Կիրակի, 23 սեպտեմբերի

Երբ Դիտակում մարդ է մահանում, առաջինը գյուղապետին են զանգում



«Հենց իմ գյուղում մարդ է մահանում, անկախ նրանից, թե որ ժամին կլինի, զանգում են ինձ, ասում եմ՝ ձերը ցավը տանեմ, թողեք մի կես ժամ ձեր մեռելը սառի, կարող ա ուշագնաց ա եղել»,- ասում է Արարատի մարզի Դիտակ գյուղի ղեկավար Սուրեն Սրապոյանը: Քիչ անց ավելացնում է, թե լավ վիճակից չէ, որ իրեն են զանգում oգնության համար, և ասածը ոչ թե ծիծաղելու, այլ լացելու բան է:

Գյուղի բյուջեն 16 միլիոն դրամ է, որից 9 միլիոնը գյուղապետարանի աշխատավարձերն ու շենքի պահպանման ծախսերն են: 2,7 միլիոնը նախատեսված է սոցիալական օգնության համար: «Քյասիբ» գյուղում (գյուղապետի ձևակերպումն է) մարդիկ ստիպված են դիմում համայնքի ղեկավարի օգնությանը: Գյուղապետարանի 2,7 միլիոն դրամ օգնության գումարի զգալի մասը ստիպված հատկացնում են հուղարկավորություներին: Եթե այդ գումարը չի բավականացնում, հաճախ Սրապոյանն ինքն է ընկերներից, բարեկամներից գումար խնդրում: Հարցնում եմ, թե ինչ է անում, երբ զանգում են, ինչպես է օգնում, պատասխանում է. «Զանգում եմ մորգ, մորգից կատաֆալկան գալիս ա, տանում հանձնում եմ մորգ, հետ ենք գալիս, լույսը բացվավ, հավաքվում ենք, գնում ենք դագաղն ենք ընտրում, շորերն ենք ընտրում, այսինքն՝ մեռելն իրանցից… Մարդ կա, փող չունի, պիտի գնամ փող ճարեմ, որ բերեմ… Ինչ կարող եմ, բյուջեով եմ անում, ինչ էլ չէ՝ ընկերություն, ախպերությունն է բերում, անում ենք, երբ կտան՝ կտան»:

Նախորդ տարի մի հոգի է մահացել գյուղում, իսկ այս տարվա հունվար-ապրիլին արդեն 5 հոգի է մահացել:

Վերջին երկու տարիներին գյուղում ծնելիությունը փոքր-ինչ աճել է՝ նախորդ տարի 13 ծնունդ է եղել, իսկ 2015-ին՝ 15: Իսկ, օրինակ, 2010-11 թթ. Դիտակում 1-2 ծնունդ է գրանցվել:

Ս. Սրապոյանն ասում է, որ 2015-2016 ուստարում դպրոցում առաջին դասարան չեն ունեցել, իսկ ահա ընթացիկ ուստարում 11 առաջինդասարանցի ունեն:

Դիտակի բնակչության թիվն այսօր, ըստ գյուղապետի, 780 է: Վերջին մի քանի տարիներին շուրջ 150 բնակիչ գյուղից գնացել ու չի վերադարձել, իսկ տարվա մեջ մի 100 հոգի էլ գնում է արտագնա աշխատանքի: Աղքատությունը գյուղում, ըստ Սրապոյանի, 20 տոկոսից ավելի է:

Համայնքն ունի 106 հա գյուղնշանակության հող, որից 50-60 տոկոսն են մշակում: Մասիսի տարածաշրջանից Դիտակ են գալիս՝ ավել ցանելու համար, իսկ դիտակցիները հիմնականում ցորեն ու անասունի համար առվույտ են ցանում, տնամերձ հողամասերում բանջարեղեն աճեցնում, մրգատուներից էլ տարածված են ծիրանն ու դեղձը:

Գյուղն արդեն 10 տարի մարզկենետրոն Արտաշատին կապող երթուղի չունի: Միակ ավտոբուսը Դիտակ-Նուբարաշեն ուղղությամբ է աշխատում:

Երթուղի չունենալու պատճառն անբարեկարգ ճանապարհն է, որը, ըստ Ս. Սրապոյանի, իրենց ամենացավոտ հարցն է: Ասում է, որ 2015-ին կառավարություն է դիմել՝ ճանապարհը բարեկարգելու համար, իսկ մեր գնալու նախորդ օրը համայնքում չափագրումներ էին անում: Դիտակն ու հարևան Ջրաշենը կապող 2,5 կմ ճանապարհի բարեկարգման ծրագիրը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկը: Ըստ գյուղապետի՝ ենթադրվում է, որ շուտով այն կասֆալտապատեն:

Ս. Սրապոյանը 27 տարի է աշխատում է գյուղապետարանում, ինչպես ինքն է ասում՝ այդքան տարի բացում-փակում է գյուղապետարանի դուռը: Սկզբում եղել է Դիտակի ՋՕՄ-ի (ջրօգտագործողների միության) նախագահ, հետո՝ գյուղապետի տեղակալ, 2005-ից էլ՝ գյուղապետ: Պատմում է, որ երբ գյուղապետ է դարձել, անկուսակցական էր, հետո անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Հարցնում եմ՝ ՀՀԿ անդամ լինելն ի՞նչ առավելություններ է տալիս: Մի փոքր մտածում է, հետո պատասխանում է, որ ոչ մի առավելություն էլ չի տալիս: Ասում է՝ այսքան տարի ղեկավար պաշտոնի է, բայց որևէ բիզնես չունի, միակ բիզնեսն իր մի կովն է:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ռոբերտ 08:15 - 22 ապրիլի, 2017
Ըստ երևույթին ՜՜Հետք՝՝-ի լրագրողներին ավելի շատ դուր են գալիս աղքատ գյուղերն ու աղքատ գյուղապետերը: ,Եթե Շնող համայնքի մանկապարտեզի վերանորոգումը կարգին լիներ միայն թղթերով /ինչպես կասեր մեր նախագահը / երևի ավելի լավ կլիներ:Ե ս կարծում եմ,որ կարևորը կոնկրետ կատարած գործերն են:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ