HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Տարոն-ավիա»-ն խոստանում է նվաճել Գյումրու օդային ուղիները

2017 թվականի ապրիլի 25-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից շաբաթական երկու անգամ Կրասնոդար, մեկական անգամ էլ Սամարա եւ Ռոստով ուղղություններով կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է իրականացնելու հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-ավիա»-ն:

«Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերագործարկման ծրագրի մեր կողմից այդքան սպասված ամենակարեւոր քայլերից մեկն է սա,-նշեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը,-այսօրվա լիբերալ ազատականացված շուկայի պարագայում մենք,  ըստ էության, ունենում ենք երկրորդ հայկական ավիաընկերությունը:  Մեր քննադատներն ասում էին որ եթե մենք ունենք բաց երկինք, ապա չենք ունենա հայկական ավիափոխադրող, եւ շատ դեպքերում ասում էին, որ մեկը մյուսին հակասում է: Հիմա մենք հակառակն ենք ապացուցում»:

Սերգեյ Ավետիսյան

Սերգեյ Ավետիսյանը հիշեցրեց, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես` 2014թ. դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ 2017թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով: Բացի այդ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն խոստացել է արդիականացնել «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմաններն ու զարգացնել ենթակառուցվածքները:

Ապրիլի 10-ին «Տարոն-Ավիա»-ին պատկանող առաջին ինքնաթիռը, որ կրում է հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի անունը, բազավորվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանի փոխանցմամբ, Մհեր Մկրտչյանի նկատմամբ ունեցած իր մեծ սերն է դեր խաղացել անվան ընտրության հարցում: Թռիչքների ուղղություններն եւս պատահական չեն ընտրվել: «Հաշվի ենք առել էդ քաղաքներում հայկական մեծ համայնքների առկայությունը,-նշեց Գառնիկ Պապիկյանը,-հետո` արդեն մտադրություն ունենք ուղղություներ բացել Մոսկվա, Սոչի, ինչու չէ նաեւ արտասահմանյան երկրներ»:

Գառնիկ Պապիկյան

«Տարոն-ավիա»-ն էժան գնով տոմսերի խիստ սահմանափակ քանակ է նախատեսել՝ 132 տեղանոց ինքնաթիռի միայն 5 կամ 10 տեղերը կարժենան 10 հազար դրամ: Մեկ ուղղությամբ տոմսի առավելագույն արժեքը կլինի 75 եվրոյին համարժեք դրամ, Կրասնոդար-Գյումրի մեկ ուղղությամբ տոմսը կարժենա 65 եվրո: «Ամեն դեպքում, ավելի էժան կլինի, քան «Զվարթնոց»-ի նույն ուղղությամբ թռիչքները»,-նկատեց ավիաընկերության սեփականատերը:

Ինչո՞վ էր պայմանավորված երկար տարիներ Արաբական Էմիրություններում ավիափոխադրումներով զբաղված ընկերության վերադարձը Հայաստան: Լրագրողի հարցին ի պատասխան՝ սեփականատերն անկեղծացավ. «Որոշումս կայացրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո»: Գառնիկ Պապիկյանը նշեց, որ նման որոշման հիմքում ընկած է նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ սեփական հողի վրա բիզնես անելու ցանկությունը:

Գառնիկ Պապիկյանը ծնունդով Աշոցքի Կրասար գյուղից է: Մասնագիտությամբ օդաչու է՝ քաղաքացիական ավիացիայում է 1978թ-ից, 10 հազար ժամ եւ ավելի թռիչք է իրականացրել, եղել է ՏՈՒ-134-ի հրամանատար, կռվել Աֆղանստանում: Նրա ղեկավարած ավիաընկերության անունը կապվում է 2015թ. նոյեմբերին Հարավային Սուդանում, Ջուբայի օդանավակայանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի կործանման հետ: Ավիավթարի հետեւանքով զոհված անձնակազմի անդամների մեջ կային ՀՀ քաղաքացիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter