HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալին այս անգամ դատարան էին բերել սայլակով, ոչ թե աթոռին նստած (Տեսանյութ)

24 տարի բանտում գտնվող դատապարտյալը պայմանական չի ազատվի

24 տարի առաջ ազատազրկված նախկին զինծառայող, ցմահ 2-րդ կարգի հաշմանդամ, ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը չի ներկայացվի պայմանական ազատման: Նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքն այսօր մերժեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:

Վահագն Մարուքյանին դատարան բերեցին նշանակված ժամից 35 րոպե ուշացումով: Դատավորի հարցին պատասխանեելով՝ ուղեկցողը նշեց, որ դատապարտյալին դժվարությամբ են տեղափոխել: Վահագն Մարուքյանին այս անգամ դատարան էին բերել ոչ թե աթոռին նստած (ինչպես «Արթիկ» ՔԿՀ-ում), այլ՝ սայլակով: Հարցրեցի՝ ով է տրամադրել սայլակը, ասաց՝ «Դատապարտյալների հիվանդանոցից» են ուղարկել:


Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց բողոքը՝ հիմնավորեց, թե ինչու պետք է բեկանվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշումը՝ Վահագն Մարուքյանին պայմանական ազատման չներկայացնելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի, այդ որոշումը պատճառաբանված չէ, նշված չէ, թե կոնկրետ ինչում է թերացել դատապարտյալը, ինչ միջոցառումներ են կազմակերպվել, օրինակ, հիվանդանոցում, կամ «Նուբարաշեն», «Արթիկ» ՔԿՀ-ներում, որ Մարուքյանը չի մասնակցել: Եվ վերջապես՝ ինչ անհատական ուղղման ծրագրի մասին է խոսքը. «Անընդհատ պայմանական ազատման գործերով ՔԿՀ ներկայացուցիչները խոսում են ինչ-որ ուղղման ծրագրերից, բայց մի անգամ դատարանում չտեսանք դրանք»,-ասաց փաստաբանը:

Վահագն Մարուքյան. «Փաստորեն ինձ պատժում են չեղած բանը չանելու համար»  

Դատապարտյալի համար հասկանալի չէ, թե ինչ ծրագրի և ինչպիսի կետեր պիտի կատարեր 24 տարիների ընթացքում, որ չի կատարել. «Ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել՝ գաջ քաշեի՞, սվաղ անեի՞ խցում փակված: Փաստորեն, ինձ պատժում են չեղած բանը չանելու համար... ոչ էլ հաշվի են առել, որ 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ եմ»,-ասաց Վահագն Մարուքյանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ներկայացուցիչ Կարեն Հունանյանը նշեց, որ ցմահ դատապարտյալը 2 տույժ ունի, չի հատուցել տուժողներին պատճառված վնասը՝ ունի քաղաքացիական հայց՝ 500.000 դրամի չափով:

«Այն, որ անձը 24 տարվա մեջ 2 տույժ է ունեցել ընդամենը, դա վկայում է նրա մասին որ նա չարամիտ խախտող չէ, նույն բնութագրում նշված է, որ նա կոնֆլիկտային չէ, հաղորդակցվող է: Իսկ քաղաքացիական հայցը վճարելու համար դատապարտյալն անգամ առաջարկել է վճարել իր թոշակից ամեն ամիս»,-պարզաբանեց Ռոբերտ Ռևազյանը՝ դատարանի ուշադրությունը բևեռելով այն խնդրին, որ պայմանական ազատման հարցը համակարգային է:

Ռոբերտ Ռևազյանը զբաղվելու է նաև Վահագն Մարուքյանի առողջական հարցերով, քանի որ նա ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն՝ ռևմատոիդ արթրիդ: Մարուքյանը բանտում էլ դարձել է հաշմանդամ: 24 տարի գտնվում է խցային պայմաններում: Արդեն մի քանի տարի է` նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:  

Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter