Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Վարկերը բազմազավակ ընտանիքին չեն թողնում ուշքի գալ


Բետոնե հատակը հնամաշ գորգն է ծածկում: Խոնավությունից ճաքեր տված պատի մոտ 3-ամյա Գոռի մահճակալն է:

Արարատյան դաշտի դրսի արևին ոչ համահունչ խոնավ ու պաղ օդը մի քանի րոպեից ոսկորներդ է սողոսկում, ու երկար նստելը սենյակում մեծ ճիգեր է պահանջում:

Արարատի մարզի Վերին Դվին գյուղում Սեյրան Կարապետյանն ու Քրիստինե Հաբեթյանը այս տունը ժամանակավորապես համագյուղացիներից մեկի բարի կամքի դրսևորման արդյունքում են ունեցել: Այժմ այնտեղ մեծացնում են իրենց 4 երեխաներին: 4-ն էլ անչափահաս են: 

3-ամյա Գոռը գյուղում արդեն հայտնի է իր աշխույժ պահվածքով, իր ժպիտի համար «Կայֆո» մականվանն է արժանացել:

Վերին Դվինում Սեյրան Կարապետյանի հայրական տունը փոքր է, և երկու եղբայրներն ու իրենց ընտանիքները չեն տեղավորվել: Սեյրանի ընտանիքը ստիպված է եղել դուրս գալ հայրական տնից:

Գյուղում Սեյրանի մասին ասում են՝ աշխատող տղա է: Բայց նրա ընտանիքը վերջին շրջանում ներառվել է անապահովների ցուցակում: Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովան ասում է, որ Սեյրանին վարկերը խեղճացրին: Հիմա դրա պատճառով ընտանիքը դժվարությունների մեջ է:

Սեյրանը շինարար է: Աշխատել է Երևանում: Պատմում է, որ  անձնագրերի և վիզաների վարչության շենքը իրենց խումբն է կառուցել: Հետո՝ այլ տեղերում էլ է աշխատել, սակայն կանոնավոր աշխատավարձ չեն վճարել: Որոշել է հողագործությամբ զբաղվել: Վարկ է վերցրել, բանջարեղենի մշակում սկսել, ինչից հետո էլ ներքաշվել «վարկային կարուսելի» մեջ՝ մի տեղից վերցրել՝ մյուսն է փակել: Այժմ 3 տարբեր վարկային կազմակերպություններից («Ֆինքա» «Արեգակ» և «Ֆասթ կրեդիտ») վերցրած վարկեր ունի՝ շուրջ 2 մլն դրամի չափով: 2016թ.-ի աշնանից տոկոսները չի կարողանում փակել:

«Սկզբից ես շատ լավ տակից դուրս էի գալիս ու փակում էի: Հետո էնպես ստացվեց, որ չէի կարող տալ, մեկից վերցրի՝ մյուսին տվեցի, և էդպես սկսվեց: Էն մեծական խոսք կա՝ Ալոյի գլխից Բալոյ գլխին, ու էդպես խառնվավ իրար ամեն ինչ: Էդպես կամաց-կամաց հետ գնացինք: Հիմա ձգտում ենք՝ առաջ գնալ, բայց չգիտեմ ոնց: Արդեն ընտանիքս ծանրաբերռված է»,- ասում է Սեյրանը:

«Մեր ամենամեծ խնդիրը հիմա տունն է, որը չունենք»,- ավելացնում է Քրիստինե Հաբեթյանը:

Սեյրանն ասում է, որ շուտով այս տնից էլ են տեղափոխվելու: Եվ դա կլինի 5-րդ տունը, որ իրենք փոխելու են վերջին 10 տարվա ընթացքում: Այս տանն ապրում են վերջին մեկ տարին:

«Ապագան մեր ձեռքը չի, Աստծո ձեռքում է: Աստված առաջ՝ մի դուռ կբացի,- ասում է Սեյրանը,- էնպես չէ, որ ես լոդր եմ, չեմ աշխատում ու գցել եմ Աստծո վրա՝ մի օր մեկը մեզ նվեր կտա, ես վիզ եմ դրել դրա համար: Աստծոց խնդրում եմ ինձ առողջություն տա, ես ինքս էդ հարցերը կլուծեմ, իմ երեխեքին էլ կհասցնեմ իրենց նպատակին, մնացած գործերն էլ կանեմ: Ասում են՝ վանքի մոմերն էլ են պակասում»,- ասում է Սեյրանը:

Ընհանուր սենյակից բացի՝ ևս մեկ սենյակ կա, որը ծառայում է որպես խոհանոց և նաև ննջասենյակ աղջիկներից մեկի համար:

«Ինքը նենց գործ չկա, որ չանի: Տանձ, ծիրան բան փողով քաղում է: Ես էլ, դե, հող ենք մշակում: Էնպես չի, որ նստել ենք ու սպասում ենք մեզ տուն տան»,-ամուսնուն շարունակում է Քրիստինեն: 

«Վատ չենք եղել մենք, լավ ենք եղել: Ճիշտ է՝ տուն չենք ունեցել, բայց պարտքեր էլ չունեինք: Հիմա սենց է ստացվել, հետ ենք գնացել, էդ էլ, իրոք, բանկերից սկսվեց»,-շարունակում է Սեյրանը:

46 հազար նպաստով է ապրում 6 հոգանոց ընտանիքը: Այս տարվա սկզբին Սեյրանին Ռուսաստաի Դաշնությունում գործ են առաջարկել: Սեյրանը գնացել է, բայց պարզվել է, որ հեռախոսազանգով տրված խոստումներից ոչ մեկը գործատուները չեն պահպանել: Երկու ամսից Սեյրանը վերադարձել է:

«Մետլախը 400-500 ռուբլի էր, ես անում էի՝ 220-ով՝ կես գնով: Էնքան է, որ տոմսի փող աշխատեցի ու ետ վերադարձա»,- պատմում է Սեյրանը:

Երեխաներին ինչպես Սեյրանն է ասում՝ լավից-վատից հասցնում են, սոված չեն: Ամուսինները կատակում են՝ էս փոքր սենյակների համար կահավորանքն էլ բավարար է: Ինտերնետ-համակարգիչ կոչվող «թիթիզություններից» չունեն: Երեխաները, մինչդեռ, տեղեկացված են սոցցանցերից: 15-ամյա Ջուլիետան՝ ավագ դուստրը, նկարվել չի ցանկանում: Ամաչում է՝ սոցցանցերում պատահաբար իր նկարը չհայտնվի:

Տաթևը և Քրիստինեն

Աղջիկներից 12 տարեկան Տաթևը տանը չէր: Ծնողներն ասացին, որ գնացել է բանջար հավաքելու: Մի թաս բանջար էլ դրսում է դրված՝ ջրի ծորակի մոտ: Մայրը պատմեց, որ դա էլ Տաթևի հավաքածն է: Երեկ է հավաքել:

Հարևաններից մեկը Ղարաբաղից սիբեխ է բերել, որ տանի շուկայում վաճառի: Տաթևը ցանկություն է հայտնել՝ նրան միանալու, որ իր հավաքած բանջարը ծախի ու իր համար տաբատ գնի: 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։