HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվողը ութ օր է` գտնվում է հացադուլի մեջ

Ամալյա Մարգարյան

2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև բախման ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Հրաչյա Բոյաջյանի, Ժորա Ավետիսյանի, Արման Ադամյանի գործով նիստը նորից հետաձգվեց: Դատարան չէր ներկայացել Արման Ադամյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:

Պաշտպանը հայտնել էր, որ մասնակցում է մեկ այլ գործով քննչական գործողությունների և չի կարող ներկայանալ դատարան: Մինչև դատական նիստի հաջորդ օրը որոշելը նախագահող դատավոր Ռուդիկ Օհանյանը հարց ուղղեց ամբաստանյալ Հրաչյա Բոյաջյանին` արդյո՞ք նա շարունակում է հաղադուլը, և ներկայացրեց Նուբարաշեն ՔԿՀ-ից գրություն, որտեղ ներկայացված էր կալանավոր Հրաչյա Բոյաջյանի գրավոր դիմումը` հացադուլ հայտարարելու մասին, որի պատճառը հարուցված քրեական գործն էր:

Հրաչյա Բոյաջյանը հայտնեց, որ արդեն 8-րդ օրն է` գտնվում է հացադուլի մեջ, ասաց, որ առողջության հետ կապված որևէ բողոք չունի: Դատավորը հիշեցրեց, որ Հրաչյա Բոյաջյանն մեղադրվում է, բայց օրիանական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 3-ը:

Նիստի ավարտից հետո «Հետքը» զրուցեց Հրաչյա Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանի հետ, ով նշեց, որ դատական նիստերը հիմնականում հետաձգվում են հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով: Պաշտպանը հայտնեց, որ գործը գտնվում է նախապատրաստական փուլում, այդ պատճառով դատավարության մասնակիցները դատարանում ցուցմունք չեն տվել: Պաշտպանը նշեց, որ Հրաչյա Բոյաջյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Իսկ հացադուլի հետ կապված նշեց, որ հույս ունի` ՔԿ վարչությունում համապատասխան ջանքեր կգործադրվեն և կվերահսկեն Հրաչյա Բոյաջյանի առողջական վիճակը: Մեր այն հարցին, թե կոնկրետ Հրաչյա Բոյաջյանն ինչի համար է մեղադրվում, պաշտպանն ասաց.

«Ես կարող եմ ասել, որ 316-ի 2-րդ մասով մեղադրանքը հիմնավոր չէ: Տեսանյութը բլորիս հասանելի է` համացանցում հրապարակված, կարող ենք տեսնել այն բոլոր գործողությունները, որ կատարում են ոստիկանության աշխատակիցները` ցուցադրաբար զենք են հանում, օդ պահում, հրահրում, կամ քաղաքացիական հագուստվ ինչ-որ անձ է հայտնվում ինքնաձիգը ձեռքին, որն ամենայն հավանականության ոստիկանության աշխատակից է, բայց տվյալ գործի մեջ ոստիկանության աշխատակիցների գործողությունները չեն քննվում»:

Արայիկ Զալյանը նշեց նաև, որ քննության առարկա չի դարձվում պատճառը, թե ինչու են Սարի թաղի բնակիչները պետության ներկայացուցիչներից պահանջել բացել ճանապարհը, ինչու են փողոց դուրս եկել: «Բնակիչները պահանջում էին ճանապարհը բացել, պահանջում էին ջրամատակարարումը, գազամատակարարումը վերականգնել, պահանջը առօրյայում բոլորիս անհրաժեշտ կոմունալ հարմարություններն են»,- պարզաբանեց փաստաբանը:

Արայիկ  Զալյանը հայտնեց նաև, որ նախորդ նիստին խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է` պատճառաբանելով, որ Հրաչյա Բողաջյանը հատել է Հայաստանի սահմանը: Փաստաբանը ասաց, որ այդ քայլով իր պաշտպանյալը ոչ թե խուսափել է պատասխանատվությունից, այլև անօրինականությունից:

Հիշեցնենք, որ Սարի թաղի 10 բնակիչներին (Հրաչյա Բոյաջյանին, Ժորա Ավետիսյանին, Արման Ադամյանին, Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին, Էդուարդ Զեյթունյանին, Սարգիս Արաբաջյանին Կարեն Վանոյանին և Սարգիս Գրիգորյանին) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, այն է` իշխանության ներկայացուցչի  նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Գործով տուժող են ճանաչվել ոստիկանության յոթ աշխատակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter