HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Նասիբյան․ «Երեքնուկը երեք տերև ունի, իսկ մեր խումբը՝ երեք հիմնադիր»

Ամալյա Մարգարյան

Աննա Նասիբյանը Երևանում համալսարանն ավարտելուց հետո Կողբ է վերադարձել, նկարչություն դասավանդել տեղի գեղարվեստի դպրոցում։ «Դժվար էր, քանի որ պետք է ընտրություն կատարեի Երևանում և գյուղում առաջարկվող աշխատանքների միջև», -ասում է Աննան:   

Նա պատմում է, որ գեղարվեստի դպրոցում աշխատելու հետ զուգահեռ իր կոլեգաների՝ Արուսյակ Փաշիկյանի և Սաթենիկ Ղուլիջանյանի հետ ձեռագործության խումբ են հիմնել՝ «Երեքնուկ» անունով, և սկսել ձեռագործ աշխատանքներ պատրաստել: «Հիմնադրումից առաջ մտածում էինք՝ ի՞նչ անել, որը և' նոր կլիներ, և' կտարբերվեր: Սկսեցինք բնական կաշվի վրա նկարել, և դրանից պատրաստել դրամապանակներ, պայուսակներ, աքսեսուարներ, հուշանվերներ»,- հիշում է Աննան:

«Երեքնուկը» ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ինքներս պետք է մեր նյութերի համար գումար վաստակեինք և աշխատանքների վաճառքից ստացած գումարով հոգայինք գեղարվեստի դպրոցի ծախսերի մի մասը»,- ավելացնում է Սաթենիկ Ղուլիջանյանը:

«Երեքնուկը» արդեն 12 տարի է գործում է, խմբի անդամները պատրաստում են կաշվե նկարազարդ դրամապանակներ, պայուսակներ, ակնոցի պատյաններ, թևնոցներ, մետաղյա զարդեր և այլ հուշանվերներ: Աննա Նասիբյանը նշում է, որ «Երեքնուկ» անունը կապված է տարածաշրջանում տարածված նույնանուն բույսի հետ:

«Որպես մեզ ներկայացնելու միջոց` բնության մի դետալ ընտրեցինք: Երեքնուկը երեք տերև ունի, իսկ մեր խումբը՝ երեք հիմնադիր»,- ասում է Աննան։

Աննա Նասիբյանը

«Երեքնուկի» անդամները ձեռագործ իրերի վրա պատկերում են հայկական զարդանախշեր, խորհրդանիշներ, մուլտֆիլմերի և գրքերի հերոսներ: Ձեռագործ աշխատանքները պատրաստելու համար օգտագործում են բնական կաշի, մետաքս, տարբեր ներկեր և այլ նյութեր:

«Մեր աշխատանքները բազմազան են, նկարազարդման թեմաները նույնպես` սկսած հայկական ազգային զարդանախշերից, դեկորատիվ նախշերից մինչև գունանկարներ: Որպես առանձին ճյուղ` օգտագործում ենք մանրանկարչությունը: Պայուսակների, դրամապանակների, պատյանների վրա պատկերվող սիմվոլները վերցված են հայկական մանրանկարչության դետալներից։ Ես հաճախ մանրանկարներ եմ անում, Սաթենիկը` դեկորատիվ պատկերներով նկարազարդումներ, իսկ Աննան դիզայնով է զբաղվում»,- ասում է Արուսյակ Փաշիկյանը:

Արուսյակ Փաշիկյանը

«Երեքնուկի» առաջին համագործակցությունը եղել է Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հետ, հետո ցուցահանդեսների են մասնակցել, աշխատանքները հուշանվերների խանութներում ներկայացրել: Հիմա համագործակցում են «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի» հետ, ինչի շնորհիվ աշխատանքները ներկայացնում են ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև Կանադայում, Գերմանիայում, Նորվեգիայում։ Արուսյակն ասում է, որ փորձառությունն արվեստում կարևորում է, նշում է, որ դժվարությունների հիմնական փուլն արդեն հաղթահարել են, իսկ առաջ եկող դժվարությունները` հեռավորությունը, գնորդների հետ կապը փորձում են լուծել համացանցի միջոցով:

Սաթենիկ Ղուլիջանյանը հիմա ապրում ու աշխատում է Գերմանիայում, նշում է, որ հեռավորությունը խանգարող դեր է ունեցել, սակայն չի դադարել աշխատել, որի շնորհիվ նոր հնարավորություն է ստացել ներկայանալ Հայաստանից դուրս և ներկայացնել ստեղծագործական խմբի աշխատանքները:

Սաթենիկ Ղուլիջանյանը

««Երեքնուկը» ստեղծագործելու անսպառ միջոց է։ Ստեղծում ես, զարգացնում ես, ու կատարածդ կաթիլ-կաթիլ նստվածք է տալիս, «Երեքնուկն» այդպես ենք զարգացրել, դա ամենակարևորն է»,- ասում է Աննան:

Հիմնադրումից հետո «Երեքնուկին» է միացել Արա Ղուլիջանյանը, նա զարդեր է պատրաստում մետաղից: Երեքնուկ» ստեղծագործական խումբը համախմբում է նաև տարածաշրջանի` ձեռագործությամբ զբաղվող երիտասարդներին, ովքեր նույնպես իրենց մասնակցությունն են ունենում «Երեքնուկի» ստեղծագործական աշխատանքներում:

լուսանկարը` «Երեքնուկ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter