HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչում քննվում է Խորենացի փողոցում անկարգություններին մասնակցածների բողոքը

Ամալյա Մարգարյան

Խորենացու պողոտայում 2016թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, երեք տարվա ազատազրկման դատապարտված Սոսո Մարգարյանի, Գագիկ Միքայելյանի և Արսեն Մկրտումյանի գործով փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի համար Վերաքննիչ դատարանից խնդրել են կիրառել ՀՀ Քրեական օրեսգրիքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը:

«Իմ պաշտպանյալը մեղքն ընդունել է, զղջացել է կատարվածի համար, իսկ Առաջին  ատյանի դատարանը ծանր պատիժ է կայացրել»,-հայտնեց պաշտպանը: Ապա ավելացրեց, որ այսօր երիտասարդներին թողնում են կրկնահանցագործություն գործելու առջև: «Նուբարաշեն ՔԿՀ-ում ի՞նչ են սովորելու՝ թմրանյութերից կախվածություն, խաղամոլություն, քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից վարքագիծ սովորել, որը կարող է վատ հետևանքներ առաջացնել: Արդեն 9 ամիս է, որ այս տղաները գտնվում են ՔԿՀ-ում և արդեն հասկացել են ազատության արժեքը: Թող հինգ տարով պայմանական տան, բայց այս անձինք լինեն ազատության մեջ»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը: Արսեն Մկրտումյանի պաշտպանը նշեց նաև, որ հույս ունի դատարանը կկայացնի արդարացի որոշում:

Մենք զրուցեցինք Գագիկ Միքայելյանի պաշտպան փաստաբան Անի Չատինյանի հետ։ Նա ասաց, որ Վերաքննիչ բողոքում ներկայացրել է, որ իր պաշտպանյալի արարքում բացակայում է հանցակազմը։ «Քար նետելու համար Քրեական օրեսնգրքում որևէ պատասխանատվություն չկա: Քար նետելը հանցագործություն չի համարվում՝ ընդ որում, եթե քարերը որևէ մեկին չեն դիպել, որևէ մեկին ուղղակիորեն վնաս չեն պատճառել: Տուժողներից որևէ մեկն իմ պաշտպանյալի գործողություններից չի տուժել»,-հայտնեց փաստաբանը:

Նա հավելեց, որ Առաջին ատյանի դատարանը խիստ պատիժ է նշանակել Գագիկ Միքայելյանի նկատմամբ՝ հաշվի չառնելով կրթությունը, դրական բնութագրերը, խնամքին գտնվող անչափահաս երեխային, ուստի արարքը վերավորակելու, արդարացման դատավճիռ կայացնելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին բողոք են ներկայացրել:

«Դատարանում իմ պաշտպանյալն ասաց, որ իր ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է ապրում, և ավելի ծանր է ապրելու, քանի որ ինքն արդեն 9 ամիս է անազատության մեջ է և չի աշխատում: Այս տարիներին ստեղծածը պիտի վաճառեն, որպեսզի կարողանան ապրել: Դատարանին խնդրեց, որպեսզի իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանեն: Ասաց խնդրում եմ տաս տարի տվեք, բայց պայմանական տվեք, գնամ ընտանիքս պահեմ, երեխուս մեծացնեմ»,-հայտնեց պաշտպանը, ապա ավելացրեց, որ իր պաշտպանյլալի խոսքերը հուզել են դահլիճում ներկաներին:

«Հուզիչ էր այդ պահը, նա հուզեց բոլորին: Դպրոցում ուսուցիչ աշխատող, կրթված, դաստիարակված մարդը, ով մատաղ սերնդի կրթությամբ է զբաղվում, այնքան նեղ տեղում է, որ այդպիսի հայտարարություններ է անում: Այսօրվա իշխանությունները մարդուն ստիպում են նվաստանալ իրենց առջև, ընդունել այն՝ ինչը հանցանք չի համարվում, միայն ազատության մեջ հայտնվեն, պահեն իրենց ընտանիքը»,- ասաց Անի Չատինյանը:

Փաստաբանը նշեց, որ դատախազ Հայկ Պետրոսյանը չի փոխել Առաջին ատյանի դատարանում հայտնած դիրքորոշումը։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter