HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում»

Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ողջունելով նման ձևաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ Ս. Սարգսյանը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարևորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, և տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության:

Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձևաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլև բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին և անվտանգության սպառնալիքներին: Ս.Սարգսյանն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին, դրանց միջազգային դիտորդական առաքելությունների տված գնահատականներին, այլև պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Դեսպանների հարցերը վերաբերել են ինչպես Ս. ՍԱրգսյանի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, այնպես էլ՝ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ սկսված համագործակցության զարգացման ծրագրերին, նաև՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:

Դեսպանները շնորհակալություն են հայտնել Ս. Սարգսյանին նման ձևաչափով հանդիպումները պարբերական դարձնելու համար և նշել, որ բաց ու անկեղծ մթնոլորտում տեղի ունեցող զրույցի ընթացքում իրենք հնարավորություն են ստանում բավականին կարևոր և հանգամանալից տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի մասին անմիջապես երկրի Նախագահից, լսել տարբեր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Նախագահի տեսակետներն ու պատկերացումները: 

Խորհրդարանական ընտրությունների հետ կապված Ս.Սարգսյանը նշել է, որ ոչ միայն ընտրությունների պարագայում, այլև բոլոր երևույթները գնահատելիս, մշտապես աշխատում է խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից և նախընտրում է գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական: «Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում: Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: ,-ասել է Ս. ՍԱրգսյանը:- Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը»,-նշել է նա, միաժամանակ ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները. «Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»,-ասել է Ս. Սարգսյանը:

Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, ըստ Սերժ Սարգսյանի, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը: 
«Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ Խորհրդարանական վեhաժողովի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում: 

Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: Ուրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, և մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը»,-ասել է Ս.Սարգսյանը:

Հանդիպման ներածական խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է և լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար: «Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաև ձեր երկրների աջակցությանը»,-ընդգծել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter