HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակո. եզդիաբնակ գյուղի «ղոչաղ» կանայք, վառվող ոչխարի բուրդը և մնացած 20 տունը

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո գյուղում հատ ու կենտ մարդիկ են երևում, բայց Քուբարենց տան մոտ աշխուժություն է. «շարժական» խանութն է եկել գյուղ, կանայք առևտուր են անում: Զուգահեռ սպասում են թոնրի կրակը նորից թեժանա, որ Քուբարի հացը թխեն: 30 րոպե առաջ հարևանի մեկ պարկ ալյուրը լավաշի վերածվեց, հերթը Քուբարինն է:  

«Շարժական» խանութ ասվածն էլ թալինցի առևտրականի միկրոավտոբուսն է, որը շաբաթական 1-2 անգամ հասնում է Հակո, որպեսզի գյուղացիները գնումներ անեն: Խանութ կամ առևտրային այլ կրպակ գյուղում չկա: «Խանութպանը» ճանաչում է բոլորին և «նիսյայով» ապրանք է տալիս մինչև հաջորդ այցելություններից մեկը, երբ գյուղացին կարողանա վճարել:

Թոնրի կրակը թեժանում է ու հետո հանգչում: Կանայք նստում են իրենց գործին:

16 տարեկանից Քուբարը թոնրում հաց է թխում: 30 տարին անցել է, բայց թոնրի ծխից միևնուն է՝ աչքերը կարմրում ու արցունքակալվում են: Խայլազ տատին ասում է՝ Քուբարը իրենց գյուղի ղոչախ կանանցից է. ամենալավ ու արագաշարժ հացթուխն է, իսկ երբ ջահել էր, ձի էր քշում: Հիմա էլ ձի չի քշում, փոխարենը գյուղի տղամարդկանցից լավ հունձ է անում:

«Մեկ էլ հունձի վախտ եկեք, տենաք ինչ գերանդի է քաշում»,- ավելացնում է Քուբարի հարևանը՝ Խազե Խդրյանը:

Քուբարի թոնիրը

Խմորի գնդերը բացում են Զինե Թամրյանը և Խայլազ Չարչոյանը: Խազեն թխել չգիտի, բայց օգնում է կանանց՝ լավաշն է դարսում: Զինեն 31 տարեկան է, 4 երեխա ունի: Խայլազ տատն էլ հավաքվածներից ամենատարեցն է՝ 67 տարեկան: Ինչ հարց տալիս եմ, կանայք պատասխանի իրավունքը Խայլազ տատին են թողնում: Ասում են՝ գյուղապետի մայրն է, նա գիտի ու կպատմի:

Ամենաթեժ կետում Քուբարն է: Պիտի հասցնի երկու գրտնակողներից խմորը վերցնի, ձեռքերով «շոյի», որ մեծանա, ռաֆաթայի վրա տեղավորի ու «փակցնի» թոնրի պատին: Մինչ մյուսի գնդին անցնելը լավաշը պատրաստ է, պետք է հանի, որ չվառվի: Այդպես մինչև մեկ պարկ ալյուրը կվերածվի լավաշի:

Քուբարը

Քուբարի շարժումներն արագ են ու հմուտ: Ձեռքերը «թրծվել» են ամեն տեսակի կանացի և տղամարդու գործեր անելու մեջ. կոշտացել են, թոնրի ջերմությունն այլևս անզոր է վառել նրա մատերը: Մերթընդմերթ թոնրի ծխից արցունքակալվող աչքերն է սրբում: 5 երեխա է մեծացնում Քուբարը, ամեն օր 6 կով և 40 ոչխար կթում: Միակ որդին էլ բանակում է ծառայում:

Թալինից 20 կմ է հեռու Հակոն, բայց ճանապարհներն անբարեկարգ ու փոսառատ են, ինչի հետևանքով 20 կմ-ն ավելի դժվար է հաղթահարվում, քան Երևանից Թալին ձգվող 70 կմ-ը:

Զինեի դուստրը

Թալինից Թաթուլ գյուղից Հակո ճանապարհին միայն մեկ մեքենա է հանդիպում: Շուտով անմարդաբնակ թվացող տարածքի տպավորությունը կոկիկ մշակված հողատարածքներն են կոտրում: Հողագործությունն ու անասնապահությունը միակ զբաղմունքն է, որ ունեն Հակո գյուղի եզդիները: Ոռոգման համակարգը գյուղում չի գործում խորհրդային տարիներից հետո: Ցորենի ու գարու ցանքատարածություններն անձրևի հույսին են:

Խայլազ Չարչոյանն ասում է, որ անասուններից էլ արդեն եկամուտ չեն ստանում: Նա ամեն օր 100 ոչխար է կթում: Կաթը հանձնում են լիտրը 150-160 դրամով: Բայց եթե նախկինում ոչխարի բուրդը ևս եկամուտ էր ապահովում, հիմա բուրդը վառում են, որովհետև գնող չկա:

«Ուզում ենք խանութ լինի, տրանսպորտ լինի, ավտոբուս լինի՝ ժողովրդին տանի-բերի, գործարան լինի՝ աշխատենք: Հիմա մենք անասուն ենք պահում, ոչխար, էդ բրդերը ոչ մեկը չի վերցնում, վառում ենք, դե արի պահի: Չարչարվենք, աշխատենք, գին չունի: Սովետի վախտով տանում էին, մարդիկ բուրդը վաճառում էին, իրենց էրեխեքին ուտելիք էին առնում, կոշիկ, շոր էին առնում, հիմա գին չունի»,-ասում է Խայլազ տատը:

Խմելու ջուր գյուղը տարիներ շարունակ չուներ: Վերջապես անցյալ տարի այդ հարցը լուծվել է: Խայլազ տատը կատակում է՝ երբ ջուր չկար, մարդիկ կային, մինչ ջուրը քաշեցին, մարդիկ գնացին: 1990-ականների 150-ից տնից Հակո գյուղում մնացել է 20 տուն: 

Գյուղապետ Սերյոժա Չարչոյանը տեղեկացրեց, որ գյուղում չնայած գրանցված է ավելի քան 207 բնակիչ, փաստացի ապրում է 107-ը:

Չնայած եզդիները բազմազավակ են, բայց քամուց պոկված տանիքով դպրոցում 20 աշակերտ է սովորում: 2019թ. ուսումնական տարում միայն 1 աշակերտ առաջին դասարան կգնա, այն էլ՝ գյուղում միակ հայ ընտանիքի՝ դպրոցի տնօրենի թոռնուհին:

Հակոյի դպրոցը

Հակոյի եզդիները հայերի հետ չեն ամուսնանում, բայց կենցաղի բոլոր դրվագները հայաֆիկացվել են:

Այսօր եզդիների Նոր տարին է՝ Մալաքե Թաուսը: Կանանցից հետաքրքրվում եմ ամանորյա սեղանին դնելու և ազգային ուտեստների մասին: Ասում են՝ Նոր տարին հունվարի 1-ին են նշում, իսկ սեղանին խաշլաման, խորովածն ու քյուֆտան է լինում: Ձավարով ճաշերը, որ եզդիներն են պատրաստում, հիմա չեն եփում: Խայլազ տատն ասում է՝ ջահելները դա չեն ուտում:  «Էն վախտ պառավները ղազանով կդնեին վրեն, յուղն էլ կլցնեին, կուտեին: Բայց հիմա կուտե՞ն, չեն ուտի էլ: Կիսուրս կռուշկեն զարկեր, յուղը կխմեր, հիմա կխմե՞մ ես»,- ասում է Խայլազ տատը:

Հակոյի հարսները, տեղացիներից բացի, եզդիաբնակ կամ քրդաբնակ գյուղերից են: «Մեկը մյուսին ծանոթ է, բարեկամ կամ հարևան է, էդպես իմանում ու հարս են բերում»,- ասում են կանայք:

«Ընձի ինքնա բերել»,- ասում է Քուբարը՝ ցույց տալով Խայլազ տատին, ով Քուբարի հորեղբոր աղջիկն է: 

«Չբերեի կմնար»,- կատակում է Խայլազ տատը:

«Քուբարն անգամ ձի է քշել, Քուբարը կմնա՞ր»,- կատակում է մեկ ուրիշը: 

«Բորիսը չէր տեսել, որ ձի է քշում, որ տենար, չէր բերի»,- շարունակում է Զինեն:

Քուբարի լավաշի «ծալքը» պատրաստ է: Կանայք այս մի գործն ավարտած համարելով՝ անցնում են մյուսներին: Մեկ ամիս անց նորից Քուբարն իր ընտանիքի համար լավաշ կթխի, իսկ մինչ այդ հարևանների թոնիրներում նրանց է օգնելու: Հակոյում բոլոր տներում թոնիր կա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter