HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղբայր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատեք». կայացավ դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը

Ելենա Արամյան

«Իմ քրեական գործով դատախազական հսկողությունը իրավասու է և պարտավոր է իրականացնել միայն ՀՀ գլխավոր դատախազը, ուրիշ ոչ ոք»,- այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը:

Բարսեղյանի կարծիքով՝ դատախազ Կարեն Բիշարյանը, ով այժմ պաշտպանում է իր քրեական գործով մեղադրանքը, չի համարվում պատշաճ մեղադրող, քանի որ վերջինս չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել՝ դատավարական լիազորություններ չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

«Եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատե՛ք»,- իր խոսքում ասաց ամբաստանյալը՝ խնդրելով դատարանին դատախազ Բիշարյանին հեռացնել գործի վարույթից:   

Իշխան Բարսեղյանը

Վերջինիս պաշտպաններից Արայիկ Ղազարյանը հավելեց, որ դատախազ Բիշարյանը մեղադրանքն ինքնուրույն կերպով պաշտպանելու համար չունի օրենքով սահմանված գործառույթ, հետևաբար չունի նաև լիազորություն:

Բիշարյանն առարկեց՝ հայտարարելով, որ միջնորդությունը պետք է պարունակի իրագործելի պահանջ:

«Այս միջնորդության մեջ ամբողջությամբ իրավական ակտի կամայական մեկնաբանություն է ներկայացված»,- ասաց դատախազն ու հավելեց՝ պարտադիր չէ, որ դատական գործով դատավորի մեղադրանքը պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազը:  

Ամբաստանյալի այն խոսքին, որ սույն գործում գլխավոր դատախազին փոխարինում է մեկ այլ դատախազ, Բիշարյանը հակադարձեց, թե ինքը չի փոխարինում գլխավոր դատախազին, այլ հենց ինքն է ներգրավվել այս գործում: «Որևէ կերպ չի կարող քննարկվել ներգրավված դատախազի պատշաճ լինելու հանգամանքը: Գոյություն չունի դատախազին վարույթից հեռացնելու ինստիտուտ»,- ասաց Բիշարյանը:

Դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ դատախազի լիազորությունները պատշաճ համարելով: Ամբաստանյալն ընդդիմացավ դատավորի որոշմանը, այնուամենայնիվ ասաց, որ բացարկ չի ներկայացնում նրան:

Ապացույցների հաջորդականության կարգը որոշելիս ամբաստանյալի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատաքննության ընթացքում նախ հետազոտվեն գործով իրեղեն ապացույցներն ու վկաների ցուցմունքները, այնուհետև վերջիններս դատարանում վկայություն տան: Դատարանը բավարարեց միջնորդությունը` դատը հետաձգելով մինչև ապրիլի 28-ը:  

Հիշեցնենք, որ դատավորի վերաբերյալ քրեական գործը դատարան է ստացվել ամիսներ առաջ: Գործի նախապատրաստական փուլում այն վարույթ ընդունած դատավոր Կարեն Մարդանյանը տեղափոխվել է մեկ այլ դատարան, և Բարսեղյանի գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter