HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Իշխանափոխական ընդդիմության» դարաշրջանն ավարտվեց. նոր ընդդիմության պահաջարկը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 ուժերից միայն մեկը՝ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը բողոքարկեց ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսինքն դրանք հռչակեց ոչ լեգիտիմ: Դաշինքն այս հարցով դիմել էր ԿԸՀ և ստացել կանխատեսելի մերժում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատճառաբանել էր, թե ընտրությունները չեղյալ համարելու համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես խախտումների տեսակներ թվարկել, այլ ապացուցել, որ եղել են այն տիպի ու մասշտաբի խախտումներ, որոնք թույլ չեն տալիս ստանալ իրական պատկերը և որոնք անդառնալի հետևանքներ են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտման վրա:

 «ՀԱԿ-ՀԺԿ»  դաշինքը, զուգահեռ նաև ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել են նաև Սահմանադրական դատարան: Սակայն ԿԸՀ նախագահի ներկայացրած պատճառաբանությունները որոշակիորեն հուշում են, որ մոտավորապես հենց այդպիսի հիմնավորումներով ՍԴ-ն կամ կմերժի դիմումը վարույթ ընդունել, կամ ընդունելուց հետո կկայացնի դիմումում ներկայացված հանգամանքները ոչ բավարար, անհիմն ճանաչող որոշում:

Հայաստանում չկա որևէ նախադեպ, երբ անգամ աղաղակող մասշտաբային խախտումների պարագայում ՍԴ-ն համապետական ընտրությունների արդյունքները չեղարկող որոշում կայացնի: Այդպիսով ընտրություններին մասնակցած դաշինքի և հասարակական նախաձեռնության դիմումները ընդամենը կծառայեն նրան, որ ՍԴ-ն հերթական անգամ իր որոշմամբ կօրինականացնի ընտրությունները՝ չնայած համընդհանուր այն համոզմանը, որ դրանք չեն արտահայտում հասարակության, ժողովրդի իրական կամքը և որ ընտրությունները չեն անցել ազատ:

ՍԴ-ի որոշման վրա, սակայն, առավելապես կազդի ոչ թե այն իրողությունը, որ դիմումում ներկայացված փասատարկումները կլինեն անբավարար, այլև այն, որ նրա վրա չի լինի ոչ հասարակական և ոչ էլ առավելևս քաղաքական լայնածավալ ընդհանուր ճնշում: Նրանք մենակ են թողել դաշինքին և ՀԿ-ին՝ նախընտրելով իրենց լռությամբ, անգործությամբ ու հարմարվողականությամբ բավարարվել եղածով և լեգիտիմացնել ոչ միայն ընտրությունները, այլև այն բոլոր ապօրինի տեխնոլոգիաները, որոնք կիրառվել ու վստահաբար հետագա ընտրություններին կիրառվելու են ընտրողների մեծամասնության վրա ազդելու, նրանց քաղաքացիական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը ճզմելու, ընտրողներին ահաբեկելու, անզորություն ներշնչելու միջոցով ուղղորդված քվերակության մղելու համար: Այս իմաստով ուղղակի ջայլամային կարելի է համարել այն արդարացումները, որ ամեն ինչ արվել է քվեները պաշտպանելու համար, որ անկախ ամեն ինչից՝ քվեախցիկում քաղաքացին ինքնակամ է քվեարկել իշխանության օգտին, հետևաբար պետք է նրանց կատարած ընտրությունն ընդունել ի գիտություն և անցնել առաջ: Սա ընդամենը հարմարվողականության ինքնարդարացում է: Որովհետև շեշտը դրվում է հետևանքների, այլ ոչ թե պատճառների վրա: Այն, ինչ եղավ ապրիլի 2-ին, ընտրազանգվածի ոչնչացման տևական, սիստեմատիկ և ագրեսիվ քաղաքականության հետևանք է: Եվ երբ հայտարարվում է այդ հետևանքն ի գիտություն ընդունելով առաջ շարժվելու մասին՝ փաստացի արդարացվում է նաև գիտակից ընտազանգվածին ոչնչացնելու վարվող քաղաքականությունը՝ ընդ որում ոչ միայն ներկայի, այլև որ ավելի ողբերգական է՝ ապագայի կտրվածքով:     

Այս համատարած հանրային-քաղաքական համատեղ «հաստատագրումը» ստեղծել է քաղաքական բացարձակապես նոր վակումային իրավիճակ: Ըստ էության՝ իրավական դաշտում ընտրությունների արդյունքների վիճարկումը միայն ՀԱԿ-ին է տալիս բարոյական իրավունք՝ իր քաղաքական ռազմավարությունը կառուցելու իշխանության անօրինականության ավանդական «փիլիսոփայության» վրա:

Մնացած ուժերը և հատկապես իրենց իրավիճակային կամ «ինստիտուցիոնալ» հռչակող, իրական, կեղծ կամ պոտենցիալ ընդդիմադիր ուժերը, ընտրությունների արդյունքներն ընդունողներն այդ «խաղաքարտը» կորցրել են: Քաղաքական ուժերը ստիպված են վերադասավորվել մի կողմից իրենց իսկ հարմարվողականության, մյուս կողմից միջազգային կառույցների՝ ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու հետևանքով օրինականության քող հագած իշխանության նկատմամբ:

Սկսած 1995թ., բացառությամբ, թերևս, միայն 1999թ. Աժ ընտրությունների, հայաստանյան ընդդիմությունների ձևավորման, ծավալման ու մոտիվացման, ապա նաև անփառունակ անկման, նրանց քաղաքական պայքարի առանցքը եղել է իշխանությունների ոչ լեգիտիմության գործոնը: 22 տարիների անխտիր բոլոր ընդդիմությունների մտասևեռումը, գերխնդիրը, գոյության իմաստը եղել է միայն ապօրինի իշխանության հեռացումը, իշխանափոոխությունը: Վերջինս եղել է յուրատեսակ «իդեա ֆիքս»՝ ընդհուպ այն աստիճանի, որ գրեթե միշտ ընդդիմությունները՝ առաջնորդվելով «իշխանափոխությունից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, անտեսել են նոր, այնընտրանքային Հայաստանի մոդել առաջարկելու անհրաժեշտությունը:

Ընդդիմությունների արագ, երբեմն խայտառակ ձախողումները պայմանավորված են եղել այդ միակ գերխնդրին չհասնելը: Լուսանցքում վերջնականապես չհայտնվելու մտավախությունից ելնելով՝ նրանցից շատերն աստիճանաբար տեղավորվել են իշխանության մշակած քաղաքական կոնյուկտուրայում, բավարարվել իրենց համար սարքված «ակվարիումով» և, ընդունելով իշխանության պարտադրած խաղի կանոնները և վերածվել քաղաքական ուրվականների: Ընտրությունների արդյունքներին համակերպումը ևս այդ խաղի կանոնների ընդունման կպիտուլյացիոն ակտ է: Սրա օրինաչափ հետևանքը մշտապես եղել է ինչպես «բաժանիր, որ տիրես», «գնիր, որ տիրես», «ապականիր ու բարոյազրկիր, որ տիրես» հաջող կիրառված ռազմավարություններից, սեփական անհաղթելիությունից լկտիացած իշխանությունից, այնպես էլ հեղհեղուկ, սեփական սխալները խոստովանելու անընդունակ, բացառապես կարճաժամկետ տեսլական ունեցող ընդդիմություններից, ողջ քաղաքական համակարգից հասարակության հիասթափությունը, ատելությունն ու օտարումը:

Մեծ հաշվով ապրիլի 2-ի ընտրությամբ հասարակությունը յուրովի արտահայտեց այս ամենից իր մինչև կոկորդը զզված լինելու իրողությունը՝  առաջին հերթին փորձելով վերջակետ դնել թե տեսակի և թե մարտավարության իմաստով ընդդիմության «արջամկան օրվան», մղձավանջային «դեժավյուին»: Այլևս չի կարող գործել ապօրինի իշխանության հեռացման, իշխանափոխության «շարժիչը», որովհետև նոնսենս է իրենց իսկ լուռ համաձայնությամբ լեգիտիմացված իշխանությունից պահանջել հեռանալ:

Արդյունքում առաջացել է մի լանդշաֆտ, որտեղ մի կողմում ցինիկ, բայց ուժեղ և կոնկրետ իշխանությունն է, իսկ մյուս կողմում ընդդիմության վակումը: «Իշխանափոխական» ընդդիմության դարաշրջանն ավարտվել է՝ առնվազն այնքան ժամանակով, որքան գոյություն կունենա այս խորհրդարանը և որքան քաղաքական ուժերն ինքնարդարացումներ կփնտրեն քաղաքացուն այս երկրից վտարելու արշավանքի մեջ:

«Իշխանափոխական» ընդդիմության դարաշրջանի ավարտը առաջացրել է նոր, սպիտակ էջ, որը լրացնելուն այս պահի դրությամբ ասպարեզում գտնվող ուժերից ոչ մեկը պատրաստ չէ: Նրանք դեռ չեն հասկանում առաջացած դատարկության իրականությունը և պատրաստ չեն առաջարկել «իշխանափոխության» կոնցեպտին փոխարինող ավելի կենսունակ, համակարգային և երկարաժամկետ քաղաքական պայքարի հեռանկարի վրա հիմնված նոր կոնցեպտ:

Խոսքն այնպիսի ընդդիմության ստեղծման մասին է, որը ոչ թե իշխանությունն ու անձերն է թիրախավորում, այլ իր պատկերացրած միանգամայն իրական, շոշափելի այլընտրանքային Հայաստանը: Որովհետև 22-ամյա փորձն արդեն ցույց  է տվել, որ անձի թիրախավորումը բերում է կտրված գլխի տեղ հրեշի մի քանի նոր գլուխների առաջացման: Խոսքն այնպիսի ընդդիմության և քաղաքական պայքարի մասին է, որն իր պարտքն է համարում հրեշի գլուխը կտրելու փոխարեն ստեղծել նոր կենսապայմաններ, և գրել նոր հեքիաթ, որտեղ հրեշն ինքն իրեն շնչահեղձ է լինում:

Այնպիսի ընդդիմություն, որն իդեալներ է փոխանցում հասարակությանը, իմաստավորում իբրև պետություն, այլ ոչ թե սոսկ ազգային հավաքականություն գույություն ունենալու և զարգանալու անհրաժեշտությունը և դրդում դեմարշի գնալու փոխարեն ընտրել այդ իդեալները: գուցե ռոմանտիկ է, ինչ-որ չափով ուտոպիստական: Բայց այլընտրանք չկա: Հիմա ողջ հարցն այն է՝ ինչ ընթացք կլինի այս վճռորոշ ջրբաժանային խաչմերուկից, ի՞նչ ուժեր կհավակնեն լցնել ըդդիմադիր դաշտի վակումը, որն այսպես թե այնպես անխուսափելիորեն լցվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter