Կիրակի, 23 սեպտեմբերի

Կառավարությունն անհանգստացած է. փորձառու դատախազներն աշխատանքից ազատվելու դիմում են գրում, որպեսզի բարձր թոշակ ստանան



Դատախազության, հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ դատախազներ և ծառայողներ բարձր կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել, քանի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներով «բարենպաստ» պայմաններ էին ստեղծվել թոշակի անցնելու համար:

Մասնավորապես, վերը նշված օրենքների կարգավորումներով, 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մինչև 2017թ. հուլիսի 1-ը` անձնական դիմումով և դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալու հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974թ. հունվարի 1-ը, ինչպես նաև նույն հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին: Այստեղ պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմ է սահմանված 60 տարին:

Դատախազներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, քանի որ մինչև 2014թ. հուլիսի 1-ը ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը կորսվում էր 2017թ. հուլիսի 1-ից: Դրանից հետո նշանակվելիք կենսաթոշակի չափի հաշվարկի ցանկացած մեթոդ ավելի ցածր կենսաթոշակ է նախատեսում, քան վերը նշված իրավակարգավորման հիմքով կենսաթոշակի հաշվարկը:

2017թ. հուլիսի 1-ից այդ իրավունքի դադարելու դեպքում որևէ այլ իրավակարգավորումով չի փոխարինվում, նշված իրավունքը ձեռք բերած դատախազը, հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողներն իրենց իրավունքից չօգտվելու դեպքում կորցնելու են այդ հիմքով կենսաթոշակի անցնելու հնարավորությունը: Այսինքն՝ դատախազը և ծառայողն ուղղակի զրկվելու են բարձր չափի կենսաթոշակային իրավունքից, ինչի պատճառով միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 139 դատախազից 97-ն աշխատանքից ազատվելու և կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել և ազատվել աշխատանքից, որոնց տրվել է մոտ 216 միլիոն 551 հազար դրամ վերջնահաշվարկային գումար և յուրաքանչյուր ամիս վճարվում է 38 միլիոն 383 հազար դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 97 նոր դատախազ, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջինը 58 միլիոն 234 հազար դրամ աշխատավարձ:

Այդ իրավակարգավորման արդյունքում ընդհանուր բեռը, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, բյուջեի վրա ավելացել է մոտ 461 միլիոն դրամով:

Նույն իրավիճակն է նաև հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում: Հատուկ քննչական ծառայությունում միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 8 ծառայողից 3-ն աշխատանքից ազատվելու և կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել և ազատվել աշխատանքից: Նրանց տրվել է 7 միլիոն 600 հազար դրամ վերջնահաշվարկային գումար և յուրաքանչյուր ամիս վճարվում է 1 միլիոն 260 հազար դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 3 նոր ծառայող, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջինը 1 միլիոն 700 հազար դրամ աշխատավարձ: 2013-2016թթ. ընդհանուր բեռն ավելացել է մոտ 23 միլիոն դրամի չափով:

Քննչական կոմիտեում միայն 2013-2016թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 50 ծառայողից 8-ն աշխատանքից ազատվելու և կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել և ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 9 միլիոն 315 հազար դրամ վերջնահաշվարկային գումար, իսկ յուրաքանչյուր ամիս վճարվում է միջինը 3 միլիոն 200 հազար դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 8 նոր ծառայող, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջինը 3 միլիոն 761 հազար դրամ աշխատավարձ: Այդ իրավակարգավորման արդյունքում ընդհանուր բեռն ավելացել է մոտ 47 միլիոն 715 հազար դրամի չափով:

Այս իրավակարգավորումն անհանգստացրել է կառավարությանը և վերը նշված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր են ներկկայացրել Ազգային ժողով: Մասնավորապես առաջարկվում է հանել «մինչև 2017թ. հուլիսի 1-ը» բառերը, որպեսզի մինչև 2017թ. հուլիսի 1-ը թոշակի անցնելու մասսայական դիմումներ չստացվեն, ինչը կավելացնի ուժայինների 2017թ. տարեկան բեռը: «Մինչև 2017թ. հուլիսի 1-ը» բառերը հանելով նախատեսվում է այդ բեռը բաշխել նաև հետագա տարիների վրա:

Մասնավորապես՝ դրանով հնարավություն է ընձեռվում դատախազությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 296 միլիոն դրամով կտրուկ ավելացումից, հատուկ քննչական ծառայությանը խուսափելու 55 միլիոն 200 հազար դրամով և քննչական կոմիտին՝ 245 միլիոն դրամով բեռի կտրուկ ավելացումից:

Կառավարության հաշվարկով՝ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դատախազների քանակը կազմում է 30, որոնք դեռևս աշխատում են և հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կստանան 400.000 դրամ կենսաթոշակ:

ՀՀ դատախազության համակարգից կենսաթոշակի անցած դատախազների թիվը 378-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 150 միլիոն դրամ: 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 12 միլիոն դրամով և տարեկան կկազմի 144 միլիոն դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա մոտ 152 միլիոն դրամով: Նշված դատախազների փոխարեն ՀՀ դատախազությունը կընդունի նոր դատախազներ, որոնց յուրաքանչյուր ամիս ստիպված կվճարի 20 միլիոն դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 260 միլիոն 358 հազար դրամ:

«Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած դատախազների 460 միլիոն 600 հազար 716 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 144 միլիոն դրամ և կկազմի 604 միլիոն 600 հազար 716 դրամ»,-ներկայացրել է կառավարությունը և նշել, որ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած հատուկ քննչական ծառայության ծառայողների 22 միլիոն 720 հազար դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 40 միլիոն 320 հազար դրամ, իսկ քննչական կոմիտեում 47 միլիոն 715 հազար դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 240 միլիոն դրամ:

Լուսանկարը՝ genproc.am կայքից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ