HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Զարմանալի էկոտուրիզմ․ Գոշ լիճը փորում են

«Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցնում ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։

Գոշեցիների շրջանում խոսակցություն է տարածվել, թե Գոշ լիճը «գնել է» Սերժ Սարգսյանի փեսաներից մեկի ընկերը եւ հյուրանոց է կառուցում հարեւանությամբ։

«Վենդոռ» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Հիմնադիրը Երեւանի Քեռու փողոցի բնակիչ Աշոտ Հայթյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 5000 դրամ է, բաժնետոմսերի ողջ փաթեթեը պատկանում է հենց Հայթյանին։
2015 թվականի հուլիսի 3-ին «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով «Վենդոռ»-ին է տրամադրվել հողամաս ազգային պարկի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 19 քառակուսու 13 անտառամասում։ Խոսքը հենց լուսանկարներում պատկերված տարածքի մասին է։

Ընկերությանը վարձակալությամբ տրամադրվել է 3,18 հեկտար տարածք, որից 1,4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է։ Կառուցապատման իրավունքի ժամկետ է սահմանվել մինչեւ 2075 թվականի հուլիսի 3-ը։

Պայմանագրի 2․3 կետով սահմանված է, որ շինարարական աշխատանքները կատարվում են համաձայն կառուցապատման իրավունք ունեցող «Վենդոռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բիզնես ծրագրի։ Ըստ երկկողմ պայմանավորվածության, հողամասն օգտագործվելու է բացառապես կառուցապատման եղանակով, պարկի տարածագործառնական գոտու սահմանված ռեժիմին համապատասխան։

Կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանված է 1 միլիոն 330 հազար դրամ։ Որպես վարձակալության նպատակ նշված է հանգստյան գոտու կազմակերպումը եւ սպասարկման ծառայությունների մատուցումը։

Ընկերությունը պարտավորվել է չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը, լճում չօգտագործել մոտորանավակներ, չկատարել ջրօգտագործում առանց Բնապահպանության  նախաարության հատուկ թույլտվության, վերականգնել եւ ձեւավորել լճի առափնյա տարածքով անցնող՝ հետիոտնի համար նախատեսված ճանապարհը։ Պայմանագրով արգելված է հողամասի այնպիսի փոփոխությունը, որը կհանգեցնի հողի որակական հատկանիշների վատթարացմանը։

«Վենդոռ» ընկերությունը էքսկավատորը Գոշ լճի տարածք է տեղափոխել առանց «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությանը տեղյակ պահելու։ Ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ավելի քան մեկ ամիս արձակուրդի մեջ է, եւ որ անձնական խնդիրների պատճառով դեռեւս մի քանի օր արձակուրդում կլինի։

Ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանը ասաց հետեւյալը․ «Փաստացի մեզ չեն զգուշացրել։ Հիմա աշխատանքները կանգնեցված են։ Իրենք մեզ հայտնեցին, որ դա օրինական աշխատանք է, բայց մենք խնդրեցինք առայժմ կասեցնել, մինչեւ հասկանանք, թե ինչ է կատարվում»։

«Վենդոռ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Մելքոնյանը, ով «Հետք»-ի հետ զրույցում ներկայացավ որպես Աշոտ Հայթյանի եղբայրը, աշխատանքներն այսպես ձեւակերպեց՝ «լիճը սելավաջրերից մաքրում ենք»։

«Լճում հողի շերտի մակարդակը բարձրացել է։ Տեղ կա՝ ջուրը 20-25 սանտիմետր է մնացել, ու արդեն բուսականություն է աճում։ Ճահճացման պրոցես է սկսել։ Հիմա էքսկավատորով լճի հատակը խորացնում ենք, որպեսզի ջուրը չհասցնի տաքանալ, էդ պրոցեսը կանգնի»,-ասաց Գոշ լիճը 60 տարով վարձակալած ընկերության ներկայացուցիչը։

Նա պատմեց, որ «Վենդոռը» հաղթել է Բնապահպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթում։ Սակայն այս պահին ներդրումներ կատարելու ֆինանսական միջոցներ չունեն։ Հարցին, թե ի՞նչ նպատակներ ունեն ազգային պարկի հետ կապված, Էդուարդ Մելքոնյանը պատասխանեց․«Էս պահին ոչինչ չկա։ Կոնկրետ ոչ մի կառուցապատում դեռ չենք անում։ Ուղղակի որ լճում էդ պրոցեսը սկսվել է, որոշեցինք անհապաղ իրականացնել մաքրման աշխատանքներ։ Առայժմ ֆինանսավորում չունենք։ Բայց ծրագրել ենք լճի հարեւանությամբ փայտից քոթեջներ կառուցել էկոտուրիզմ զարգացնելու նպատակով համար»։

Բիզնես ծրագրով, որը բխում էր մրցույթի պայմաններից, սահմանված է 5 տարվա ընթացքում իրականացնել 300 միլիոն դրամի ներդրումներ, այդ թվում՝ լճի մաքրում, ճանապարհաշինություն եւ փայտե քոթեջների կառուցում։

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանի կարծիքով՝ այս աշխատանքները բնությանը չեն վնասել։ «Իրենք անտառին վնաս չեն պատճառել։ Ընդամենը ճանապարհն են բարելավել դեպի Գոշի լիճ։ Աշխատանքների մեծ մասն իրականացվել է համայնքի տարածքում»,-ասաց Վասիլյանը։

Տիղմը հանելու վերաբերյալ՝ Վասիլյանի եւ Մելքոնյանի պնդումները տարբերվում են։ Պաշտոնյան ասում է, որ շինարարները լճից տիղմ չեն հանել, քանի որ դրա իրավունքը չունեն էլ, իսկ Մելքոնյանը հակառակն է ասում։

Հարցին՝ ընկերությունն իրավունք ունե՞ր տիղմ հանել լճից, Վասիլյանը պատասխանեց․ «Ես գիտեմ, որ չպետք է հանվեր։ Բայց ճշտել եմ, փաստացի ոչ թե տիղմն են հանել, այլ՝ չորացած ծառերը, որ ընկած են եղել լճի ճահճակալված ափերի մեջ»։ Դատելով պաշտոնյայի պատասխանից, նա վերջին օրերին Գոշ լճի տարածք չի այցելել, իր աչքով չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ, այդ մասին տեղեկանում է այլոց պատմածներով։

Մեր դիտարկմանը, որ լայնացրած ճանապարհը անտառահատումների վտանգն էլ ավելի է մեծացնում՝ մատչելի դարձնելով բեռնատարներով անտառից փայտի դուրսբերումը, Վասիլյանը պատասխանեց․ «Մյուս կողմից, Պարզ լճի ճանսպարհն էլ է լավը։ Հո չենք կարող ճանապարհը փակել, ասենք՝ անտառահատումներին նպաստում է»։

Ի՞նչ է սպասվում Գոշ լճին։ Արդյո՞ք այն, ինչ տեղի է ունենում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, կարելի է էկոտուրիզմի զարգացման նախադրյալ անվանել։ Բնապահպանության նախարարությունը լիազորություններ է տրամադրել մի ընկերության, որը, ինչպես խոստովանեց Էդուարդ Մելքոնյանը, էկոտուրիզմ կազմակերպելու փորձ չունի։

Գոշ լճի ապագան կախված է ոչ պրոֆեսիոնալների ճաշակից ու պատկերացումներից։ Ընկերությունն անփորձ է, իսկ ազգային պարկի ղեկավարությունը՝ իրավիճակին անհաղորդ։

Գոշ լիճն այսօրվա դրությամբ մեծ ցեխավազան է հիշեցնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter