Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սնանկացած ավիաընկերությունների գույքի վաճառքը դանդաղ է առաջ գնում



Սնանկացած հայկական երկու ավիաընկերությունների՝ «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» գույքը դեռեւս վաճառքի գործընթացում է: Հիշեցնենք, որ առաջինը սնանկ է ճանաչվել 2014-ի հոկտեմբերին, իսկ երկրորդը՝ 2015-ի նոյեմբերին:

Azdarar.am կայքում «Արմավիայի» սնանկության գործով աճուրդի վերաբերյալ վերջին հայտարարությունը տեղադրվել է անցյալ տարվա նոյեմբերի 30-ին: Սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտնել է, որ նախորդ աճուրդը կայացել է մասնակի ու դեկտեմբերին նշանակել է նորը: Աճուրդի են հանվել «Արմավիայի» նյութական միջոցները (այդ թվում՝ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն), որոնք բավականին մեծածավալ են, ու, ըստ վերջին հայտարարության, 1512 ենթալոտից բաղկացած լոտի մեկնարկային գինը սահմանվել է 15.265.863 դրամ: Վաճառվում է նաեւ ընկերության «CRJ 200LR» ինքնաթիռը, որը 1999 թ. արտադրության է ու ներկայում կանգնած է «Զվարթնոցում»՝ առանց աջակողմյան շարժիչի ու ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգերի: Օդանավի գինը 125.524.238 դրամ է: Աճուրդի մեջ է նաեւ «Արմավիայի» պարտավորությունների համար «Ամերիաբանկում» գրավադրված «Դիլիջան Ֆրոլովա» գործարանը մայրաքաղաքի Կիլիկիա թաղամասի Այասի 10/2 հասցեում: Այն ներառում է գրասենյակային մասնաշենք, սառնարային կոմպլեքս, պահեստային տարածք, լողավազան, հողամաս: Գործարանի գինը 1.047.330.000 դրամ է: 

Այն բանից հետո, երբ ավիաընկերության ու դրան առնչվող իրավաբանական անձանց գույքը հանվեց աճուրդի ըստ լոտերի, ամբողջությամբ վաճառվել են միայն Ծաղկաձորում գտնվող «Ծաղկատուն» հանգստյան տունն ու նույնանուն հյուրանոցը, որոնք գրավադրված էին «HSBC» բանկում: Մյուս լոտերի իրացումը, փաստորեն, բավականին դանդաղ է առաջ գնում:

«Էյր Արմենիա» ընկերության գործով առաջընթացը, կարծես, ավելի տեսանելի է: Մարտի 10-ին աճուրդը կայացել է մասնակի, ու հերթականը հայտարարվել է վաղը՝ ապրիլի 18-ին: Աճուրդի է հանվել ընկերության տերերից Արսեն Ավետիսյանի ծնողներին պատկանող առանձնատունը, որի գինը եթե անցյալ տարվա օգոստոսին ավելի քան 813 միլիոն դրամ էր, հիմա իջել է մինչեւ 592.975.890 դրամ: Անշարժ գույքը գրավադրված է «HSBC» բանկում, որի պահանջով էլ ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց: «Էյր Արմենիայի» գրասենյակային գույքը, որը բաղկացած է 32 ենթալոտից, այսօր վաճառվում է 578.262 դրամով: Սկզբնապես դրա գինը շուրջ 3 մլն էր: 2 ենթալոտից կազմված հիմնական եւ շրջանառու միջոցներն էլ գնահատվել են 7.810.830 դրամ (անցյալ տարվա օգոստոսին ավելի քան 19 մլն էր): Սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը կարողացել է իրացնել աճուրդի հանված 11 ավտոմեքենաներից 4-ը՝ 2 հատ «Ֆոլցվագեն Տուարեգ», 1 հատ «Մերսեդես-Բենց Վիտո» եւ 1 հատ «Կիա Սորենտո»: Ներկայում աճուրդում են՝

«Բենտլի Կոնտինենտալ GT» (2004 թ. արտադրության), գինը՝ 9.518.108 դրամ,
«ՎԱԶ 21214» (2004 թ.), գինը՝ 813.105,
«ԳԱԶ 2705-34» (2004 թ.), գինը՝ 621.078,
«ԳԱԶ 3110-121» (2003 թ.), գինը՝ 282.195,
«Մերսեդես-Բենց Վիտո-112» (2002 թ.), գինը՝ 1.195.743,
«Մերսեդես-Բենց Վիտո» (2006 թ.), գինը՝ 2.726.293,
«Շկոդա Ֆաբիա 1.6» (2012 թ.), գինը՝ 1.530.550:        

Հիշեցնենք, որ գույքի իրացումից հետո երկու ավիաընկերություններն էլ լուծարվելու են: Երկուսն էլ ունեն մեծաթիվ պարտատերեր, ու հստակ կարելի է ասել, որ բոլորի պահանջները նշված գույքի վաճառքից հնարավոր չէ բավարարել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Մարկ20:25 - 17 ապրիլի, 2017
բենտլիի գինե հաստատ ճիշտ ա ? 20,000 դոլար անհնար ա լինի
2. հեղինակ15:19 - 19 ապրիլի, 2017
հնարավոր է. https://www.azdarar.am/announcments/org/46/00259285/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ