HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Հետք»-ի հրապարակման հիման վրա

Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ ապրիլի 9-ին արշավականների մի խումբ Իջևանի ու Հովք գյուղերի մոտակայքում՝ Աշոտ Երկաթի բերդ բարձրանալու ճանապարհի երկայնքով հատված առողջ ծառեր էին տեսել և լուսանկարահանել։

Այսօր Տավուշի մարզային վարչության Իջևանի ոստիկանական բաժանմունքից հաղորդագրություն էին ուղարկել՝ նշելով, որ նյութեր են նախապատրաստվում ՝ «Հատված ծառեր՝ Աշոտ Երկաթի բերդ տանող ճանապարհին» հրապարակման վերաբերյալ։ 

Ինչպես մեզ հայտնեց  բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը՝ բնապահպանական պետական տեսչությունը հաշվարկել է ապօրինի ծառահատման վնասը և պարզել, որ այդ ծառահատման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 930 հազար դրամի վնաս։ Նրա փոխանցմամբ՝ ապօրինի ծառահատում իրականացնողները եղել են տարածաշրջանի գյուղացիները։

Տավուշի մարզում սա ծառահատման միակ դեպքը չէ, մարտի 26-ին էլ նյութ էինք հրապարակել այն մասին, որ «Դիլիջանի ազգային պարկ»-ում հատվել էին առողջ ծառեր և այսօր նամակ ենք ստացել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, ով տեղեկացրել է, որ մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում պարկում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 4 դեպք և 14 հատված ծառի վերաբերյալ վարույթ է կայացվել։

Տավուշի տարածքային պետական տեսչության բաժնի կողմից հաշվարկվել է այդ ծառահատման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը և այն կազմել էր գրեթե 1,9 միլիոն դրամ։
Մեր այդ հրապարկման հիման վրա ևս ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter