Այսպիսով, նախ ներկայացնենք ապաստան հայցելու գործընթացի մասին որոշ մանրամասներ, որոնք Հայաստանից դուրս եկող քաղաքացին որպես կանոն չի կանխատեսում մինչև իր երկիրը լքելը, և որոնք նրա համար հետագայում հանդիսանում են վարչական լուրջ խնդիրների և հոգեբանական տրավմաների առիթ:

Ինչպես արդեն նշեցինք, ապաստան հայցելու դիմումը ՀՀ քաղաքացիների համար մեծամասամբ մերժվում է: Եթե դիմումը նոր է հանձնված և գտնվում է քննման ընթացքի մեջ, ապա ապաստան հայցողին տրվում է կացարան Ապաստան հայցողների ընդունման կենտրոններում (CADA) : Այդ կացարանը տրվում է մինչև դիմումի պատասխանը ստանալը : Այս կենտրոններում կենցաղային պայմանները բավականին ծանր են, կենցաղավարության և հիգիենայի նորմերը շատ հաճախ խախտվում են. սենյակները բաշխվում են ըստ շնչի՝  մեկ անձի համար 7մ2, երկու անձի համար 9մ2 և չորս անձի համար18 մ2, խոհանոցը և սանհանգույցը ընդհանուր է հարկի բոլոր բնակիչների համար: Դիմումի քննման ընթացքում ապաստան հայցողին տրվում է նպաստ (գումարի չափը հաստատվում է՝ ըստ դեպքի առանձնահատկության): Նա իրավունք ունի նաև դիմելու Կարմիր խաչի կողմից բաշխվող սննդի բարեգործական օգնությանը:

Դիմումի մերժումից հետո, անձը զրկվում է բնակության վայրից, ֆինանսական օգնությունից և հաճախ նաև Ֆրանսիայի տարածքում ապրելու իրավունքից: Սակայն նրանք ունեն հնարավորություն բողոքարկելու մերժման որոշումը: Բողոքարկումը տեղի է ունենում դատական նիստի ձևով, որին նախորդում է բողոքարկող նամակի և դրան կից հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը: Նրանք իրավունք ունեն դատական նիստին ներկայանալ փաստաբանի ուղեկցությամբ (վերջինս վճարվում է պետության կողմից): Բողոքարկման գործընթացքը շատ հաճախ նույնիսկ չի հասնում դատական նիստին, այլ մերժվում է զուտ բողոքարկող նամակի հիման վրա (ապաստան հայցողն ընդամենը 25 օր ժամանակ ունի բողոքարկելու համար, իսկ այդ ընթացքում դժվար է ձեռք բերել հիմնավորող փաստաթղթեր):

Բողոքարկման մերժումից հետո երկիրը լքելու մտադրություն չունենալով՝ նրանք որպես կանոն շարունակում են ապրել ծպտյալի կարգավիճակում՝ աշխատելով գործ չունենալ ոստիկանության և պետական մարմինների հետ: Որոշակի ժամանակ անց նրանք հիմնականում նորից են դիմում ապաստանի հայցով, բայց արդեն այլ բովանդակության հիմնավորում պարունակող դիմումով (մեծամասամբ որևէ հիվանդության (հաճախ՝ հոգեկան) առկայության պատճառաբանությամբ):

Մի քանի տարվա ընթացքում նրանց դիմումների և մերժումների քանակը կարող է հասնել մինչև 5-6-ի, սակայն այդ՝ թեկուզ և մերժված դիմումները և պատասխանի սպասելու կարգավիճակը նրանց հնարավորություն են տալիս մնալ Ֆրանսիայի տարածքում: Ցանկացած մերժում կարող է ուղեկցվել երկրի լքման թղթով, որը ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում: Սակայն եթե անձն այդ մեկ տարվա ընթացքում չի բախվում ոստիկանության կամ քաղաքապետարանի հետ, ապա ծպտյալի կարգավիճակում կարող է ապրել երկրի տարածքում: Մեկ տարի անց, երբ երկրի լքման թղթի ժամկետը լրանում է, նա կարող է նորից դիմում ներկայացնել:

Այն անձինք, ովքեր հինգ տարուց ավելի ապրել են Ֆրանսիայի տարածքում (թեկուզ և անօրինական կերպով), ունեն երեխաներ, և նրանց երեխաները նվազագույնը երեք տարի շարունակ հաճախել են ֆրանսիական դպրոց, հնարավորություն ունեն դիմելու «ապօրինի կեցության օրինականացում» («régularisation du séjour irrégulier») կոչվող տարբերակին, որը շնորհվում է տվյալ դեպքի առանձնահատկության քննման արդյունքում՝ հատուկ դեպքերում: Այս հնարավորության համար դեպքի համապատասխանության բոլոր չափանիշները պետության կողմից գաղտնի են պահվում, և հաջողության հասած դեպքերի պատմությունները կրում են բազմաթիվ հակասություններ:

Ինչպես արդեն նշեցինք, Ֆրանսիայի տարածքում ապօրինի կեցությունը ՀՀ քաղաքացիների ապաստան հայցողների դեպքում կարող է տարիներ տևել: Նրանք այդ ընթացքում շարունակաբար դիմում են տարբեր ընկերությունների, կազմակերպությունների, որպեսզի նրանց միջնորդությամբ ժամանակավոր կացարան, սնունդ, դրամական օգնություն ձեռք բերեն: Ժամանակավոր կացարանների տրամադրմամբ զբաղվող որոշ կազմակերպություններ ՀՀ քաղաքացիներից դիմումներ չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ նրանք գալիս են «Ապահով երկրից»: Սակայն կան նաև կազմակերպություններ, որոնք դեպքը քննելուց հետո տրամադրում են ժամանակավոր կացարաններ (առավելություն են տալիս բազմազավակ ընտանիքներին):

Բացի ժամանակավոր կացարաններից, կան նաև գիշերային օթևաններ, որտեղ նրանք կարող են գիշերել. որոշ դպրոցներ կամ սպորտ սրահներ իրենց սպորտային դահլիճները ուշ երեկոյից մինչև վաղ առավոտ տրամադրում են բարեգործական կազմակերպություններին, որպեսզի վերջիններիս օգնությամբ անօթևան մարդիկ այնտեղ հնարավորություն ստանան քնելու:

Գիշերային օթևաններից է նաև հայերի շրջանում «115»  անվամբ հայտնի կառույցը (անունը ծագում է թեժ գծի հեռախոսահամարից): Այն գործում է միայն գիշերը և օրվա ընթացքում այնտեղ մնալու հնարավորություն չկա: 115-ում իրար կցված երկհարկանի մահճակալներ են տեղադրված, դրանք միմյանցից առանձնացված են պատնեշներով, որպեսզի քնողները իրար չտեսնեն: 115-ում նաև աթոռներ են դրված, և մահճակալների չբավարերելու դեպքում մարդիկ կարող են գիշերը այնտեղ նստել մինչև առավոտ (մահճակալները ավելացվել են միայն մի քանի ամիս առաջ, նախկինում միայն աթոռներն էին):

Շատ հայ կանայք դիմում են կաթոլիկ մենաստանների, որտեղ ճգնավորուհիները առանց բարդության ապաստան են տալիս նրանց՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ երեկոյան դուրս չգալու և համացանց չօգտագործելու պայմանով: Ծանր հիվանդություններով ախտորոշված ապաստան հայցողների համար առկա են հատուկ հյուրատներ, որտեղ նրանք կարող են ապաստան գտնել մինչև իրենց վարչական իրավիճակի կայունացումը: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նույն քաղաքում բարեկամներ ունեն, հաճախ ստիպված են լինում գիշերել այդ կացարաններում, որպեսզի հետագայում կարողանան ապացուցել, որ անօթևան են:

Ապաստան հայցելու գործընթացի հոգեբանական դժվարությունները

ՀՀ քաղաքացիների համար Ֆրանսիայում ապաստան հայցելու գործընթացն ուղեկցվում է մի շարք հոգեբանական, սոցիալ-մշակութային, բարոյական և այլ դժվարություններով: Հիմնվելով բազմաթիվ հոգեբանական զրույցների վրա, որոնք անցկացվում են հետազոտական նպատակով, կարող ենք առանձնացնել մի քանի հիմնարար կետեր, որոնք որոշ մանրամասներ կմատնանշեն այդ հոգեբանական դժվարությունների վերաբերյալ:

Նախևառաջ, ուշագրավ է այն, որ Ֆրանսիա գալուն պես մեր հայրենակիցներին հաճախ համակում է որոշակի հիասթափություն Ֆրանսիայի հանդեպ, քանի որ գալուց առաջ նրանց մոտ Ֆրանսիայի մասին ձևավորված պատկերացումները, ըստ նրանց, բոլորովին չեն համապատասխանում Ֆրանսիայի իրական պատկերին:  Այն, ինչ նրանք պատկերացրել կամ իմացել են Ֆրանսիայի մասին մինչև գալը, չեն գտնում Ֆրանսիա հասնելիս, ինչի արդյունքում հիասթափության և զղջման զգացում են ունենում:

Հետազոտության մասնակիցներից՝ մոտ երեսուն տարեկան տղամարդ, պատմում է.  «Մենք որ իջանք X քաղաքի օդանավակայան, ես տեսա, որ էդ քաղաքի ամբողջ շրջակայքը նույն տիպի խանձած դաշտեր են, ոնց որ մեր Հայաստանում ա, ես ահավոր հիասթափվեցի: Չէի պատկերացնում, որ Ֆրանսիան էդքան նման ա մեր Հայաստանին, ես գիտեի իջնելու եմ ու ֆրանսիական ճարտարապետությունը տեսնեմ, ճաշակը: Դե մեզ էնքան են ասում՝ Էյֆելյան աշտարակ-բանուզում էի հետ գնայի Հայաստան, դե փաստորեն նույն երկիրն ա էլիհետո եկանք ֆոյելացս գալիս էր, մտածում էի. «էս ա՞ Ֆրանսիան, էս գույնը թափած լինոլեումով, էս վառած յուղի հոտերով ֆոյեն ա՞ Ֆրանսիան» :

Հետազոտության մեկ այլ մասնակից՝ հիսունին մոտ կին, նշում է. «Ես միշտ կարդացել էի, որ Ֆրանսիան մոդայի երկիր է, մշակույթի, քաղաքակրթության երկիր, չգիտեի, որ սաղ կեղտոտ մազերով ու մաշած կոշիկներով են ման գալիս, աղբն էլ գետնին են գցում: Բայց դե սա էլ Ֆրանսիա չի, « արաբստան » ա, սաղ սև ու արաբ են, սա էլ Ֆրանսիան չի»:

Հետազոտության մասնակից մոտ քառասուն տարեկան կին. «Առաջին պահից ես ահավոր հիասթափվեցի, որ տեսա, որ մարդիկ նույն ձևի են, ոնց որ մեր մոտ՝ սովորական, հասարակ: Ես մտածում էի, որ իրենք ավելի քաղաքակիրթ են, բայց ավելի անճաշակ ու անդուր են, քան մերոնք: Հետո մտածում էի, որ Ֆրանսիան սիրուն, մաքուր երկիր ա, ի վերջո Եվրոպա աբայց իրականում լրիվ արաբական երկիր ա, մի հատ ֆրանսիացի չես տեսնի: Չգիտեմ, ես ահավոր հիասթափված եմիրանք բոշա են, մեզ էլ անտեսում, արհամարհում են: Իսկ մենք ամեն ինչ ծախեցինք, թողեցինք եկանք ստեղ, ոնց որ աշխարհի վերջն էրԵս Հայաստանում ամեն ինչ ունեի»:

Նման արտահայտություններ և նկարագրություններ հանդիպում են հետազոտության համարյա բոլոր մասնակիցների մոտ: Դրանց բովանդակությունն ավելի սուր է ընկերական զրույցներում:

Հիասթափության մեկ այլ առիթ է ապաստան հայցելու ընթացակարգին ծանոթանալը: Նրանք, որպես կանոն, գալուց առաջ որևէ պատկերացում չեն ունենում ապաստան խնդրելու ընթացակարգի մասին, որը երկարատև գործընթաց է՝ վարչական-փաստաթղթային բարդ կառուցվածքով: Մինչև գործի մերժումը այդ հարցերով զբաղվում են հիմնականում սոցիալական աշխատողները: Բայց գործի մերժումից հետո վարչական գործընթացը վարում են իրենք՝ մեծամասամբ լեզվի չիմացության պայմաններում:

Հետազոտության մասնակից՝ մոտ երեսունհինգ տարեկան կին. «Մենք գալուց առաջ չենք իմացել, որ դոսյե պետք ա բացենք, որ պետք ա սուտ-սուտ պատմություն հորինենք, որ դրա հիման վրա մեզ տեղ տան ապրելու: Մենք մտածում էինք՝ գալու ենք, հանձնվենք, մեզ կտանեն ճամբար, հետո ամուսինս կաշխատեր, ես էլ համալսարան կընդունվեի: Որոշել էինք, որ գալու ենք, լեզուն սովորենք, աշխատենք, մասնագիտություն ձեռք բերենքո՞վ էր պատկերացնում էս քաշքշուկը, որ ես պիտի երկու երեխես ձեռքս բոմժի պես փողոցներում մնամ, որ պիտի պետությանը դատի տանք, ադվակատ գտնենքես էս ստրեսներից լեզուն էլ չեմ կարողանում սովորեմ»:

Մոտ երեսուն տարեկան կին. «Ես եկա մեր բարեկամներից մեկի մոտ, մի քանի օր ինքը պահեց ինձ իրա տանը, հետո ասեց՝ դե պետք ա արդեն գնաս հանձնվես: Ես ուրախ-ուրախ հագնվեցի, քսվեցի, ինքը ինձ տարավ մի հատ, էն ժամանակ իմ համար անծանոթ շենքի մոտ, որտեղ լիքը ոստիկաններ կայինես զարմացա, որ ոստիկանության հետ պիտի գործ ունենամ: Ես գիտեի՝ ուղղակի սովորական կազմակերպություն ա, պետք ա գնամ թղթերս տամհետո ինքը էլ չէր կարա իմ հետ մնար, որովհետև ոչ մեկ պիտի չիմանար, որ ես բարեկամ ունեմ ստեղ: Ինքը էդ շենքը ինձ ցույց տվեց ու գնաց: Վախից սկսեցի դողալ, դե ոչ լեզու գիտեմ, ոչ բանՀետո սկսվեց էս թափառականի կյանքը, էս բյուրոկրատական ուժըսըես չէի պատկերացնում, որ էս կարգի անհավանական բան ա թուղթ ունենալը: Ինձ էնքան հեշտ էին նկարագրել ամեն ինչ»:  

Մոտ հիսուն տարեկան կին. «Իմ համար ամենամեծ ստրեսն էն էր, որ ես չգիտեի, թե ինչ ա պետք անել, որ գործս ճիշտ գնար: Ոչ թղթերից էի բան հասկանում, ոչ սոցիալների (սոցիալական աշխատող-Լ.Մ.) ասածներից էի բան հասկանում: Մարդ չկար, որ ինձ մարդավարի բացատրեր, թե էդ հանձնվելու պրոցեսը ինչ ա իրանից ներկայացնում: Հետո քիչ-քիչ հայերի հետ շփվելով, խոսակցություններից որոշ բաներ հասկացա, բայց իրանք էլ՝ մեկը մի բան էր ասում, մեկը՝ մի բանոր ճիշտն ասեմ՝ մինչև հիմա էլ լավ չեմ հասկանում, ազնվությամբ»:

Ապաստան հայցելու գործընթացը ուղեկցվում է մշտական սպասումով: Սպասումը և անորոշությունը այս գործընթացի հիմնական բնութագրիչն են: Աշխատանքի և մի շարք այլ իրավունքների բացակայության պայմաններում նրանք տարիներ շարունակ անելու ոչինչ չունեն, քան անորոշ ժամկետով սպասելը: Այսպիսի սպասումը պարունակում է հույս, որը ամեն դիմումի մերժման հետ տապալվում է, ապա նոր դիմումի հետ նորից վերականգնվում: Նոր դիմումը հանձնելուց հետո՝ նորից անորոշ ժամկետով սպասում մինչև պատասխանի ստացումը, և այսպես շարունակ: Այս սպասողական վիճակը հաճախ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ է ունենում (տես՝Մնացականյան Լ., Արտագաղթի հոգեբանական տրավման և սոմատիզացիան Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի մոտ, Հոգեկան առողջության հայկական հանդես, 2013;4(2), էջ 24-30):

Ապաստան հայցելու իրավիճակում սրվում է նախկինում ունեցած սոցիալական կարգավիճակի կորստի զգացողությունը. հետազոտության մասնակից՝ մոտ հիսուն տարեկան կին. «Ես X քաղաքում (Հայաստանում-Լ.Մ.) ուսուցիչ եմ եղել: Բոլորը ինձ ճանաչում էին՝ որպես լավ ուսուցիչ, լավ մարդ՝ արժանապատիվ, իրա գործին նվիրվածիրանցից ոչ մեկը հիմա չի պատկերացնի, որ ես էսօր ապրելու տեղ չունեմ, մի օր մեկի տունն եմ քնում, մյուս օրը մի ուրիշիոր ամիսներով մանաստիրում եմ ապրել»:

Հետազոտության մասնակից՝ մոտ երեսունհինգ տարեկան տղամարդ․ «Ես մեծ շրջապատ ունեմ Հայաստանում, մեր թաղում տենց բան չկար, որ կատարվեր ու չգային ինձի չպատմեին, խորհուրդ չհարցնեինշատ հարգված-պատված բարեկամի, ընկերների, թաղի տղեքի կողմիցհիմի ամաչում եմ, որ մտածում եմ՝ իրանցից մեկը գա ինձ տենա տոպրակներով Կարմիր խաչի տված ժամկետանց կանսեռվեն ու կաթն եմ տանում, որ երեխեքս ուտենէդի տղամարդու վիճակ ա՞, բա ինչի՞ պիտի մեր կառավարությունը մեզի սենց օրի հասցներհայ տղամարդուց տղամարդ չի մնացել»:

Հետազոտության մասնակից՝ մոտ քառասուն տարեկան կին. «Ես Հայաստանում դեղագետ եմ եղել, բժշկականն եմ ավարտել, փայլուն, կարմիր դիպլոմովբայց ստեղ ո՞ւմ ա հետաքրքիր, թե դու ինչ ես սովորել, դու ստեղ ոչ ոք ես, ոչինչ ես, և՛ իրավաբանորեն ես ոչինչ, և՛ փաստացիստեղ հավաքարարից ավել չես կարա աշխատես էդ քո կարմիր դիպլոմով»:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նշված դժվարությունների և դժգոհությունների մեջ միևնույնն է՝ Հայաստան վերադառնալու հստակ որոշում շատ հազվադեպ է կայացվում: Նրանք բոլորը հաճախ արտահայտում են ցանկություն հետ վերադառնալու, բայց այդ ցանկությունը, որպես կանոն, ի վերջո որոշում չի դառնում: Դա կարելի է կապել այն անորոշ հույսի հետ, որ հաճախ առկա է սպասողական վիճակում: Այդ հույսը ներշնչվում է նաև Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականության արդյունքում, քանի որ մերժումներից հետո թույլ տալ մարդուն ապրել երկրի տարածքում, նշանակում է հույս տալ: Սակայն բացի դրանից, նրանցից շատերը հետդարձի ճանապարհ այլևս չեն տեսնում, քանի որ վաճառել են Հայաստանում իրենց ողջ ունեցվածքը, ինչի շնորհիվ կարողացել են գալ Ֆրանսիա: Իսկ ոմանց համար էլ Հայաստան վերադառնալը երկարատև ու դաժան պայքարը տանուլ տալու, պարտվելու պես մի բան է: Նրանց սփոփում է անորոշ հույսը, իրենց պատկերացրած դրական հեռանկարը, որը գուցե իրականություն կդառնա թեկուզ և հեռավոր ապագայում, գոնե իրենց երեխաների համար՝ չնայած, որ չեն հավատում, որ Ֆրանսիայում իրենք և իրենց երեխաները մի օր կապրեն այն լիարժեքության զգացումով կյանքը, որ ունեցել են տարիներ առաջ Հայաստանում ապրելիս:

Մեկնաբանություններ (23)

Թամարա
Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ,ես ամուսնացած եմ և ունեմ 4 բալիկ ինչ խորհուրդ կտակ ինչպես մեկնենկ ֆրանսյա և որտեղ դիմենք սկզբնական
Քրիստինե
Ես կասեի հոդվածի 95 տոկոսը համապատասխանում է իրականությանը ,ուղղակի շատ հայեր, հավատացեք գնում են Հայաստան ու իրենց իսկ մտքում էլ ամաչում են մտածել ,որ էս ամենի միջով անցել են.<< ԱԽ էս մեր ազգի մեծ թերի կողմերից է>>. Պետք է իրենց ցույց տան. Եթե մի քանիսին հաջողությունը ժպտում է , մտածում են բոլորինն էլ արդպես է լինում . ԵՐԿԱՐ տարիներ հետո միգուցե հասնում են ինչ որ բանի ,բայց կորսված անդառնալի արժեքները ու առողջությունը , կամ չեն էլ ունեցել ,կամ նույնիսկ վախենում են անկեղծանալ իրենք իրենց հետ. Ցավալի է
Նարինե
Իսկ եթե ունես առողջական խնդիր ու երեք տարեկանից հետազոտվումես ու արդյունքում ոչինչ չեն հասկանում մի հիվանդանոց մյուսնեն ուղղարկում։ ու վերջում ել ասում են երեք տոկոս ուննես հնարավորություն բուժվելու ու ապրելու։ երբ 25 տարեկան եմ ու հղիությունս ընդհատեցին առանց խղճի։ առանց վարանելու երբ Ֆրանսւայում կա բուժում կա հնարավորություն երեխա ունենալու եվ ապրելու։ միթե դա պատճառ չէ որ լքես այս երկիրը ու դեմ գնաս դժվարություններին որ կարողանաս ապրես ու վայելես մայրանալու բերկրանքը։ ինքներտ դատեք անհիմնէ լքելը թե ոչ?????????
Ազուլ
Էն լավ աբրողներին խոսըցրեք ընգել եք 2 տարվա էգածների մեջը մարդկանց էլ հուշտ կենեք։ Դեմից շատ դժվար է սաղն էլ անցել են նայև էս հոդված գրողը։ Եպ որ միջավայրտ կփոխես ցանկացած պարագայում դժվարությունների առաջ կկանգնիս։ Ես ինչքան ստեղ եմ օգնել եմ ու բդի օգնեմ հայերիս։ Սաղտ էլ արեք ելած թափաց չենք բայց սոված ծարավ դսներհ չենք թողա ամեն մեկս էլ մեր չափով կոգնենք։ Էն հայերենը մոռացած հայերից վախեցեք դիմակաավորված ֆաշիստները որ հայի անուն կլսեն սրդները խառնեգը։
Նառա
Հարգելիներս,ես ինքս ապրում եմ Ֆրանսիայում եւ ասեմ որ գրվածը չի համապատասխանում ։ Եթե այդպես հավատում եք գրվածին մենքել ենք կարդում որ Հայաստանում առաջընթաց կա մարդիկ գեհեն իրենց ապրելուց ։ Դա ճիշտ է? Ենպես որ ամեն գրված չի համապատասխանում։Իմ ծանոթներից ոչ մեկ չի փոշմանում իր գալը ուղակի ասում ենք կարոտներ խախտում։ Դա չի նշանակում որ մենք առանց գումարենք կամ ինչպես նշված էր դրսում ենք քնում։Մնում ենք հյուրանոցում 5* ապահոված ամեն ինչով։Սովորում ինստիտուտում։ստանում նպաստ։Օգտվում անվճար տրանսպորտից ։ Բուժ ծառայությունից,դեղորայքից եւ էքսկուրսիաների
Նունիկ
Տարածե՛ք : Նրանք որոնք ուզում են լքել Հայաստանը այսպէս ասած լաւ կեաննքի համար, թող լաաաաաւ մտածեն
Մ.Գրիգորյան
Ինչ վերաբերում է գողություններին, պետք է ասեմ, որ այս բնագավառում շատ հայտնի են ռուսները, հարավսլավացիները, լեհերը, գնչուները: Հայերը քիչ են, իհարկե, հայերի մեջ էլ կան, բայց եթե եվրոպացուն հարցնես , երբեք հայերի անունը չի տա, նրանք կամ ոչինչ չգիտեն, կամ եթե գիտեն՝միայն դրականը: Հավատացեք, ես քսաներկու տարի ապրում եմ Եվրոպայում: Փորձեք հասկանալ: Մեր ժողովուրդն է, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Ամեն տեսակի մարդ էլ կա: Հո մենակ լավերը չեն արտագաղթում: Համ էլ այստեղ հսկողությունը խիստ չէ, պատիժները խիստ չեն, մարդիկ այդ առատությունը տեսնելով, գայթակղվում են: Իհարկե,անհարմար ես զգում, բայց ավելի շատ ցավ ես զգում. ինչու պետք է այսպես լիներ:
Մ. Գրիգորյան
Ճիշտն ասած, այնպիսի տպավորություն ստացա, կարծես «սարսափ» ֆիլմի նկարագրություն լիներ: Ինչու՞ եք նկարագրում միայն անհաջողությունների հանդիպած մեր հայրենակիցներին: Ինչպես նկատում են ոմանք, ամեն ինչ կախված է մարդուց: Ես ապրում եմ մեկ այլ եվրոպական երկրում, օրենքները նույնն են: Ինչքան մարդը շուտ սովորի տվյալ երկրի լեզուն, պատմությունը, սովորույթները, այնքան շուտ կինտեգրվի: Երեխաները շատ շուտ են ինտեգրվում, բայց վտանգ կա մայրենին մոռանալու: Դա էլ ծնողներից է կախված: Մենք տանը խոսում ենք միայն հայերեն և ամեն ինչ տանը հայկական է: Կներեք, շեղվեցի: Այնպես որ ինչքան որ ապրեք դրսում, ձեր ժամանակը առավելագույնս օգտագործեք նոր բաներ սովորելու:Մեկնաբանությունը...
Anushavan
ՈՒղղակի մարդու մի տեսակ կա (իմիջիայլոց բոլոր ազգերի մեջ) դժգոհ նվնվացող, տուր նրան եռապատիկը իրա ուզածի մեկա ավելի ակտիվ կսկսի դժգոհել ու բողոք չի մեջը նվնվոցա!Բա երկրից երկիր ընտանիք ես տեղափոխում էսօր ինտերնետում ցանկացած երկիր վերաբնակվելու կարգն էլ կա կանոններնել!քարը գլուխ ինտերնետը տենց ըտանիք չկա որ հարազատ չունենա դրսում բա մի հատ նորմալ մարդ չկա? որ հարց ու փորձ անեն? հետո! եթե մարդը լեզու չգիտի ինչ աշխատանքի մասին է խոսքը: եսիմ եդ ինչ վիշշի կատեգորիայի մասնագետ պիտի լինի պարտաճանաչությամբ կարգ ու կանոնով, որ առանց բնակության իրավունք ունենալու (սեվով)քեզ գործ տան:ապօրինությունը պատճառ բռնած լքում ենք երկիրը ուուու???
Narek
իսկ նրանք ովքեր ասում են, որ` օօօ նայեք, տեսեք ինչ վատ ա, մի արտագաղթեք, մի լքեք հայրենիքը։ Բա մնանք ինչ անենք, հարգելի համաքաղաքացիներ։ Մեռանք, կոտորվանք 25 տարի շարունակ էս իշխանությունների ձեռը։ Անձամբ ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքս նվիրեմ «երկիր կառուցելուն»։ Կամ որ ասում են` մյուս երկրներում ամեն ինչ պատրաստ ա, պետք ա քո երկրում կառուցես դա։ Ոչ, պետք ա թողնել ու գնալ ու նոր կյանք սկսել, ինչքան էլ որ դժվար լինի, ավելի վատ չի կարա լինի հայաստանից
Narek
Շատ կներեք, իսկ ինչի չի ասվում, թե ինչով եմ մեր հայերը զբաղված եվրոպաներում, որ երբ ասում ես հայ ես, միանգամից ասոցացնում են գողի հետ էնքան են ստեղից–ընդեղից գողություն արել։ Իսկ ով ա իրանց ստիպում գալ ու ապաստան հայցել առանց մինիմալ պատկերացում ունենալու ընթացակարգի մասին, իսկ էն հայերը, որոնք տարիներ շարունակ ապրում են ֆրանսիայում, ինչի մի բառ ֆրանսերեն չգիտեն, բայց բողոքում են սոցիալական պայմաններից։ Ուր ուզում եք գնացեք, եթե պատրաստ չեք ինտերգրվելու, եթե պատրաստ չեք տեղի արժեքները հասկանալու, լեզուն սովորելու, ոչ մի տեղ էլ հաջողության չեք հասնի։ Շատ հայեր Հայաստանում մի փոր հացի խնդիր ունեն, իսկ ֆրանսիայում իրանց մի փոր հացը ստանալով բավարարվում են ու էլ ավելիին հասնելու ոչ ցանկություն կա, ոչ ձգտում։ Մենակ անկապ բողոք ու նվնվոց, որ ամեն ինչ վատ ա, մեզ էլ չեն նայում։
Армине
Я уверена, что если заранее будут иметь хотя бы малейшее представление, что их ждет там, многие предпочтят остаться на Родине
Արթուր
ՈՒՂՂԱԿԻ ԿՀԱՄԱՁԱՅՆՎԵՄ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳՐԱԾԻ ՀԵՏ_ իհարկե շատ բաներ ճիշտ են, բայց մարդիկ չեն վերադառնում՝ քանի-որ այստեղ ֆոեներում և բոմժանոցներում ապրելը ավելի հեշտ ու ապահով է քան սեռժի ապահով հայաստանում, ու երբ նրան կսատկացնեն այն ժամանակ դեռ մարդիկ կսկսեն մտածել՝ վերադառնալ թե ոչ: ՓԱՍՏԸ ՄՆՈՒՄ Է ԱՅՆ ՈՐ ԵՍ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓԱԿԵՑԻ ԵԿԱ, ՀԵՏ ԳԱԼՈՒ ԲԱՑԵԼՈՒ ՀԻՆ ՁԵՎՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՉԻՆՉ ՉԵՄ ՎԱՃԱՌԵԼ: ԲԱՅՑ ՈՒՐ ԳԱՄ? ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ?
Գոհար Ամիրյան
Ճիշտ վերուծություն էր: Շատ երջանիկ եմ, որ իմ աղջիկը մեկ տարի Նիցցում ապրելուց հետո վերադարձավ Երևան
Qam
Վերջապես սառույցը կոտրվոց ու մաստագիտական վերլուծություն հայտնվեց հայկական մեդիայում: Շնորհակալություն վերլուծության և բացահայտման համար, ինքս երկար ժամանակ փորձում եմ գտնել հայ ներգաղթյալների ``անտարբերության`` պատճառը Հայաստանում ծավալվող իրադարձությունների հարցում և շատ բան հիմա պարզ դարձավ: Կխնդրեի շարունակել հեղինակին կիսվելու առկա տեղեկությամբ:
Լ. Հովասափյան
Շատ-շատերը լավ կյանքից չէ որ հեռացել են երկրից, ես օրինակ սրտի հետ կապված պրոբլեմներ ունեի,Երեւանում միլիոնուկես դրամ ուզեցին, այդ գումարով եկա այստեղ և անվճար բուժվեցի, հայերից 13 հոգու ճանաչում եմ որոնք երիկամ են փոխպատվաստել կամ սպասում են իրենց հերթին, որը Հայաստանում երբեք չէին կարող անել՝ թեկուզ ազգով- տակով գումար հավաքեին: Նաև այստեղ ամոթ չի ինժեների դիպլոմ հավաքարար աշխատել, քանի որ ավելի լավ էս վարձատրվում քան Հայաստանում ինժեները ու ավելի հարգված ես քան Հայաստանում
Հովհաննես
Ես գրեթե երկու տարի է ինչ բնակվում եմ Ֆրանսիայի հայաշատ քաղաքներից մեկում, որտեղ ապրող հայերի գրեթե հարյուր տոկոսը ախստականներ են։ Ներկայացնեմ պատկերը։ Ֆրանսիացիները կամ ֆրանսաբնակները կամ հայ ու Հայաստան չգիտեն առհասարակ ինչ է նշանակում կամ հայերին ճանաչում են, որպես գող, բոշա, խաբող մի ազգախմբի։ Նման հայեր ես որևէ այլ տեղ չեմ տեսել՝ տգետ, գող, միաժամանակ ամեն ինչից դժգոհ, անհանդուրժող, Ֆրանսիան չսիրող, ռասիստ ու աննկարագրելի մեծամիտ։ Սա է հայ ազգի ներկայիս պատկերը, ուղղակի խղճում ու ափոսում եմ Ֆրանսիայի նման չքնաղ երկրին, որ իր հողի վրա նման մարդկանց են ընդունում։
Հայ
Հայաստանից դուրս ապրողներս շատ օգուտ ենք տալիս Հայաստանին.Հայկական դեսպանատներից լավ ենք ներկայացնում Հայաստանը.շատ ֆրանսիացիներ ուզում են նմանվել մեզ.ֆրանսիացիները հիանում են մեր կուլտուրայով.այստեղ ապրող ամեն Հայ ընտանիք Հայաստանում մի քանի ընտանիքի է օգնում թեթեվացնելով շատ մարդկանց հոգսեր.էս հոդվածի 80տոկոսը սուտ է.ես իմ ընտանիքի հետ վայելում եմ ֆրանսիայում ապրող բոլոր ազգերի համակրանքը իմ ընտանիքի և իմ ազգության հանդեպ, ինչպես համարյա բոլոր հայերը.
հայ
Կեսից շատը սուտա
Անի
Հարգելիներս և բողոքելն է հեշտ, և քննադատելը: Չեմ ուզում գնացողների մասին որևէ վատ բան ասել, ամեն մարդ ապրում է այնտեղ, որտեղ ցանկանում է: Եթե այդ պայմաններում ապրելով ցանկություն չունեն հետ գալու, ուրեմն այդ պայմաններն իրենց լիովին բավարարում են: Ես էլ սահմանում ապրելով իմ երեխաների համար ավելի լավ կյանք եմ ուզում, չեմ ուզում, որ նրանք էլ տեսնեն իմ տեսածը: Բայց գնալու մասին չեմ մտածում, որովհետև ... էստեղ իմ տունն է, իմ ծնողի գերեզմանը, իմ ընտանիքի պատմությունը: Էստեղ ես տերն եմ ամեն ինչի և բոլորովին օտար չեմ:
samo
You see some people leave Armenia only because Armenians in Armenia have a real problem in standing in line. Forget hardship, injustice --- basic orderly line that applies to everyone the same way is a fundamental requirement to fix a country.
Լուսինե
Շատ ուրախ եմ այս հոդվածի համար, քանի որ բազմակողմանիորեն նկարագրում է արտագաղթողների վիճակը հայրենիքից դուրս: Կուզենայի, որ բոլորը արտագաղթելուց առաջ, կարդային այս հոդվածը և լավ խորհեին, արժե արդյոք լքել հայրենիքը: Ես գիտեի այս ամենի մասին, բայց ապացուցող փաստեր չունեի: Ուրախ եմ նման վերլուծական հոդվածի համար: Կուզենայի, որ անդրադառնայիք նաև Գրին Քարտի և Ամերիկա մեկնող հայերի կեցությանն ու կենցաղին, հոգեբանական ապրումներին և այլն, եթե իհարկե Ֆրանսիայի դեպքը կարելի է համարել համընդհանոր բոլոր արտագաղթողների և եվրոպական երկրների համար: Կարելի է սա համարել որպես օրինակ չարտագաղթելու համար, թե կարող է յուրաքանչյուրը մտածել, որ այդ իրավիճակն իրեն չի սպառնում և ինքը երբեք չի հայտնվի այդ կարգավիճակում:
Qam
Հարգելի Նունիկ Նման բայեր օգտագործելով չեք օժանդակի ՀՀ դեմոգրաֆիկ աղետի կասեցմանը, ժամանկն է վաղուց քայլեր ձեռնարկելու որ վեր հանված խնդիր-պատճառները հնարավորինս արագ վերացվել ՀՀ-ում: Չեմ կարծում որ արտագաղթողներից շատերը սակավ հայրենասեր են քան Դուք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter