ՈՒրբաթ, 15 դեկտեմբերի

Հայ երիտասարդներն աստղադիտարանում կըդունեն ՆԱՍԱ-ի մարտահրավերը


Մի խումբ հայ երիտասարդներ այս տարվա ապրիլի 29-30-ը՝ 24 ժամ շարունակ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կփորձեն իրենց գիտելիքներն ու գաղափարները ներկայացնել ՆԱՍԱ-ի (ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը) կազմակերպած մրցույթին, որը կոչվում է Տիեզերական հավելվածների միջազգային մրցույթ` International Space Apps Challenge: Սա մրցույթ է, որին միաժամանակ օն-լայն մասնակցում են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից։ Նրանք ծրագրավորողներ են, գիտնականներ, դիզայներներ, տեխնոլոգներ և այլք։

Աշխարհի տարբեր անկյուններից մրցույթին միացած մասնակիցներին ՆԱՍԱ-ն մարտահրավեր է նետում՝ նախատեսված 24 ժամում մտածել ու մշակել տիեզերքին առնչվող նորարար ծրագրեր որոշակի թեմաների շրջանակում։ Այս տարի ներկայացվող թեմաներն են՝ «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացե՛ք, առջևում վտանգ է», «Մեր Էկոլոգիական միջավայրը» և «Մտածե՛ք և ստեղծե՛ք»: Հայաստանը NASA Space Apps Challenge հաքաթոնին պաշտոնապես մասնակցում է երկրորդ անգամ. առաջինը 2016 թվականին էր։ Սակայն մինչ այդ էլ հայ ծրագրավորողները մասնակցություն ունեցել են։

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան կողմի կազմակերպիչը «Իքս Թեք» (X-TECH) ընկերությունն է, համակազմակերպիչը` «Լոկատոր»-ը (Locator): «Հետք»-ի հետ զրույցում «Իքս Թեք»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Աթոյանը պատմեց, որ իրենց թիմն այս մրցույթին սկսել է մասնակցել ավելի վաղ։ Երեք անգամ մասնակցել են՝ բայց ոչ որպես հայաստանյան կողմի պաշտոնական ներկայացուցիչներ, այլ՝ որպես վիտուալ մասնակիցներ։ Իսկ արդեն նախորդ տարվանից մեր երկիրը ներկայանում է պաշտոնապես։ «Նախորդ տարի մեր տարածաշրջանի երկրներից ոչ մեկը չէր մասնակցում։ Միայն մենք էինք։ Թեև գլոբալ մրցույթում չհաղթեցինք, բայց կարծում եմ՝ մասնակցությունն արդարացված էր»,- ասաց նա։

Բյուրականի աստղադիտրանը՝ որպես հայաստանյան մասնակիցների համար մրցույթի անցակցման վայր, ըստ Ա. Աթոյանի, պատահական ընտրված չէ։ Այն մեր գիտական կարևոր կենտրոններից մեկն է, հետևաբար՝ նաև խորհդանշական է այս մրցույթի համար։ «Նախորդ տարի, երբ դիմեցինք Բյուրականի աստղադիտարանի տնօրինությանը՝ մրցույթն աստադիտարանում անցկացնելու համար, մեծ ոգևորությամբ ընդունվեց առաջարկը։ Թեև պայմաններով այն, կարող է, զիջում է հյուրանոցներում անցկացվող հաքաթոններին, սակայն խոհրդանշական ու կարևոր է մեզ համար»,- նշեց նա։

Ըստ նրա՝ այս տարի մրցույթի մասնակիցների թիվը 50 է լինելու։ Նրանք այդ 24 ժամում աշխատելու են խմբերով։ «Ավելի շատ մարդ չենք կարող տեղավորել դահլիճում, որտեղ անցկացվում է մրցույթը։ Բացի այդ, այս տարի մրցույթից մեկ շաբաթ առաջ քննարկում ենք անցկացնելու՝ «ֆիլտրելու» մասնակիցների ցանկը։ Նախորդ տարի գտնվեցին թիմեր, որ հենց մրցույթի ժամանակ՝ երեկոյան, հայտարարեցին, թե չեն կարողանում շարունակել ու դադարեցրին։

Մենք ցանկանում ենք նախապես համոզված լինել, որ մասնակիցները պատրաստ են մինչև վերջ մրցելու»,- ասաց «Իքս Թեք»-ի հիմնադիրը։ Նրա խոսքով՝ պարտադիր պայման չէ, որ ծրագրերը մինչև վերջ պատրաստ լինեն։ Գլխավորը՝ դրանց նախատիպը ստանալն է։ «Մարդիկ պետք է տեղ հասցնեն իրենց գաղափարը, որ տեսանելի լինի։ ՆԱՍԱ-ն տրամադրում է տվյալներ, որոնց հիման վրա թիմերը առաջարկում իրենց լուծումներն ու ծրագրերը։ Կա կոդի հատված՝ նրանց ծրագրիրը բաց եղանակով ցույց են տրվում»,- ասաց Ա. Աթոյանը։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ մասնակցության վայր ընտրելով Հայաստանը:

Հարցերի դեպքում Արման Աթոյանը (էլ-փոստ՝ space@x-tech.am) ևս պատրաստ է պատասխանել: Նա հպարտությամբ նշում է, որ նախորդ տարվա Հայաստանի մասնակցությունից ՆԱՍԱ-ում գոհ են մնացել, ինչի շնորհիվ էլ այս տարի մեր երկրի մասնակցությունը հաստատվել է առանց լրացուցիչ խոչընդոտների։ Ծրագրի հաղթողները որոշվում են երկու եղանակով՝ տեղական և գլոբալ մակարդակներով։ Տեղական հաղթողների ընտրում է հենց տեղի ժյուրին։ Այսինքն՝ հայաստանյան մասնակիցների շրջանում հաղթողին ընտրում է հենց հայաստանյան ժյուրին։

Այնուհետև արդեն ՆԱՍԱ-ի կողմից ձևավորված ժյուրին ընտրում է գլոբալ մակարդակով հաղթողներին։ Նախորդ տարի հայաստանյան կողմը գլոբալ հաղթողների ցանկում տեղ չի գրավել։ Իսկ տեղի հաղթողներ են ճանաչվել երեք նախագծեր։ Առաջինը տեղը՝ Mars Live նախագիծը, որի միջոցով օգտվողը կարողանում է հասկանալ իր դիրքը Մարսի վրա, հաղորդակցվել և այլն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Peperoni կոչվող թիմը, որը ներկայացրել է 2 նախագիծ։ Առաջինը դրոնների թռիչքի անվտանգությունն ապահովող ծրագիր է, մյուսն էլ երաժշտական հավելված է, որը նախատեսված է տիեզերագնացների սրտի աշխատանքը գնահատելու համար՝ կապ ստեղծելով երաժշտության և մարդու սրտի զարկերի միջև: Երրորդ տեղն էլ զբաղեցրել Ultimate Space Simulator կոչվող նախագիծը, որը դեպի Մարս ճանապարհորդության սիմուլացիա էր ներկայացնում։ Առաջին հորիզոնականը զբաղեցնողներին մրցանակներ են շնորհվել։ Իսկ գլոբալ մրցույթում հաղթել են նախագծեր Ուկրաինայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Կանադայից։ Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է 1287 նախագիծ։

Մրցույթի հայաստանյան կազմակերպիչները ցանկացողներին հրավիրում են այս տարի համագործակցության, որը կարող է լինել մասնակիցների տեղափոխության, սննդի ապահովման տեսքով և այլն։ Արման Աթոյանը համոզված է, որ հայ մասնակիցներն այս տարի էլ ավելի լավ լուծումներ ու գաղափարներ կառաջարկեն մրցույթի ժամանակ։ Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր հայերը մեծ ներուժ ունեն։ Ասում ՝ ոլորտւմ առաջին հերթին ճիշտ է գնահատվում գիտելիքը։ Կարևորում է հասարակության լայն շերտի ներգրավումն այս ոլորտ. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս շատ մարդիկ տեղափոխվեն այս ոլորտ։ Պարտադիր չէ, որ բոլոր ծրագրավորող դառնան։ Կարող են լինել հարակից ոլորտներում։ Երեխաներին հարկավոր է ճիշտ ուղղություն ցույց տալ։ Շատ ծնողների համար Հայաստանում դեռևս երազանք է, որ երեխաները դառնան տնտեսագետ կամ իրավաբան, հետո պարզվում է, որ այդ ոլորտներում աշխատանքի առաջարկը քիչ է։ Իսկ ՏՏ դաշտում աշխատատեղերը շատ են ու պահանջարկը մեծ է։Լավ մասնագետների կարիք միշտ կա»։

Մեր իրականությունը՝ լրացված ու վիրտուալ

Արման Աթոյանի ղեկավարած «Իքս Թեք» ընկերությունը 2014 թվականից ներկայացրել նոր բրենդ՝ Arloopa անունով։ Բրենդի նպատակն է AR և VR տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում։ AR-ը (Augmented Reality) թարգմանաբար նշանակում է լրացված իրականություն, իսկ VR-ը (Virtual Reality)` վիրտուալ իրականություն։ Այս տեխնոլոգիաների շնորհիվ մարդն իր հեռախոսի կամ, օրինակ, հատուկ ակնոցի շնորհիվ «հայտնվում» է վիրտուալ դաշտում։ «Լրացված իրականության ամենապարզ օրինակներից մեկը հետևյալն է՝ հեռախոսը պահում ենք այցեքարտի վրա և տեսնում ենք ընկերության մասին պատմող հոլովակ։ Եթե թերթ կամ ամսագիր եք կարդում և եթե դրանք լրացված են Arloopa-ով, ուրեմն կարող եք հեռախոսը պահել այդ էջի վրա ու տեսնել հոլովակներ, հավելյալ ինֆորմացիա։ Կամ եթե դպրոցական դասագիրքը հագեցած է լինում Arloopa-ով, ապա՝ աշակերտը կարող է պահել հեռախոսը գրքի էջի վրա ու տեսնել, օրինակ, թե ինչպես է տեղի ունենում արևի խավարումը։ Իսկ վիրտուալ իրականություն հնարավոր է «մուտք գործել» հատուկ ակնոցների շնորհիվ։

Երբ կրում եք այդ ակնոցները, հայտնվում եք վիրտուալ իրականության մեջ, կտրվելով ձեր իրականությունից»,- բացատրում է Ա. Աթոյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում AR և VR տեխնոլոգիաները մեծ տարածում են ստանում։ «Համարվում է, որ այն տեխնոլոգիաների չորրորդ վերափոխումն է։ Առաջինը համարվում են համակարգիչները, երկրորդը՝ ինտերնետը, երրորդը՝ բջջայինները»,- ասում է Ա. Աթոյանը։

Լուսանկարում Արման Աթոյանն է

Ըստ նրա, տարբեր երկրներ, օրինակ՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և այլն, արդեն իսկ քայլեր են արել այս տեխնոլոգիաները դպրոցներում ներառնելու ուղղությամբ։ Իսկ Հայաստանում դրանք դեռևս մասսայական տարածում չունեն և այս առումով՝ շտապել է հարկավոր։ Ակնոցները «Իքս 

Թեք»-ը ներմուծում է Չինաստանից և ապահովում դրանց բովանդակային՝ ծրագրային մասը։ Աթոյանի խոսքով՝ այստեղ ոչ թե ակնոցն է նորությունն, այլ՝ բովանդակությունը։

«Իքս Թեք»-ը գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ որպես վեբ-կայքերի ծրագրավորում և դիզայն ապահովող ընկերություն։ Աթոյանն ասում է, որ իրենց գլխավոր նպատակն է արժեքներ ստեղծելը։ Ընկերությունն այդպիսի բազմաթիվ հաջողված և երբեմն էլ ոչ հաջող փորձեր է արել։ Նրանց ծրագրերից են «Ինչ կա չկա» օն-լայն ամսագիրը (այսօր չի գործում), «Teach Me Now» ծրագիրը, «Citybugs»-ը և այլն։ Զբաղվում են նաև խաղերի և բջջային հավելվածների մշակմամբ։ Առ այսօր ստեղծել են ավելի քան 100 կայք, 20 խաղեր ու հավելվածներ։

Լուսանկարները «Հետք»-ին է տրամադրել Արման Աթոյանը


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։