HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամուց պոկված տանիքի տակ սովորող երեխաները եւ «գոհ ու շնորհակալ» տնօրենը

2015 թվականի նոյեմբերի 13-ին ուժեղ քամին պոկել է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո գյուղի դպրոցի տանիքը: Այդ օրվանից երբ դրսում անձրև է լինում, դպրոցի շենքի ներսում ևս անձրև է տեղում: Տանիքի բացակայության պատճառով ներս թափանցած անձրևաջուրը խոնավեցրել է պատերը, թափել ծեփերը: Այժմ դպրոցը վերանորոգման խիստ կարիք ունի: 

1989 թվականին կառուցված դպրոցի շենքը տիպային է՝ նախատեսված ավելի քան 100 աշակերտի համար: Այդքան աշակերտ Հակոյի դպրոցը վաղուց չունի, դպրոցի շենքի մի մասն է օգտագործվում: Դպրոցում մեկ դասարանի չափ՝ 20 աշակերտ է մնացել։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին 100-ից ավելի աշակերտ կար դպրոցում: Եթե հանդեսներ են լինում, ապա դրանք կազմակերպվում են ոչ թե դասարանի, այլ դպրոցի բոլոր դասարանների մասշտաբով:

Անձրևաջրերը հասել են նաև երկհարկանի դպրոցի առաջին հարկ: Կաթող առաստաղի հարեւանությամբ «Բարի գալուստ» և «Սիրիր հայրենիքդ» գրություններն են։ 

Դպրոցի խոնավությունն ու սառնությունը հաղթահարելու համար մեր այցելության օրն ուսուցիչները հավաքվել էին արևկող դասասենյակներից մեկում:

Եզդիաբնակ գյուղում միայն մեկ հայ ընտանիք է ապրում՝ դպրոցի տնօրենի ընտանիքն է, որն ավելի քան 30 տարի առաջ է տեղափոխվել Հակո: Տնօրենից բացի՝ նրա որդին և հարսը ևս դասավանդում են դպրոցում:

Մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանի հետ հեռախոսազրույցից հետո 2009-ից դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնած (դրանից առաջ եղել է հանգուցյալ ամուսինը) Լիդիյա Գրիգորյանը հարցազրույց տալ չցանկացավ: Ասաց, որ ինքը գոհ է թե մարզպետից, թե կառավարությունից, քանի որ կառավարությունն անցյալ տարվա վերջին դպրոցի տանիքի մի մասի համար 1 մլն դրամի չափով գումար է հատկացրել, ծածկի նյութերը գնվել են: Օրերը տաքանալուն պես գյուղացիների օգնությամբ այն պետք է նորոգվի: Շինության հյուսիսային կողմը, սակայն, չի նորոգվելու:

Տանիքի փոփոխությամբ դպրոցի նորոգման հարցը չի լուծվի, քանի որ այն «թրծվել» է ջրով և վերանորոգման ենթակա է:  Նոր տանիքը կդադարեցնի անձրևաջրերի հետագա հոսքը դպրոց:

«Ինչքան էլ տանիքը վերանորոգենք, թազացնենք, նայեք՝ ներսն ինչ վիճակ է: Շատ վտանգավոր վիճակ է՝ ճեղքեր ու բաներ»,- ասում է տնօրենի որդին՝ մաթեմատիկայի ուսուցիչ Տարոն Գրիգորյանը:

«Էս ռեմոնտի հարցով լուսաբանել պետք չի, մեր մարզպետը մեզ նայում է,- ասաց տնօրենն ու դիմեց որդուն,- էս մարդիկ մենակ ԶԼՄ են, մենակ պիտի լուսաբանեն, ես որ իմանամ՝ բիզնեսմեն են, գումար կտան, կգտնեն բարերարներ»:

«Կարող է բարերարը մեզ գտնի»,- հակադարձեց որդին:

«Չի գտնի, հեռու ենք մենք, ես զարմացա, որ դուք մեզ գտաք»,- դիմելով մեզ՝ շարունակեց տնօրենը: 

Բացի դպրոցի անմխիթար վիճակից, այստեղ մասնագետներ ևս չկան: Մի առարկայի ուսուցիչը մի քանի այլ առարկա է դասավանդում: Աշխարհագրության ուսուցչուհին (տնօրենի հարսն է) ասում է, որ հայտարարություն են տալիս, դիմող չի լինում, ստիպված ժամերը բաժանվում են եղած ուսուցիչների վրա: Ինքը ևս, աշխարհագրությունից բացի, այլ առարկա է դասավանդում: 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին Թալինից է գալիս: Երբ հարցնում եմ, թե դպրոցից բուհեր ընդունվող աշակերտներ լինում են, չի կարողանում հիշել: Քիչ հետո հիշում են, որ այս դպրոցի նախկին սան Զորիկ Սադոյանն այժմ Կրասնոդարի քաղաքային դումայի պատգամավոր է: 

Ուսուցիչներն ասում են՝ առաջադիմությունը բարձր չէ, սովորող երեխաներ, այդուհանդերձ, կան, որոնց մի մասը դպրոցն ավարտելուց հետո Թալինի ուսումնարան է ընդունվում:  

Մամել Սադոյանը

Առաջադիմության հարցում մի խոչընդոտ էլ լեզուների իմացությունն է. եզդի երեխաները, երբ սկսում են դպրոց հաճախել, հայերեն գրեթե չեն իմանում: Հետևաբար՝ դպրոցում առաջին տարին սովորում են նախ հայերենը, երկրորդ դասարանից նոր եզդիերենը: Քանի որ դպրոցը հայկական է, առանց հայերենի իմացության չեն կարողանա հաղորդակցվել հայ ուսուցիչների հետ: Երրորդ տարին սկսում են ուսումնասիրել օտար լեզուն՝ անգլերենը: Ստացվում է, որ միանգամից երեք լեզու են փորձում սովորել: Առաջին դասարանի ուսուցիչներն էլ իրենց հերթին եզդիերեն են սովորում, որպեսզի իրենք էլ կարողանան հաղորդակցվել երեխաների հետ: Առաջին տարվա վերջին եզդի երեխաները սկսում են շփվել հայերեն:

Դպրոցում միայն մեկ եզդի ուսուցիչ կա՝ եզդիերեն դասավանող Մամել Սադոյանը: Վերջինս էլ պատմում է, որ եզդիերենի դասագրքերը փոքր-ինչ դժվար են երեխաների համար, քանի որ դասագրքերում եզդիերենի ու քրդերենի տարբերությունն էական է. եզդիերենի քերականությունն ավելի է հեռացվել քրդերենի քերականությունից, իսկ իրենց խոսակցականն ավելի մոտ է քրդերենին:

Հ.Գ. Դպրոցի ներսից լուսանկարահանել տնօրենը ևս թույլ չտվեց: Այդ պատճառով դպրոցի անմխիթար վիճակի մասին այլ պատկերներ չկարողացանք ստանալ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter