HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մեռնելու անհարմարության մասին

Նամակ ընկերոջս, ով գրել էր իր չմեռնելու մասին

Երեկ ընկերներիցս մեկը, ով Հայաստանում չի ապրում, ընդարձակ նամակ էր ուղարկել․ իր հետ տեղի ունեցածի մասին էր գրել, ու խնդրել, որ պահպանեմ էդ պատմությունն էնքան, մինչեւ ինքն էլ չի լինի, էն ժամանակ էլ հրապարակեմ։ Մինչեւ կարդալս նախ մի քանի րոպե պետք եղավ, որ իր չլինելու պահը պատկերացնեմ․ ու, որքան էլ հեռու է թվում, ստացվեց։

Ու էդ պահին մտածեցի, թե ոնց է լինում, որ մեզնից հետո մեր հետ տեղի ունեցածը վստահում ենք մեկին․ էս դեպքում դե արդեն որոշված, բայց շատ այլ դեպքերում արագ, հանկարծ պատահածից քեզնից մնում են գրքերդ, շորերդ, գործողություններդ, որոնք արտահայտվել են ժամանակին, չթափած մոխարամանդ, տաբատներդ ու չարդուկած վարտիքներդ, ապուրը, որ առավոտյան ես եփել ու էլ ուտելու պիտանի չի լինի նույն էն ժամանակ, երբ քեզ թաղելուց կլինեն։

Կարճ ասած՝ քեզնից կիսատ մնացածը, երբ դու արդեն վերջացել ես։

Հետո մտածեցի մեզ հեռացնող պատճառների մասին, որոնք քաղաքական են, ու կապող պատճառներն էլ, որ ծանոթության նախաշեմին նույն քաղաքականն էին։ Ուրախացա, որ հիմա դրանից դուրս է էդ շփումը, ու ինքը գրում է մի բան, որ ես պետք է իր չլինելու առիթով հրապարակեմ։

Մտածեցի նաեւ, որ հնարավորություններ կան, որոնք միշտ դուրս են մնում մեր ուշադրությունից՝ նախեւառաջ էն պատճառով, որ էդ ուշադրությունը մեզնից «գողացել» են պիտակավորված կապիտալիզմի հաշվին։

Ախր հիմա ինքը էնքան կարեւոր բանի մասին է գրել, իսկ ես մտածում եմ, թե ինչ պետք է էսօր առնեմ, որ սոված չմնամ։ Ու որոշեցի, որ հենց հիմա պետք է իրեն մի նամակ էլ ես գրեմ, որով ինչ-որ կերպ պետք է արտահայտեմ կենդանությունս ու նաեւ էդ կերպ իրեն հետ բերեմ պատմությունից, որը մահվան կարող էր տանել։

Մի խոսքով՝ ինքն էլ, ես էլ դեռ կենդանության մեջ, ինքը գրել էր մեռնողի (բայց արի ու տես չմեռածի), ես էլ իբր ապրողի դիրքերից։ Ու գրեցի՝ կցելով նաեւ էն փոքրիկ ճամպրուկի լուսանկարը, որով վերջին շրջանում տնից դուրս եմ եկել ու դեռ չեմ վերադարձել։

***

«Մանկության մի երեւակայան ընկեր ունեինք ես ու քույրս։ Անունը Կալո էինք դրել։ Չգիտեմ՝ անվան հետ կապված ոնց էինք որոշում կայացրել, բայց էդ մեր երեւակայական ընկերը՝ Կալոն, որ տղա էր, մեզ հետ պետք է հաց ուտեր, մեզ հետ բռնոցի ու պահմտոցի խաղար, պտտվեր, ինչքան մենք կպտտվեինք, հավաքեր տները, եթե էդպիսի նախաձեռնություն կար ու վերջում էլ անպայման մեզ հետ մանդարին ուտեր՝ վերմակի տակ։ Էդպես հաշտ ու համերաշխ ապրում էինք Կալոյի հետ։

Ու հիմա, երբ գրեցիր քեզ հետ եղածի մասին, հանկարծ մտքովս անցավ Կալոն, ու նեղվեցի, թե ոնց ու ինչի հետեւանքով եղավ, որ իրեն կորցրեցինք՝ բառիս բուն իմաստով վերջնականապես։ Ի՞նքը մի օր վեր կացավ գնաց՝ առանց ասելու, թե՞ մենք չնկատեցինք, որ էլ  ինքը չկա, չեմ հիշում։ Էդ չհիշելու համար հիմա խոր ցավ եմ զգում, էնքան, ոնց որ իր ինձ էլ, իր հետ տարել է, որովհետեւ, եթե իր անհետանալու ու խզումի պահը չեմ հիշում, ուրեմն էն գործողությունները, որոնք եղել են, էլ չկան ոչ մի շերտում։

Հետո մտածեցի, որ էդ եղածի հանկարծ չլինելու պատճառներն ավելի խորն են, քան մենք կարող ենք եզրակացնել։ Դրա շուրջ մտածելու ժամանակ էլ, սիրտս էնքան արագ է խփում, որ վախենում եմ։

Ասում եմ՝ լավ, եղել, եղել է, էլ չկա, ոնց որ շատերն ու շատ բան։ Արա՛, բայց ոնց․․․ Հիմա նստած եմ ինձ համար հանգիստ ու ասում եմ ինձուինձ՝ մի հատ հիշի՝ էլ ինչ կար, որ հիմա չկա։ Ու սիրտս մղկտում է։ Գիտե՞ս՝ առաջին հերթին ինչի համար, որ մենք ամեն օր ապրում ենք վայրկյան առաջ եղածը, ու հետո, քանի որ դա մեր կենսատարածքում չի եղել ու շատ ուղիղ ձեւով կապ չունի մեզ հետ, մի երկու սմայլիկի ենք արժանացնում, մի հատ էլ մեծ 
«լայքի» ու յալա, հերիք եղավ, հիմա ուրիշ բանի ժամանակն է։

Բայց էդ «ուրիշ բանն» էլ ընենց չի, որ մենք ենք էլի ընտրում։ Ճիշտ են խաբեության պես, որ ասում ենք որոնողական համակարգից գտել եմ․․․ Ախր, որ մեկը որոշված դա չտեղադրեր, դու հո չէիր գտնելու։ Ստացվում է մեր ժամանակում գտնելու բան հիմնականում չի մնացել։ Ով, ինչ գտել է, արդեն մի տեղ տեղադրել, հավերժացրել է, ով էլ չէ, նրա փոխարեն մի կառույց, մի հիմնադրամ, մի թերթ տվել է էդ ժամանակի համար նորություն, հիմա «գտնված» բանը։

Էս ամեն ինչի ֆոնին մտածեցի՝ բա որ դու գրած չլինեիր էս քո հետ տեղի ունեցածի մասին, ես որտեղի՞ց էի գտնելու քո էդ նամակը։ Ու էլ ավելի սիրտս նեղվեց։ Մտածեցի՝ հանկարծ մեկի ֆեյսբուքի պատին տեսնում եմ նկարդ, որ գրել է «R.I.P.» ու տակն էլ քեզ ճանաչող-չճանաչողները գրում են ու գրում, թե վա՜յ ոնց եղավ մեռավ, թե էս հաստատ նորություն ա՞, օն-լայններից մեկն էլ արդեն մահախոսականիդ վերնագրով մի նյութ է տարածում՝ հիմնականում փաստացի սխալներով, ու մի քանիսը էդ հրապարակումն աջ ու ձախ արտատպում են։ Ու մտածեցի, որ քո «փառահեղ» մահվան լուրը լավագույն դեպքում էս կարգի տարածքներում մի քանի ժամվա կյանք կունենա։ Ու ասեցի՝ լավ է, բա՜ ինքը էսքանին էր արժանի։ Ես էլ ինչ կար-չկար քո մասին ասելու մի տասը նախադասությամբ ամփոփեցի ու «enter» սեղմեցի։

Հիմա, երբ գրել ես էս պատմությունդ, թե ոնց պետք է մեռնեիր ու չմեռար, էս բոլոր տեսակի ֆարսերի մասին մտածելու տեղիք է տալիս։ Ու նախեւառաջ նրա, թե ոնց կորցրեցի Կալոյին, հարաբերությունը, ոնց ինքն ինձ մոռացավ էդքան հանգիստ, ու ոնց ես թողեցի, որ առանց զգուշացնելու խելքին ուր փչի, գնա։

Հիմա համ իմ, համ քո մի վայրկյանանոց կենդանության համար բան եմ գրել, չծիծաղես, էսպես ստացվեց, կարդա ու գնա, ես էլ դուրս գամ մի բան առնեմ ուտելու․

***

Մի առավոտ ես, դու, Նինան ծխում էինք

Ես, դու ու Նինա Սիմոնան ծխում ենք՝

իբր ընենց լավ-լավ ենք։

Նինան ըտենց էլ ասում ա,

ես, դու շարժում ենք գլուխներս,

ոնց որ՝ հա՛, Նինա, ձենդ գլուխդ գցի,

որ չլսենք ոնց են մեզ մոռանում։

Լույսը կա, օդը դեռ հերիքում ա,

կինոն նոր-նոր ա սկսվել։

Ու Նինան թափ ա հավաքում,

մեր ծակ գլուխները լցնում ա քամիներով,

որ ուզածի պես  ներս գնա

մեռնելու հնարավորությունը

ու նստի թագավորական իր սենյակի սկվազնյակի մեջ

ու մրսի,

քանի ես, դու, Նինան

ծխում ենք։

***

Էսքանը, գնացի, դու էլ գնա, արդեն գրածդ պահել եմ, ուշ է, եթե փոշմանել ես»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter