HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Rat race, rat race, rat race!

Քսաներորդ դարի (ի դեպ դրանից առաջ առավել ևս բոլոր ժամանակաների) ցանկացած դիսկուրս ուղղված է եղել իր նմանակին: Վեպի հերոսի կյանքի մեջ է մտցնում ընթերցողին ստեղծագործողը: Մարդը կարդում, կլանվում է դեպքերով, ազդվում է, սկսում է ապրել ուրիշի հոգս ու ցավով: Նմանվում, սիրում ու սիրահարվում է գրքի հերոսների նման: Կենդանի արարածի ցանկացած հղում՝ երգ, բանաստեղծություն, նկար, հաղորդակցման, իր ապրումը նմանակին հաղորդելու խորհուրդն ունի: Եթե ավելի խորամուխ փորձենք հասկանալ հղման խնդիրը, ապա նպատակը կողմնորոշվելն ու հաղորդակցված ինչ որ կարևոր կենսական քայլ կատարելն է:

Տափաստանում գայլը գայլին, թռչունը թռչունին` անտառում` ոռնոցով ու ճռվողյունով վտանգի  կամ որսի մասին կարևոր, անհրաժեշտ ինֆորմացիա է հաղորդում: Համատեղ գործելու ինչ-որ ծրագիր են մշակում չորքոտանիներն ու թևավորներն այդ կերպ: Կարող ենք ենթադրել, որ այդպես պետք է լինի նաև մարդկանց մոտ, մեր՝ երկոտանիներիս մեջ: Ոչ մի կերպ ես չեմ ընկալում ու չեմ ընդունում մեր այս վերջին համապետական ընտրություններում կատարվածը: Բայց վստահ էլ չեմ, թե իմ հայրենակիցները անհաղորդակից կամ էլ միտք ու բնազդից զուրկ քայլ կատարեցին, նամանավանդ, որ բոլոր ընտրություններում իմ ընտրած ուժը միշտ պարտվել է առնվազն մեկը քսանի հարաբերությամբ:

Ընդսմին  ամենաանշնորհակալ գործն եմ համարել նաև կասկածել ժողովրդի իմաստնության վրա ու բողոքել նրանից այն պարզ պատճառով, որ միևնույնն է ապրելու եմ այն պայմաններում, որը որոշել է մեծամասնությունը: Թող մտածի նա, ով ապրում է քաղաքականությամբ, ավելի կոնկրետ նա, ով սնվում է այդ քաղաքականությունից: Թող մտածի չքավոր մեծամասնությունը հարստահարող իր ընտրյալների հետ միասին: Նրանց խղճին մնաց երկոտանիների մեր խմբի անվտանգության պատասխանատվությունը: Եթե կրկին անդրադառնամ ինձ որպես անհատի, ապա ես այս էթնոխմբի մեջ գոյատևել ու ապրել եմ վեջին վաթսուն ամյա բոլոր ֆորմացիաներում (սոցիալիզմ, նեպ, ֆեոդալիզմ ու նեոֆեոդալիզմ) ու բարեհաջող անցել նաև այս վերջին ընտրությունը: Եթե հաղթանակած ճնշող շատը  համարում է, որ ինքն օժտված է առնետային ամենահզոր իմունիտետով, ապա պետք է հիշի, որ ավելի ուժեղ գենի է տիրապետում ճնշված, հանրային կյանքից օտարված քիչը:

Ստեղծագործ մարդու անպարտելիության մանիֆեստն է հռչակել Բոբ Մառլին իր «Առնետավազք» երգում

Rat race!
I'm singin' that
When the cat's away,
The mice will play.
Political voilence fill ya city, ye-ah!
Don't involve Rasta in your say say;
Rasta don't work for no C.I.A.

Rat race, rat race, rat race! Rat race, I'm sayin':
………………………………….

Don't forget your history;
Know your destiny:

Ասելիքը երգում պարզ է ու հասկանալի, նույնիսկ թարգմանելու կարիք չկա: Առնետները թող մնան իրենց համար, մարդիկ՝ իրենց:

Այս ապրիլի երկուսին պարզվեց շատ կարևոր մի բան մեզ՝ բոլորիս համար: Անկաշառ քաղաքացին ազատվեց պատասխանատվությունից: Մեր հավաքական անվտանգության պատասխանատվությունը ձայնավաճառն ու ձայնագնորդը վերցրին իրենց վրա: Ըստ այդմ էլ անկաշառ քաղաքացին այլևս ոչ մի պարտավորություն չունի ոչ նախրի առաջ, ոչ էլ նախրապանի:

«Հայրենիքն էլ է ձերը, հողն էլ: Առեք ու տվեք, ինչպես կուզեք և ում հետ կուզեք», -  ասում է այսօր շարքային մարդը՝ կատարելով իր վերջնընտրանքը:

Այս օրվա, այս վտանգի, անկախության ու պետականության անխուսափելի կորստի մասին գրել եմ դեռևս մի քանի տարի առաջ: Զանգվածը զանգված է հենց նրանով, որ չունի ուղեղ: Լավ, էլիտան էլ անուղեղ է, չի հասկանում, որ ապրիլի երկուսի արարքով կորցրեց խուսանավելու հնարավորությունը: Համարյա հարյուր տոկոսանոց միաբան ժողովրդով ինչպես է խուսանավելու տարածքային վեճը հանգուցալուծող փաստաթղթերից: Զանգվածի խելքով, զանգվածի ձեռամբ Հայաստանում ձևավորվեց մի իշխանություն, որը ոչ պատերազմի կողմնակից է, ոչ էլ խաղաղության: Հենց այնպես չեմ շարքային մարդու ուսերից իջեցնում պատասխանատվության բեռը: Ահագնացող վտանգի առաջ, արտաքին էքսպանսիաների դեմ հանդիման ծախու զանգվածն առաքինի մարդուն կրկին անգամ թողեց մերկ ու խոցելի, մեղք վիճակում: Այնպես որ՝ ասպատակվելու ու ոտքի տակ ընկնելու, թող  պատրաստ լինի հենց ինքն իր ժառանգներով, այդ զանգվածը: Սա է ասածս, սա կարող եք համարել անկաշառ քաղաքացու նակազը, իր ծախու հայրենակցին: Մենք՝ չկաշառվող քաղաքացիներս ինչպես ապրել ենք, այնպես էլ այսուհետ ապրելու ենք, արդեն լրիվ անհաղորդակից ծախվածի հետ, մարդիկ իրենց համար, առնետներն՝ իրենց …

Rat race, rat race, rat race!

10 ապրիլի 2017 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter