HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարերարների միջոցներով կառուցված մանկապարտեզը փակվել է․կառավարությունը ֆինանսավորելուց հրաժարվում է

2016 թվականի ապրիլին Sourire vers l'Avenir շվեյցարական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ Դիտակ գյուղի դպրոցին կից բացվեց ամբողջովին նոր պայմաններով մանկապարտեզ։ Մանկապարտեզի վերակառուցման համար շվեյցարական կողմը ներդրել է 77 500 ԱՄՆ դոլար, իսկ դրա գործարկման և վերազինման համար պետությունը 2016 թվականի բյուջեով  հատկացրեց 11 միլիոն դրամ։ Այդ գումարը նախատեսված էր մինչ  2016թ․դեկտեմբերի վերջ։

Արարատի մարզի Դիտակ գյուղը 780 բնակիչ ունի, որից 21-ը մանկապարտեզ հաճախելու տարիքի երեխաներ են։ 1992 թվականից Դիտակում մանկապարտեզը չէր գործում։  

2017 թվականի պետբյուջեով այս մանկապարտեզի շահագործման համար պետության կողմից համաֆինանսավորում չեղավ, որի պատճառով մանկապարտեզը դադարեցրեց գործունեությունը։

 

Գործունեության 8 ամիսների ընթացքում մանկապարտեզ այցելել են 4 համայնքների՝ Դիտակի, Ջրաշենի, Աբովյանի, Նշավանի, 40 երեխաներ։ Ամսական յուրաքանչյուր երեխայի համար որպես վարձավճար սահմանված էր 4000 դրամ։

Դիտակի համայնքապետ Սուրեն Սրապոյանը օրեր առաջ դիմել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին, որպեսզի նրա միջնորդությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանին կրկին հիշեցնեն համաֆինանսավորման մասին, և կառավարության կողմից գումար հատկացվի մանկապարտեզի վերաբացման համար։ Համայնքապետի մոտավոր հաշվարկներով՝ մայիսի 1-ից մինչ դեկտեմբերի վերջ, մանկապարտեզի գործունեությունը կազմակերպելու համար, անհրաժեշտ է 4-6 միլիոն դրամ։ Ասում է՝ եթե մանկապարտեզը գործի ողջ տարին, պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 8-10 միլիոն դրամ։

Մանկապարտեզի վերակառուցման համար ներդրող գտել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն։

ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այլ նախագծի շրջանակներում են ծանոթացել մանկապարտեզի վերագործարկման համար ներդրում կատարած Ալեքսանդր Ֆայեշի հետ։ Նա Դիտակ այցելել էր գյուղի դպրոցի բացմանը և այդ ժամանակ գյուղապետից հետաքրքրվել՝ արդյո՞ք գյուղում մանկապարտեզ կա, թե՞ ոչ։ Սրապոյանը նրան տեղեկացրել էր, որ ունեն մանկապարտեզ հաճախելու տարիքի 45 երեխա, սակայն չունեն մանկապարտեզ։ Ալեքսը Մանվելյանին ասել է, որ այնքան է սիրել Հայաստանը, որ ցանկանում է հայաստանցի երեխաների համար մի լավ բան անել։ Քննարկումներից հետո որոշվել է նրա ներդրումներով գյուղում մանկապարտեզ բացել։

Ելենա Մանվելյանը հավաստում է, որ եթե պետության կողմից ֆինանսավորում չլինի և չվերագործարկվի մանկապարտեզը, իրենք ևս, հետագայում ներդրում անողներ գտնելու հարցում, խնդիրներ կունենան։

«Իր մտերիմ շրջապատից ինձ ասել են, որ Ալեքսը խոստացել է դատական կարգով հետ վերադարձնել իր ներդրած գումարները գյուղապետից, մարզպետարանից։ Նա այդքան ներդրում է կատարել, բայց երեխաները մանկապարտեզ չեն գնում։ Ուրիշ երեխաներ էլ էին այդ գյուղի մանկապարտեզ գալիս, բայց չեն կարողանում գտնել այդ 8 միլիոն դրամը, որպեսզի վերագործարկեն այն մանկապարտեզը, որը նրանց նվիրել են։ Սա ինչ անպատասխանատվություն է»,-ասաց ՀԿ նախագահը։

Մանվելյանը կարծում է, որ Ալեքսանդրը լրատվամիջոցներով կպատմի, որ ինքը այդքան ներդրում է կատարել, մանկապարտեզ ստեղծել, բայց պետության կողմից աջակցություն չի եղել՝ դրա գործարկումը շարունակելու համար։ Ասում է՝ սա  շատ վատ կանդրադառնա մարզպետի, վարչապետի, Հայաստանի համար և պետությունը վատ դրության մեջ կհայտնվի։

Կառավարությունում երբ 2016-ին քննարկվում էր Դիտակի մանկապարտեզի գործարկման համար 11 միլիոն դրամի հատկացման հարցը, գործադիր ներկայացված որոշման նախագծում նշվում էր, որ այս հարցը մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներից է, դրա նպատակը համայնքներում կյանքի ստանդարտների պայմանների բարելավումն է։

Կարծես 2017-ին կառավարությունը փոփոխեց իր այս մոտեցումները՝ մանկապարտեզին համաֆինանսավորում չտրամադրելով։

Մեկնաբանություններ (1)

Դավիթ Հարությունյան
Եթե ուզում եք,որ կյառավարությունը համաֆինանսավորի կարելի է մանկապարտեզին կից ռեստորան, սաունա կամ գոնե քյաբաբնոց բացեք և կյառավարությունը անպայման կֆինանսավորի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter