HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գոշ լիճն ապօրինի են փորել․ փաստեր, որոնց մասին նախարարությունը լռում է

Բնապահպանության նախարարությունը երեկ պարզաբանում էր ներկայացրել Գոշ լճի տարածքում իրականացվող հողային աշխատանքների վերաբերյալ, նշելով, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն, ըստ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների ուսումնասիրությունների, իրականացրել է տարածքի մաքրում չորացած փայտից և աղբից։

Նախարարությունը, սակայն, չի նշել մի շատ կարեւոր հանգամանք․ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի Հոդված 17-ի համաձայն՝ ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

Մի հետաքրքիր փաստ եւս։ Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Վենդոռ» ՍՊԸ-ի կողմից Գոշ լճի հարակից տարածքում եւ լճում իրականացրած աշխատանքներն արվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ)։ Ինչպես Ալբերտ Հարոյանը նշեց՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում հանգստյան գոտի հիմնելու համար ՇՄԱԳ-ը պարտադիր է օրենքով։

«ՇՄԱԳ-ի բացակայությունն արդեն խախտում է։ Իմ կարծիքով, տվյալ խնդրին միջամտելը հնարավոր է միայն օրենքի սահմաններում, այն է՝ ՇՄԱԳ նախագծի քննարկումներին հանրության ակտիվ մասնակցությամբ։ Քաղաքացիները, հասարակական եւ այլ շահագրգիռ կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Բայց արդարության համար պետք է նաև նշեմ, որ տարածքը և լիճը իսկապես ունեն խնդիրներ և՛ ճահճացման, և՛ իհարկե աղբահանության»,-ասաց Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանն ասում է, որ 2004-2005 թվականներին հետազոտություն է իրականացրել Գոշ լճի տարածքում եւ առաջարկել մաքրման տարբեր եղանակներ, որոնց մեջ թրթուրավոր տեխնիկայի դերը բացառվում է։

«Լիճը, ընդհանուր առմամբ, խնդիրներ ունի։ Այն, ինչ արել է «Վենդոռ» ընկերությունը, լավ չի, բայց, իմ կարծիքով, շատ մեծ վնաս չի հասցվել լճին։ Անտառային լճակները շատ արագ ճահճանում են։ Նրանց կյանքը համեմատաբար շատ կարճ է։ Ժամանակին Գոշ լիճ ձկներ եւ խեցգետիններ են լցրել, ինչի արդյունքում լճի տզրուկները, որոնց շնորհիվ լիճն անվանվել էր Տզրկալիճ, վերացել են։ Լճում է հայտնվել նաեւ եղջերատերեւ կոչվող բուսատեսակը, որն արագ տարածվող բույս եւ խնդիր է ստեղծում լճի համար»,-ասում է Վերմիշյանը։

Նա հանդիպել է «Վենդոռ» ՍՊԸ ներկայացուցիչ Էդուարդ Մելքոնյանի հետ, պայմանավորվել, որպեսզի ազգային պարկում առանց մասնագետների հետ համագործակցության ոչինչ չձեռնարկվի։

«Մենք պայմանավորվել ենք, որ պետք է մասնագիտական դաշտում քննարկվի՝ ինչ անել։ Կարեւոր է համագործակցությունը, որպեսզի ազգային պարկի տարածքը չվնասվի։ Ես ասացի, որ իրավունք չունեին լճին ձեռք տալու,առանց գիտական հիմնավորման խախտել լճի էկոհամակարգը։ Ես ընկերությանն եմ փոխանցել եմ մեր հետազոտությունները, որպեսզի ներդրողը ծանոթանա։ Կարեւորը, որ ընկերության տնօրենը տրամադրված է հասկանալ խնդիրը»,-ասում է CNF Հայաստանի համակարգողը։

Արման Վերմիշյանը պնդում է, որ լճի մոտ որեւէ շինարարություն չպետք է լինի։ Փայտե շինություններ էլ եթե լինեն, ապա՝ միայն լճից ներքեւ, կամ վերեւ ընկած տարածքում։

Ներդրողը մտադիր է հետագայում քարափայատային հյուրատուն կառուցել՝ մոտ 20 տեղանոց։ Սակայն, ըստ Վերմիշյանի, նա դրա իրավունքը չունի։ Բանն այն է, որ «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանով կառուցապատում նախատեսված չէ։

«Ցանկալի է, որ էկոտուրիզմի տրամաբանությամբ արվի ամեն ինչ։ Օրինակ՝ ծառերի վրա փայտե փոքրիկ տնակներ լինեն, որոնք համահունչ են բնության հետ։ Իսկ եթե լիճը պահպանեն, եւ ամեն ինչ կազմակերպվի ըստ էկոտուրիզմի սկզբունքների, դա կլինի հիանալի ծրագիր; Իմ մտավախությունը հետեւյալն է՝ արդյո՞ք հերթական ուտել-խմելու վայր է կառուցվելու, թե իրական էկոտուրիզմի գոտի»,-ասում է Արման Վերմիշյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ «Դիլիջան» ազգային պարկում արշավականները բազմիցս խնջույքի հետքեր են հայտնաբերել։ CNF-ը մտահոգված է նաեւ ազգային պարկում իրականացվող ծառահատումներով։

«Խիստ մտահոգված ենք «Դիլիջան» ազգային պարկում կատարվող դեպքերի առումով։ Վերջին երկու ամսվա ընթացքում բավականին ինտենսիվ ծառահատումներ են գրանցվել։ Մտահոգությունը նաեւ նրանից է բխում, որ հիմնադրամը լուրջ ներդրումներ է կատարում ազգային պարկում։ Սա, միանշանակ, քննարկելու ենք բնապահպանության նախարարի հետ։ Իհարկե, լուծումները մեկ օրվա չեն։ Մեզ համար էլ է պարզ, որ Հաղարծին, Թեղուտ եւ Գոշ գյուղերն ունեն սոցիալական խնդիր։ Բայց ամեն ինչ բարդել սոցիալական պայմանների վրա եւ ասել, թե մարդիկ պետք է ինչ որ ձեւով ապրեն, սա մեզ համար ինքնասպանություն է։ Ես միշտ համեմատում եմ՝ Գոշը եւ Հաղարծինը երկուսն էլ անտառամերձ են, բայց Գոշում նման անտառահատումներ չկան, իսկ ահա Հաղարծնում եւ Թեղուտում կան։ Ես կարծում եմ, որ ազգային պարկի աշխատակազմում նույնպես մեծ փոփոխությունների կարիք կա»,-ասում է հիմնադրամի Հայաստանի ազգային համակարգողը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter