HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազության դիմաց նստացույց անողներին փորձում էին տուն կամ դիմացի մայթ ուղարկել

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով` շուրջ տասը ամիս անազատության մեջ գտնվող սարիթաղցիների հարազատներին, ովքեր արդեն 15 օր է, դատախազության դիմաց նստացույց են անում, այսօր փորձում էին ուղարկել տուն կամ դիմացի մայթ, վերջիներս, սակայն, հրաժարվեցին թե՛ տուն գնալու, թե՛ դիմացի մայթում նստացույցը շարունակելու առաջարկից:

Երբ «Հետք»-ի լրագրողն այցելեց նստացույց անողներին, նրանք զրուցում էին դատախազության քարտուղարության պետ Ռոման Սմբատյանի հետ: Վերջինս նրանց տուն գնալու առաջարկ անողն էր: Նստացույց անող Լալա Բերնեցյանի՝ Սարի թաղի գործով մեղադրյալ Էդուարդ Զեյթունցյանի կնոջ խոսքով՝ մինչ այդ նրանց ոստիկաններ էին մոտեցել ու հայտնել, թե չեն կարող նստացույց անել դատախազության դիմաց, և պիտի տեղափոխվեն դիմացի մայթ, սակայն իրենք հրաժարվել էին այդ պահանջը կատարել:

«Խոչընդոտներն ակնհայտ են: Այն ճանապարհի վրա, որտեղ մենք նստում էինք, արդեն մեքենա են կայանում: Երեկ չէ առաջին օրը նույնիսկ մեքենան ետ տալով՝ մեզ վրա էին քշում՝ պահանջելով որ պաստառները վերցնենք, որպեսզի մեքենան կայանեն, բայց մենք չարեցինք», - պատմեց Լալա Բերնեցյանը:

Նստացույցի մասնակիցները երկու շաբաթ առաջ դիմում են ներկայացրել դատախազություն՝ խնդրելով փոխել Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորված իրենց հարազատներին առաջադրված մեղադրանքներն ու նրանց առաջադրել իրենց արարքներին համապատասխանող մեղադրանք:

Նստացույցի մասնակցիների հարազատներին հիշեցնենք, 2016-ի հունիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների և քաղաքացինեի միջև տեղի ունեցած բախման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նմատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում. հարազատների պնդմամբ՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ Ինչևէ. եթե դատարանը  հաստատի մեղադրանքն, ապա նրանց սպառնում է 5-ից մինչև 10 տարվա ազատազրկում:

«Եթե մեր ուզածը լինի, եթե իրենց պատժեն այլ հոդվածով, մենք պլակատները կվերցնենք ու այս տարածքից դուրս կգանք, մի բան էլ՝ ներողություն կասենք: Բայց եթե պիտի գնամ դիմացի մայթ, նույն է, որ գնամ տուն ու պլակատներն էլ տանեմ, դնեմ մեր դռան դեմը: Ի՞նչ է նշանակում գնալ դիմացի մայթ: Ես եկել եմ քո դռան դեմը, քեզնից բան եմ խնդրել, պատասխանին եմ սպասում»,- ասաց Բերնեցյանն ու վստահեցրեց. իրենք դատախազության շենքի դիմացից ոչ մի տեղ չեն գնալու:

Սարի թաղի գործով մեղադրյալ Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը, ևս պնդեց, որ չեն լքելու դատախազության տարածքը, ավելին` ասում է, որ եթե իրենց պահանջը չկատարվի, պատրաստ են նաև հացադուլի:

«Մեզ ասում են՝ գուցե մեկի մասով դրական, մյուսի մասով՝ բացասական ընթացք ստանա գործը, բայց մեզ պետք չի, որ մեկի համար դրական, մեկի համար բացասական լինի: Մեր այստեղ գտնվելու նպատակն այն է, որ ոչ թե մեկին կամ  մի քանիսին, այլ կալանավորված մեր 10 հարզատներին  զզվելով հանեն»,- ասաց Ղազարյանն ու հիշեցրեց, որ միայն  մեկ քար նետելու համար իրենց հարազատներն արդեն շուրջ 10 ամիս անազատության մեջ են, և, փաստորեն, այդ արարքի համար պատասխան են տվել:

«Եթե ես ճշտեմ, որ իմ ամուսինը հացադուլ է սկսել, ապա  ես նույնպես հացադուլ եմ սկսելու այնքան ժամանակ, մինչև կամ ես մահանամ կամ ամուսինս»- վստահեցնում է Ղազարյանը:

Նստացույցի մասնակցիները հավատացնում են. իրենց ստիպված են եղել ընտրել պայքարի այս միջոցը:

«Ես կին եմ ու  այսօր եկել, Դատախազության դիմաց նստել եմ...եթե  իրենց կարողանան մեր պայմաններում ապրել, ապա թող գան ու ապրեն, ես նրանց կնվիրեմ իմ տունը: Ւրենց ի՞նչ կա  իրենց սենյակներում են, պաշտոններ ունեն: Իրենց հետաքրքիր չէ՝ քո երեխան կոշիկ կամ հաց ունի, թե՞ ոչ»,- վրդովմունքն արտահայտեց Լալա Բերնեցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter