HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տրանսֆերտների տեմպը «կոտրվեց». ԿԲ-ն չի հայտնում երկու ամսվա կտրուկ աճի աղբյուրները

Նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկած գումարների (տրանսֆերտների) զգալի աճ գրանցվեց։ Դեկտեմբերին գրանցված ցուցանիշն ամենաբարձրն էր 2014 թվականի օգոստոսից ի վեր։ Փետրվարին, սակայն, այս տեմպը չի պահպանվել. անկում է գրանցվել։ Իսկ դեկտեմբերի և հունվարի աճի աղբյուրները ՀՀ կենտրոնական բանկը չի ցանկանում  հայտնել։

Այս տարվա փետրվարին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները, որոնք կատարվում են բանկային համակարգի միջոցով, կազմել են 101.1 մլն դոլար։ Իսկ Հայաստանից նույն ընթացքում դեպի արտերկիր փոխանցվել է 66.3 մլն դոլարի։ Արդյունքում զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, կազմել մոտ 35 մլն դոլար։

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` փողի ներհոսքը նվազել է 1.6 մլն դոլարով կամ շուրջ 1.6%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ Իսկ արտահոսքը նվազել է 1.9 մլն դոլարով (2.7%-ով)։ Զուտ ներհոսքն էլ գրեթե նույնն է մնացել։

Այսպիսով, Հայաստան եկող տրանսֆերտների տեմպը «կոտրվել» է։ Նախորդող երկու ամսիներին՝ դեկտեմբերին ու հունվարին, տրանսֆերտների կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես, դեկտեմբերին դրամական փոխանցումներն աճել են 44 մլն դոլարով կամ 26%-ով, իսկ  հունվարին ՝ 21.8 մլն դոլար (35%-ով)։  

Տրանսֆերտների հոսքն ունի, այսպես կոչված, սեզոնայնություն։ Տարվա առաջին եռամսյակում դրանք անկում են ապրում, որից հետո աստիճանաբար աճ է գրանվում։ Տարեվերջում ևս, երբեմն, անկումներ են լինում։ Գլխավոր պատճառն այն  է, որ դրանց մեծ մասը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած գումարներն են։ Իսկ մեր հայրենակիցների զգալի մասը, սովորաբար, արտերկիր աշխատանքի է մենկնում տարվա առաջին եռամսյակի վերջում և Ամանորին ընդառաջ վերադառնում։ Դա է պատճառը, որ տարվա սկզբում և երբեմն էլ՝ վերջում, դրամական փոխանցումները կրճատվում են։ Սկսած 2014 թվականից` պայմանավորված Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացմամբ ու ռուբլու արժեզրկմամբ, դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտների էական անկումներ գրանցվեցին։

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում մեկտեղել են վերջին հինգ տարիների ցուցանիշները, որոնք տրամադրում է ՀՀ կենտրոնական բանկը։ Այստեղ ավելի պարզ է երևում նախորդ տավա դեկտեմբերի կտրուկ աճը։

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների

Ինչպես նշեցինք, Հայաստան եկող տրանսֆերտների մեծ մասը (սովորաբար՝ կեսից ավելին) Ռուսաստանից են։ Դեկտեմբերին և հունվարին գրանցված աճի աղբյուրը, սակայն, միայն Ռուսաստանը չէ։ Ըստ ՀՀ ԿԲ հունվար ասմվա տեղեկագրի` դեկտեմբերին  աճը կազմել է 43.6 մլն դոլար։ Այդ ամիս միայն ՌԴ-ից փոխանցվող գումարները, 2015 թվականի նույն ամսվա համեմատ, աճել են 5.8 մլն դոլարով, իսկ «այլ երկրներ» տողով ներկայացված երկրներից՝ 35.3 մլն դոլարով։ Հունվարին ունեցել ենք հետևյալ պատկերը՝ ներհոսքը, 2016-ի նույն ամսվա համեմատ, ընդհանուր ավելացել է 21.8 մլն դոլարով, որից 11.2 մլն դոլարը Ռուսաստանի մասով, իսկ «այլ երկրներից»՝ մոտ 9 մլն դոլարով։

Երկու դեպքում էլ աճը տարօրինակ է թվում։ Բանն այն է, որ Ռուսաստանի ներկա տնտեսական վիճակն ու ռուբլու կարգավիճակը նման զգալի փոփոխությունների չեն ենթարկվել, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած գումարներն այդչափ աճեին, իսկ Ռուսաստանի դեպքում հիմնականում նկատի է առնվում հենց նրանց ուղարկած գումարները։ Իսկ ավելի հետաքրքիր է «այլ երկրներ» տողով գրանցված ցուցանիշը։ Թե կոնկրոտ որ երկրներից է ավելացել փոխանցվող գումարների ծավալը, հայտնի չէ, քանի որ ԿԲ-ի տվյալներում դրանք ներկայացված չեն։ Ավելացված գումարների աճի աղբյուրները երկու ամսում «այլ երկրներ» տողով կազմել են 44 մլն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկին ուղարկած հարցմամբ` դեռևս երեք շաբաթ առաջ խնդրեցինք տրամադրել տեղեկությունները, թե որ երկրներն են ներառված «այլ երկրների» մեջ կոնկրետ հունվարի վիճակագրությամբ։ Սակայն կառույցից մեզ կրկին տվյալները տրամադրեցին խոշորացված խմբերով։ Իսկ ավելի մանրամասն չտրամադրվեցին՝ նշելով, որ ծավալները նշանակալի չեն` ըստ այդ երկրների։ Ու դրա հետ մեկտեղ տվյալներում տեսնում ենք, որ «այլ երկրներից» կոնկրետ հունվարին փոխանցվել է 17 մլն դոլար՝ 7.2 մլն դոլարով ավելին, քան 2016-ի նույն ամսում։ Եթե հավատանք ԿԲ-ի պատճառաբանությանը, թե «այլ երկրներ»-ում ներառված երկրների ծավալները էական չեն, ապա կտրուկ մեծացել է երկրների ցանկը, որտեղից գումարներ են փոխանցվում Հայաստան։ Սակայն ավելի տրամաբանական է, որ մեկ կամ մի քանի երկրներից է միայն աճը գրանցվել, ԿԲ-ն, սակայն, աղբյուրները չի բացահայտում։ Իսկ եթե նման ոչ փոքր ծավալների մասին  է խոսքը, պարզ է, որ ԿԲ-ն տիրապետում է այդ տվյալներին։

Կառույցի տրամադրած ցուցանիշները միայն որոշակի համեմատությունների հնարավորություն են տալիս փետրվարին գրանցված ներհոսքի վերաբերյալ։ Այսպես, չնայած ընդհանուր ներհոսքը նվազել է, սակայն երկու ուղղություններով նկատելի աճ կա։ Մասնավորապես, Շվեյցարիայի և Ռուսաստանի։ Շվեյցարիայից աճը կազմել է 9.7 մլն դոլար, Ռուսաստանից՝ մոտ 12 մլն դոլար։ Փոխարենը զգալի անկում է գրանցվել Եվրագոտուց կատարվող փոխանցումների մասով՝ 20.1 մլն դոլարով։ Հատկապես ուշագրավ է Շվեյցարիայի ցուցանիշը։ Թեև այս երկրից Հայաստան միշտ էլ դրամական փոխանցումներ են կատարվում, սակայն փետրվար ամսվա ցուցանիշը զգալի բարձր է։

Կենտրոնական բանկի հրապարակման մեջ նշվում է, որ դրամական փոխանցումների ցուցանիշը ներառում է արտասահմանից ստացված բոլոր փոխանցումները՝ անկախ դրանց բնույթից, որոնց իրականացվել են ֆիզիկական անձանց կողմից։ Նշված ֆիզիկական անձանց թվում են նաև անհատ ձեռնարկատերերը։ Իսկ թե ինչ նպատակով և ում կողմից են կատարվում փոխանցումները, բնականաբար, չի հրապարակվում։

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին  դեպի ՀՀ  կատարված դրամական փոխանցումների անկում է գրանցվել, քանի որ, բացառությամբ դեկտեմբերի, մնացած ամիսներին կրճատվել են փոխանցումները 2015-ի նույն ամիսների համեմատ։

Դեկտեմբերին և հունվարին գրանցված աճը տպավորություն էր ստեղծել, թե տրանսֆերտների ծավալները վերականգնվում են։ Սակայն, ինչպես երևում է, դա կարճաժամկետ բնույթ կրեց։ Այնուամենայնիվ, դրական միտում կա Ռուսաստանի մասով։ Ինչպես նշեցինք վերևում, այս երկրից դրամական փոխանցումների աճը շարունակվել է նաև փետրվարին։

Հայաստանի տնտեսության համար տրանսֆերտները շարունակում են կարևոր նշանակություն ունենալ. մի շարք ընտրանքիներ ապրում են «դրսից ուղարկած» փողերի հույսին։ Եվ, միևնույն ժամանակ, տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից չի թուլանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter