HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռենտգեն ստուգման պատճառով երեխայի պրոթեզը չեն կարողանում փոխել

Դրսում գարուն էր, սակայն Գորիսում ձյուն էր տեղում: «Ձմեռը հետ եկավ, էս ինչ զուլում էր»,-քթի տակ շշնջալով ներս մտավ Գարուն Հովակիմյանը՝ 5-ամյա թոռնիկին՝ Հրաչյային գրկած: Տղան ամաչկոտ էր և, տատի պարանոցը պինդ գրկած, չէր նայում նույնիսկ շուրջը: Երբ մի պահ Հրաչյան կանգնեց հատակին և մի քանի քայլ արեց, զգացվեց, որ կայուն չեն նրա քայլերը. երերում է:

«Հաշմանդամություն ունի, մանկուց ոտքի մեկը թերաճ է, պրոթեզ է կրում»,-անմիջապես պարզաբանեց Գարուն Հովակիմյանը և պատմեց, որ Հրաչյային և նրա 6 ամյա քրոջը՝ Հեղինեին, ինքն է պահում: Երեխաների ծնողներն ամուսնալուծվել են, ինքն էլ իր խնամքին է վերցրել նրանց:

«Բայց մեր վիճակն էլ վիճակ չի, մի կերպ ենք ապրում»,-ասաց Գարուն Հովակիմյանը: Նա նեղսրտեց, որ Հրաչյայի պրոթեզը փոխելու ժամանակն է, սակայն ռենտգեն ախտորոշման և մյուս ստուգումների համար գումար չունեն, երեխան էլ նեղվում է:

Տատը պատմեց, որ երկու տարին մեկ փոխում են երեխայի պրոթեզը, քանի որ թերաճ ոտքը հասունանում է, չափերով փոխվում, ինչը նեղություն է տալիս Հրաչյային, և վերջինս չի կարողանում քայլել: Գարուն Հովակիմյանի ասելով՝ պրոթեզը անվճար են փոխում, սակայն բժշկական ստուգումների համար պետք է վճարել:

«Տարբեր հիվանդանոցներ ենք տանում, խնդիր է, էլի: Մի 10 օր տևում է: Պիտի վիրահատեն երեխուն, ավելորդ ոսկոր, միս կա, պրոթեզին խանգարում է, բայց չգիտեմ էլ դրա համար գումար կվերցնեն, թե ոչ: Շվարել մնացել եմ»,-ավելացրեց Գ. Հովակիմյանը:

Ամբողջ զրույցի ընթացքում Հրաչյան լուռ էր: Նա ընդհանրապես քիչ է խոսում և ավելի շատ «որսում» է զրուցակիցների խոսքը:

«Հրաչն ասում է, որ մեծանա նախագահ է դառնալու: Մենակ դա է ասում»,-ծանր լռությունն ընդհատեց Գարուն Հովակիմյանը: Տղայի քույրը նախադպրոցական տարիքի է, նախակրթարան է հաճախում:

Գարուն Հովակիմյանը պատմեց, որ իրենց միակ եկամուտը երեխայի, ամուսնու հաշմանդամության թոշակն է և նպաստը, որը միասին կազմում է 70,000 դրամ:

«Չգիտեմ, երեխու պրոթեզը փոխեմ, իրենց պահեմ, թե տան կրիշը փոխեմ, ջուրը կաթում է երեխեքի վրա: Մի ձևի հարմարացնում եմ, քնում են»,-հավելեց տատը:

Գորիս բազմաբնակավայր համայնքի Հարթաշեն բնակավայրում է գտնվում նրանց տունը, որտեղ ապրում են: Նախկինում այն եղել է կաթի մթերման կետ: Սեփականաշնորհման ժամանակ վերցրել են և հարմարեցրել բնակության համար: Սակայն, տանիքն ամբողջությամբ քայքայվել է, ջրերը հոսում են ներս: Խոնավությունն այնքան շատ է, որ պատերի ծեփն է սկսել թափվել, իսկ փայտե հատակը, որ տարիներ առաջ էին վերանորոգել, սկսել է փտել: Այս օրերին, երբ տեղումներ են գալիս,  հատակին տարաներ են շարում, որպեսզի անձրևաջրերը տնով մեկ չլցվեն:

Զախարյանների ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Գարուն Հովակիմյանը նշեց, որ ամուսինը ևս վատառողջ է՝ տուբերկուլյոզով հիվանդ է և չի կարողանում ծանր աշխատանք կատարել: Սեզոնին հողամաս են մշակում: Տղաներից մեկը ընտանիքով տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ, աշխատանք գտել: Եթե նրա գործերը լավ լինեն, գուցե իրենք էլ տեղափոխվեն այնտեղ: Իսկ մյուս երկու տղաները չեն աշխատում. աշխատանք չեն գտնում: Թեև, մոր ասելով, պատրաստ են ցանկացած գործ անել:

Տունն ունի երկու փոքր սենյակ: Մի սենյակում տեղավորվել են տղան ու հարսը, մյուսում՝ Գարունն ու իր ամուսինը, որդին և երկու թոռները: Մի քանիսը ստիպված հատակին է քնում, քանի որ հարմարություն չունեն: Վիճակն ավելի վատ էր, երբ մյուս որդին դեռ իրենց տանն էր ապրում:

«Երեխաների հագուստի հարցում, ոչինչ, բարեկամներս էլ են օգնում, բայց դե անապահով ենք, էլի: 70.000 դրամով երեխեքի ուտելիքը, սնունդը հազիվ ենք առնում: Խանութից պարտքով վերցնում ենք, մեկ էլ պարտքը փակում, նորից վերցնում, ոչ մի բան էլ չենք հասցնում»,-ավելացրեց Գարուն Հովակիմյանը՝ նշելով, որ այս վիճակից դուրս գալու միակ ելքը կայուն աշխատանք ունենալն է, սակայն այսօր դժվար է գտնել այն:

Լուսանկարները և տեսանյութը՝  Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter