HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական պարտատոմսերի աճուրդները տեղափոխվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ի հարթակ

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի մամուլի ասուլիսը: Արշալույս Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին պարտքի շուկայի վերջին զարգացումները' նշելով, որ ներքին պարտքի շուկան ամենահոգատար վերաբերմունք ստացող միջավայրն է:

«Բանն այն է, որ ներքին պետական պարտքի միակ առաքելությունը պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը չէ: Ոչ պակաս կարևոր է նաև երկրի ֆինանսական շուկայում ներքին պարտքի՝ որպես ուղենիշի դերակատարությունը: Անհնար է պատկերացնել զարգացած կապիտալի շուկա՝ առանց տարողունակ և իրացվելի ներքին պարտքի շուկայի: Իսկ կապիտալի շուկայի ստեղծումն ու զարգացումը ներկա փուլում մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է»-ընդգծել է Մարգարյանը:

Ապրիլի 13-ին կառավարության նիստում հաստատվել է մի նախագիծ, որը կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության համար. ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» բորսայի հարթակ:
«Մինչև այսօր ներքին պարտքի հետ բոլոր խնդիրները լուծել ենք մեր գործընկերոջ՝ Կենտրոնական բանկի հետ. սկսած ապրիլի 25-ից մենք մեր պարտքի տեղաբաշխման հարթակը տեղափոխում ենք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»։ Ժամանակակից ծրագրային լուծումներով և պարտքի կառավարման գործիքներով գործարքներ իրականացնելու հնարավորություններով օժտված այդ հարթակում մենք ավելի ճկուն ենք դառնում մեր մտահղացումներն ու ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու առումով, նաև ավելի հեշտ հասանելի ենք դառնում արտաքին շուկաների համար», - ասել է Արշալույս Մարգարյանը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ի հետ համագործակցության շրջանակներում ազգաբնակչությունը կարող է էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել ինչպես խնայողական, այնպես էլ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր։

Մարգարյանի խոսքով՝ մինչ օրս պարտքի թողարկման տեղաբաշխման, մարման հետ կապված բոլոր գործողությունները ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է Կենտրոնական բանկի հետ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ի հարթակի շնորհիվ լայն հնարավորություններ կստեղծվեն գործակալների աշխատանքը հեշտացնելու համար:

«Նոր հարթակը հնարավորություն կտա ընդլայնել ներդրողների շրջանակը: Կարևոր է նաև այն, որ Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն է նկատվում այսօր, և այդ աշխուժությունը նաև նշանակում է կապիտալի ներհոսք»:

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին և իր վարքագծով ձեռք է բերել բարեխիղճ, պարտաճանաչ վարկառուի համբավ: 2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը կազմել է նախորդ տարվա ՀՆԱ-ի 52,3 տոկոսը:

Արշալույս Մարգարյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, վստահեցրել է, որ պետական պարտքը կառավարելի է, և եթե տնտեսական աճն այսպես շարունակվի, ապա պարտքն սպասարկելու որևէ խնդիր Հայաստանը չի ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter