HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ավտոստոպ. Երևան-Թբիլիսի-երևան

Մի քանի օր առաջ ուղղակի զբոսնում էի Երևանի կենտրոնով ու փողոցային կադրեր փնտրում: Արդյունքում զբոսանքը վերածվեց Երևան-Թբիլիսի-Երևան ավտոստոպի: 

Ռոզելը Ֆիլիպիններից է, նրա հետ մի քանի օր առաջ Երևանում էի ծանոթացել, ընկերուհու հետ ինչ-որ խանութի տեղ էին հարցնում, ալարեցի տեղը բացատրել, ասացի կարող եմ տանել ցույց տալ խանութը: Այդպես զրուցելով գնացինք, ճանապարհին Ռոզելն ասաց, որ ուզում է գնալ Թբիլիսի՝ պարապլանով թռչելու: Առաջարկեցի ավտոստոպով գնալ:

Երկու օրից պայմանավորված ժամին դուրս եկանք ճանապարհ. Ռոզելն առաջին անգամ էր կյանքում ինչ-որ տեղ գնում ավտոստոպով, առաջին մեքենան ինքը կանգնեցրեց:

Երևան-Սևան մայրուղու վրա ինչ-որ ավտովթար էր. տուժողներ չկային, բայց մեքենան այրվել էր ամբողջությամբ:

Ճանապարհին բազմաթիվ հեծանիվով ճանապարհորդներ կային:

Հրազդանից մի մեքենա նստեցինք, որով ծաղիկներ էին տեղափոխում: Դիմացը մի հոգու տեղ էր միայն. ես տեղավորվեցի բեռնախցիկում՝ գազի բալոնի վրա, շրջապատված հարյուրավոր ծաղկեփնջերով:

Ծովագյուղի ճանապարհի հայտնի «ձուկ ծախող» մանեկենը ձմեռային հագուստը փոխել էր գարնանայինի:

Ծաղկավաճառները բնականաբար վերջում Ռոզելին վարդ նվիրեցին:

Դեպի Իջևան:

Իջևանի այս սրճարանում մի փոքր սնվեցինք, դեռ երկար ճանապարհ կա մինչև Թբիլիսի: 

Սրճարանից այսպիսի տեսարան է բացվում դեպի Աղստև գետը:

Տավուշում ամենուր կանաչ է, ծառերը ծաղկել են:

Իջևանից Շամշադինի խաչմերուկ տանող այս մեքենան ճանապարհին երկու անգամ փչացավ, «խարաբ եղավ», ինչպես ասաց վարորդը, մի քանի րոպե նորոգելուց ու միասին հրելուց հետո այն մեզ հասցրեց մինչև «կռիվոյ»-ի խաչմերուկ:

Դեպի Նոյեմբերյան:

Հաջորդ մեքենան մեծ բեռնատար էր՝ «Զիլ», համարյա մինչև սահման դրանով գնացինք: Ռոզելը գրեթե ամբողջ ընթացքում քնած էր նստած տեղը:

Հայ-վրացական սահմանին Ռոզելը մտածում էր՝ հնարավոր է իր անձնագրով չթողնեն հատել սահմանը:

Սահմանը բարեհաջող անցանք. գյուղ Սադախլո:

Ռոզելն առաջին անգամ էր Թբիլիսիում:

Արդեն սովորություն է դարձել Թբիլիսի հասնելուն պես Սամիկիտնոյում խինկալի ուտելը:

Սկսեց անձրևել, իսկ մենք դեռ քարտեզի օգնությամբ փորձում էինք գտնել այն սրճարանը, որտեղ ծանոթներիցս մեկը՝ Լյոշան մեզ գիշերելու տեղ պիտի տար իր տանը:

Kiwi Cafe-ն Թբիլիսիի միակ բուսակերական-վեգանական սրճարանն է:

Լյոշան այստեղ խոհարար է աշխատում:

Լյոշայենց տուն տանող կարճ ճանապարհը:

Տունն առանձապես մեծ չէ, կիսանկուղային է, բայց Լյոշան ասում է, որ դա կարևոր չի, կարևորը, որ այն կենտրոնում է:

Վրաստանում նույնպես պատրաստվում են Զատիկին: Խանութներում իրարանցում է:

Կատուները Թբիլիսիում ամենուր են:

Ֆրիդայի հետ Լյոշաենց տանը ծանոթացանք. նա պատմեց Թուրքիայում գործող ֆեյսբուք մի խմբի մասին, որտեղ միայն ավտոստոպով ճանապարհորդողներ են գրանցված՝ մեկ միլիոնից ավելի անդամ: Նրանցից մեկը գրառում էր արել, որ մի քանի օրից ամուսնանում է, ու բոլոր ցանկացողներին հրավիրում է իր հարսանիքին: Արդյունքում մոտ 500 հոգի երկրի տարբեր ծայրերից ավտոստոպով եկել էին հարսանիքին: Նորապսակների ծնողները մի քանի օր շոկից դուրս գալ չէին կարողանում:

Թբիլիսիում փողոցային արվեստն ամենուր է:

Ռոզելն այդպես էլ չկարողացավ թռչել պարապլանով, որովհետև անձևրոտ էր, ու մենակ վերադարձավ Երևան: Kiwi-ում ծանոթացա Մառտայի ու Իրինայի հետ, առաջարկեցի միասին գնալ Երևան. նրանք մինչ այդ չէին եղել Հայաստանում:

5 րոպե մտածելուց հետո նրանք համաձայնեցին, քիչ անց արդեն Թբիլիսի-Գոգավան ճանապարհին էինք:

Լյոշայի ընկերուհին՝ Կատյան, մեզ մի քիչ բուսակերական ուտելիք էր տվել ճանապարհի համար:

Մեզ Հայաստան տանող մեքենայի վարորդը Տաշիր քաղաքից էր. ճանապարհին այցելեցինք Թամար թագուհու բերդ:

Մառտայի ուսապարկը ջրակայուն էր, ճանապարհին տեղացող հորդառատ անձրևից ջուր չէր քաշում:

Մթնում է:

Քաղաք Տաշիր:

Մեր մտքով չէր անցնում, որ հաջորդ մեքենայի վարորդը կտանի այս բլրի վրա գտնվող եկեղեցին ցույց տալու:

Մի քանի րոպեից արդեն եկեղեցու մոտ էինք:

Աշոտ Երկաթի բերդը: Վարորդն ու իր ընկերը մեզ խոստացել էին մինչև Ստեփանավան տանել: 15-20 րոպեանոց ճանապարհն անցնանք մոտ երկու ժամում, որովհետև նրանք ուզում էին պարտադիր ցույց տալ ճանապարհի բոլոր գեղատեսիլ վայրերը:

Ստեփանավում մեզ հանդիպած այս տղաները հյուրընկալության բոլոր ռեկորդները խփեցին. սկզբում առաջարկեցին ուղղակի քաղաքից դուրս հանել, հետո առաջարկեցին մինչև Վանաձոր հասցնել, հետո որոշեցին, որ ուզում են հանդիպել Երևանում ապրող իրենց ընկերներին ու տարան մինչև մեր տուն:

Կեսգիշերին արդեն տանն էինք:

Իմ ավտոստոպի պատմությունն այդքանով ավարտվեց, բայց աղջիկներինը դեռ շարունակվում է:

Նրանք երկու օր մնացին Երևանում:

Հյուսիսային պողոտայում ծանոթացանք Միռեշի հետ. նա ֆրանսիայից է, արդեն 8 ամիս է, ինչ ճամփորդում է, Հայաստանը նրա 16-րդ երկիրն է: Միռեշը ոչ մի սոցիալական կայքում գրանցված չէ, հեռախոս չունի: Հոսթելի համար վճարում է օրվա ընթացքում երգով վաստակած գումարով:

Մառտայի ու Իրինայի ավտոստոպը շարունակվում է. այսօր նրանք Երևանից ուղղություն վերցրեցին դեպի Մինսկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter