Կիրակի, 23 սեպտեմբերի

Երկրորդ Չերնոբիլ․ վայոցձորցիները՝ Գլաձորի հանքավայրի մասին



Չնայած բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Վայկ մետալ» ընկերության կողմից Վայոց Ձորի մարզում բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծին, ազդակիր համայնքների բնակիչները մտավախություն ունեն, որ ծրագիրը կմեկնարկի՝ իրենց կյանքը դժոխք դարձնելով:

Բանն այն է, որ «Վայկ մետալը» Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված բացասական եզրակացությունը վիճարկող հայց է ներկայացրել Վարչական դատարան: Բացի դա, ըստ ՊՈԱԿ-ի ղեկավար Կարինե Մովսիսյանի, հարցը տեսականորեն փակված չէ, քանի որ չի բացառվում՝ ընկերությունը փոփոխություններ կատարի նախագծում, ներառի բոլոր ռիսկերը, դրանց լուծումները:

Երեւանի Օրհուս կենտրոնում երեկ այս թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին, չնայած հրավերքին, ընկերության ներկայացուցիչները չէին մասնակցում:

Կարինե Մովսիսյանը ներկայացրեց, թե ինչ հիմքերով է բացասական եզրակացություն տրվել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծին:

Դատելով եզրակացությունից, խնդիրն ավելի շատ տեխնիկական է՝ «Վայկ մետալը» որոշակի ռիսկեր չի նշել, չի նշել նաեւ հանքավայրի շահագործման ազդեցությունը մոտակա «Եղեգնաձոր» պետական արգելավայրի վրա: Մեկ ձեւակերպմամբ՝ առաջին հերթին՝ ընկերության ներկայացրած նախագիծը թերի է, ինչը կարելի է հեշտությամբ շտկել:

Չնայած բացասական եզրակացություն տալիս հաշվի է առնվել, որ ազդակիր Գլաձոր համայնքների բնակչության մեծ մասը դեմ է արտահայտվել նախագծին, իսկ Վերնաշենի գյուղապետը տեղեկատվություն է տրամադրել հանքավայրի տարածքում աղբյուրների եւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների առկայության մասին, այնուամենայնիվ, շատ այլ պատմությունների փորձը ցույց է տալիս, որ սա հետագայում շատ հեշտորեն կարող է անտեսվել նախարարության կողմից: Միայն թե՝ նախագիծը լինի ամբողջական, ներառված լինեն վնասներն ու դրանց կանխարգելման միջոցառումները:

Հիշեցնենք, որ Գլաձոր բազմամետաղային հանքավայրի հայցվող կենտրոնական մասը գտնվում է «Եղեգնաձոր» պետական արգելավայրի սահմանից 1300 մետր հեռավորության վրա, իսկ ամենամոտ բացահանքի ծայրակետը՝ 650 մետր հեռավորության վրա: Հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի տարածքում, 6-10 կմ հեռավորության վրա են գտնվում Վերնաշեն, Հերմոն եւ Շատին գյուղերը:

Բացասական եզրակացության այլ մանրամասները «Հետք»-ն արդեն անդրադարձել է:  

«Վայկ Մետալը» բացասական եզրակացությունը դատական կարգով վիճարկելով՝ հղում է արել «Ընդերքի մասին» օրենսգրքին, մինչդեռ եզրակացության համար հիմք է հանդիսացել ՇՄԱԳՓ օրենքը:

Պատասխանելով «Հետք»-ի հարցին՝ նախագիծը կարո՞ղ է մի օր էլի շրջանառության դրվել, եթե փոփոխություններ արվեն, Կարինե Մովսիսյանը պատասխանեց. «Գիտությունը զարգանում է, տեխնիկան զարգանում է: Միգուցե հնարավոր լինի տվյալ հանքավայրը այնպես շահագործել, որ շրջակա միջավայրին վնաս չհասցվի»։

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, որ նույնպես մասնակցում էր քննարկմանը, դիտարկում արեց, որ ինչ որ ընկերության կոպեկների համար տկլորացնում են սարերը, խախտում ստորերկրյա ջրերի ռեժիմը, բացի դա՝ սարից ջրերը հոսում են մեկ՝ Արփա գետի հովիտ, մյուս կողմից՝ Եղեգիսի հովիտ, սարն էլ ցից է, ինչի արդյունքում ծանր մետաղները կհոսեն դեպի ներքեւ: «Այդ հովիտը կմեռնի»,-ասաց Սանասարյանը։

Նա իր հետ քննարկման էր բերել այսպես ասած «փակ քարտեզ», որը ցույց է տալիս ցրված ուրանի տարածքները: Այդ սարը, ըստ Սանասարյանի, նույնպես ցրված ուրանի տարածք է:

Վերնաշենում կարծես թե տեղյակ են ուրանի մասին: Ավագանու անդամ Գեղամ  Մարգարյանն ասում է. «Եթե հանքը բացվի՝ Չեռնոբիլ ա դառնում»։

Ըստ Մարգարյանի՝ սարից աղբյուրներ են հոսում եւ թափվում գետեր, ոռոգում այգիներ, այդ թվում՝ Վերնաշեն գինու այգի հանդիսացող խաղողի այգիներ։ «1000 հեկտար ալպյան այգիներ ա փչացնելու։ Էդ տարածքում բեզոարյան այծեր են բազմանում, 1 քմ մետրի վրա 120 բուսատեսակ է աճում։ Էդ մարդիկ ոչ հայրենիք ունեն, ոչ էլ հասկանում են էս գյուղերի պատմությունը։ Մենք իրենց մերժեցինք, հարյուր անգամ ասացինք՝ չի կարելի։ Մենք ծրագիր ենք ներկայացրել վարչապետին այծաբուծության, էլ ի՞նչ հանքարդյունաբերության մասին է խոսքը։ Էլ ի՞նչ դատ ու դատաստան»։

Վերնաշենի գյուղապետ Միքայել Բաղդասարյանը հայտարարեց, որ համայնքի հողերում հանք շահագործելու համար որեւ համայքապետ թույլտվություն չի հատկացրել։

Կարինե Մովսիսյանը հակադարձեց, որ նախնական համաձայնություն տրվել է, բայց՝ նախորդ գյուղապետերի կողմից։ «Ես իրավասու չեմ գործընթաց սկսել համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում»,-ասաց նա:

Գլաձորի գյուղապետ Արմեն Մովսիսյանը եւ Միքայել Բաղդասարյանը պնդեցին, որ ոչ իրենց, ոչ էլ նախորդ գյուղապետերի օրոք նման համաձայնություն չի եղել:

Իսկ Վերնաշենի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանն ասաց. «Ես ավագանու որոշումների բոլոր մատյանները նայել եմ: Չկա նման համաձայնություն: Ինչու՞ եք առանց համաձայնության՝ հանքի շահագործման փաթեթի քննարկմանն ընթացք տալիս։ Չկա որեւէ փաստաթուղթ, թե իբր մենք համաձայնություն ենք տվել»։

Լրագրողների հարցին, թե ինչու նման այլ բազմաթիվ նախագծերի դրական եզրակացություն է տրվել, Կարինե Մովիսյանը պատասխանեց․ «Դա կախված է տարբեր գործոններից, նաեւ՝ փորձաքննություն անցկացնող անձից: Հաշվի առեք, որ որոշումները կայացվում են սուբյեկտիվ դաշտում»։

Լուսանկարում՝ ձախից՝ Գեղամ Մարգարյանը, Կարինե Մովսիսյանը և Հակոբ Սանասարյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Կ. Մովսիսյան15:55 - 14 ապրիլի, 2017
Ցավում եմ, որ երեկվա քննարկումների արդյունքում չեք կարողացել ընկալել փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման և նրանում ամրագրված փորձաքննական պահանջների հիմնավորումները: Չտարբերակելով շահագործման համար պահանջվող հողի վարձակալության և իմ կողմից ներկայացված ՇՄԱԳՓ Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից բխող՝ տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության մասին պահանջը: Հեշտությամբ, առանց աչքը թարթելու,, խեղել ու ինքնակամ եզրահանգումներ եք նեառել հոդվածում՝ մասնավորապես վերջին պարպերությունում: Հիասթափված եմ: Իմ ակնկալիքները երեկվա քնարկումներից ավելին էր, քան դուք ներկայացրել եք: Մի խոսքով ժողովրդի լեզվով ասած՝ թացը չորից չեք տարբերել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ