Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կասկածի տակ է դնում ընտրություններին մասնակիցների թիվն ու պահանջում համադրել ընտրողների մատնահետքերը



«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պահանջում է համադրել ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրած քաղաքացիների մատնահետքերը՝ հասկանալու համար՝ արդյոք ընտրությունների ժամանակ կրկնաքվեարկություններ եղել են, թե ոչ: Այս հարցով դաշինքը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց մերժում ստացել, որից հետո ՝ ապրիլի 11-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մերժման որոշումը վերացնել, պարտավորեցնել միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար՝ մատնահետքերի համընկնում կա, թե՞ոչ:

Այսօր դատարանում Դաշինքի ներկայացուցիչներ փաստաբան Լևոն Օհանյանը, Գեղամ Նազարյանն ու Հրայր Ավանեսյանը հիշեցրին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կրկնաքվեարկությունների դեպքերի մասին, այն մասին, որ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ընտրողների ստորագրված ցուցակներն ուսումնասիրելով`բացահայտել է, որ 106 հազար ընտրող գրանցված է հասցեներում, որոնք չեն եղել 2015-ի սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

Այս և մի շարք այլ հանգամանքներ դաշինքին առիթ են տվել կասկածի տակ դնել ընտրությունների մասնակիցների իրական թիվը, և մատնահետքերի համադրության արդյունքում, ըստ նրանց, հնարավոր կլինի պարզել, թե իրականում քանի՞ ընտրող է մասնակցել ընտրության:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն պնդում է, որ մատնահետքերի համադրումը երկարաժամկետ գործընթաց է:

ԿԸՀ հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը դատարանին պարզաբանեց, որ նույն բազայում բոլոր մատնահետքերի համադրումը ֆիզիկապես և տեխնիակապես անհնար է: Ինչ վերաբերում է կրկնաքվեարկությունների փորձերին, Մարտիրոսյանը ընդգծեց, որ բոլոր այդ դեպքերով քրեական գործեր են հարուցվել:

Դաշինքի ներկայացուցիչները վստահ են. մատնահետքերի համադրումն իրականում բարդ չէ, բայց եթե անգամ այդպես լիներ, ապա, ըստ նրանց ԿԸՀ-ն պիտի շահագրգիռ լիներ անել դա, քանի որ իր վրա է դրված ընտրությունների արդար և թափանցիկ կազմակերպելու պարտականությունը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայցուցիչ Գեղամ Նազարյանը, դատական նիստին անդրադառնալով ԿԸՀ անդամի պնդմանը, թե կրկնաքվեարկությունների փորձերի դեպքերով քրեական գործեր են հարուցվել, նկատեց, որ դա դեռևս չի նշանակում, որ կրկնաքվեարկություն չի եղել:

«Պարզ է, որ անձը նույն ընտրատեղամասում չէր քվեարկելու երկրորդ անգամ, իսկ եթե համակարգն ընդհանուր չէ, այդ դեպքում այլ ընտրատեղամասում քվերակության հնարավորությունը չի բացառվում»,- նկատեց Նազարյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստաբան Լևոն Օհանյանն էլ կարծիք հայտնեց, եթե տեղամասերում մատնահետքերը ստուգող սարքավորումները չեն ունեցել ընդհանուր ցանց, ապա անիմաստ են ծախսվել այն գումարները, որոնցով ձեռք են բերվել ու աշխատել այդ սարքերը:

ԿԸՀ անդամը, սակայն, մեղադրանքները չի ընդունում: Վերջինս հայտնեց, որ ԿԸՀ-ն կատարել է այն բոլոր պարտականությունները, որոնք օրենքով դրված են եղել իր վրա: Իսկ ընտրությունների թափանցիկ անցկացման երաշխիքներից մեկն, ըստ Մարտիրոսյանի ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում է, որն արվել է`չնայած այն բանին, որ ինքը իրավական առումով կողմ չէ դրան:

Գործով դատաքննությունն ավարտվեց. Ապրիլի 14-ին դատավոր Աղասի Դարբինյանը կհրապարակի այս հարցով դատական ակտը:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ՕՐՕ-ն հայցը ներկայացրել է բացառապես քաղաքական նկատառումներով: Վերջինս վստահ է. ընտրությունները չեն ստվերվի, եթե իրենք չկատարեն ընդդիմադիր այս ուժի պահանջը:

Գեղամ Նազարյանն էլ զարմանք հայտնեց, թե որտեղի՞ց ԿԸՀ-ին այսքան համառություն, որ շարունակում է պնդել, թ հնարավոր չէ  համադրել մատնահետքերը: Վերջինս հիշեցրեց, որ ըստ պաշտոնական տվյալների ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 1 574 947 անձ կամ ընտրողների 60,86%- ը ու կասկածի տակ դրեց այս թիվը:

«Եթե իրոք Հայաստանում այդքան շատ մարդ կա, եթե իրոք Հայաստանում այդքան նոր հասցե է հայտնվել, թող մեզ ապացուցեն, որ ամեն ինչ օրինական է, և մենք ուղղակի մղձավանջի մեջ ենք»,- ասաց Գեղամ Նազարյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Րաֆֆի19:21 - 13 ապրիլի, 2017
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պահանջում է համադրել ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրած քաղաքացիների մատնահետքերը․․․․․" Համադրել Ի՞ՆՉԻՆ․․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ