HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարեն Վարդանյանի սպանության գործով ցուցմունք տվեց նրա ազգականը

«Կարենը գերխելացի տղա էր, բայց շատ միամիտ էր, միշտ պատրաստ էր օգնել մարդկանց, նրանց նկատմամբ ո՛չ հավատը, ո՛չ վստահությունը չէր կորցրել»,- Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստին Կարենին այսպես բնութագրեց նրա ազգական, վկա Սուսաննա Թահվերդյանը: Կարեն Վարդանյանը Թահվերդյանի հորեղբոր թոռն է:

Տիկին Սուսաննայի խոսքով` ինքը Կարենին վերջին անգամ տեսել է տեղի ունեցած իրադարձություններից մոտ մեկ ամիս առաջ: (Կարեն Վարդանյանն անհետացել է 2016-ի մարտի 17-ին, ապրիլի 1-ին հայտնաբերվել է նրա դին):

Կարենի` բնակարանը վաճառելու մտադրության կամ որևէ մեկին այն նվիրելու վերաբերյալ վկան որևէ տեղեկություն չի ունեցել:

Թահվերդյանի խոսքով՝ Կարենի անհետանալու մասին ինքն իմացել է վերջինիս դիմացի հարևանուհի Մարգարիտայից:

«Մարգարիտան զանգահարեց ու ասաց, որ մի քանի օր է՝ Կարենը չկա, նրանց դուռն ուզում են բացել, ասում են, որ տունը վաճառված է»,- պատմեց Թահվերդյանը՝ նշելով, որ դրանից հետո ինքն ու Կարեն Վարդանյանի մորաքույրը՝ Մարինե Մկրտչյանը, գնացել են Կարենի հարևանուհու տուն:

Ըստ Թահվերդյանի՝ հարևանուհու տուն են եկել նաև Գևորգ Զոհրաբյանն ու վերջինիս մայրը, և Զոհրաբյանի պահվածքում ինքը կասկածելի երևույթներ է նկատել:

«Մեկ ասում  էր՝ Կարենը գնացել է Դուբայ, մեկ ասում էր, թե չի խոսել հետը, տեղեկություն չունի, հետո երբ մենք ասում էինք՝ գուցե վատ բան է եղել, ասաց, թե չի կարող վատ բան լինել, որովհետև խոսել է հետը»,- պատմեց Թահվերդյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ օրը  Գևորգն ասել է, որ Կարենը բնակարանն իրեն նվիրատվություն է արել: Բացատրել է նաև նվիրատվության պատճառը՝ ասելով, թե  Կարենը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում 300 հազար դրամի պարտավորություն ուներ, իր հետ համատեղ բիզնես սկսելու համար ցանկանում էր բնակարանը գրավադրել, բայց հարկային պարտավորության պատճառով չէր կարողանում, ուստի բնակարանը նվիրատվություն է արել, որպեսզի վերցնեն վարկը:

Ըստ վկայի ցուցմունքի` Գևորգն ասել է, թե  հենց իրենց համատեղ բիզնեսի համար է, որ Կարենը մեկնել է Դուբայ, ինչպես նաև նշել, թե նա բնակարանի վաճառքի մասին տեղյալ է:

Մի քանի օր անց Թահվերդյանն ու Մարինե Մկրտչյանը ևս մեկ անգամ են տեսել Գևորգին: Նրանց դարձյալ ահազանգել է հարևանուհին ու ասել, որ Կարենի իրերը բնակարանից հանվել են, և երբ Թահվերդյանն ու Մկրտչյանը գնացել են, Գևորգը նրանց տարել ու ցույց է տվել մի նկուղ, որտեղ տեղադրված են եղել հանված իրերը:

Տեղի ունեցող իրադարձություններից հետո Թահվերդյանը, Մկրտչյանն ու Կարենի ընկերները որոշել են այս ամենի մասին հայտնել ոստիկանությանը:

«Կասկածում էինք, որ մի բան այն չէ, բայց վատագույնին չէինք սպասում»,- ասաց Թահվերդյանն ու նշեց, որ Կարենի՝ սպանված լինելու մասին իմացել են 2016-ի ապրիլի 1-ին` ոստիկանության տարածած տեղեկության միջոցով:

Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանությունը Գևորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում հայտնաբերել էր Կարեն Վարդանյանի դին:

Դատարանում ցուցմունք տվեց նաև վկա Ռոզի Մարգարյանը. վերջինս այն ընկերության տնօրենն է, որտեղից գնվել է Կարեն Վարդանյանի ուղևորության երկկողմանի տոմսը:

Ըստ Ռոզի Մարգարյանի՝ Կարեն Վարդանյանն ու Գևորգ Զոհրաբյանը երկուսով են եկել ինքնաթիռի տոմս գնելու, և տոմսերի առաջարկվող գներին ծանոթանալուց հետո նախընտրել են ոչ թե Հայաստանից, այլ Վրաստանից՝ Թբիլիսիից մեկնել Դուբայ:

Ըստ Մարգարյանի` նրանք  պատվիրել են երկու տոմս, մեկի համար վճարել ու պարտք մնացել 10 000 դրամ, իսկ մյուսի համար խոստացել են վճարել ավելի ուշ:

Օրեր անց, ըստ վկայի, Գևորգ Զոհրաբյանը Կարեն Վարդանյանի տոմսի 10 000 դրամը վճարել է, իսկ իր տոմսի համար այլևս չի գնացել ընկերություն:

Այսօրվա նիստն ավարտվեց. հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանի սպանության համար մեղադրվում են Գևորգ Զոհրաբյանն և Արթուր Միհրանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Կարեն Վարդանյանին առևանգելու և շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, Վարդանյանին պատկանող զգալի չափով գույքը գաղտնի հափշտակելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կարեն Վարդանյանն իրեն պատկանող բնակարանը նվիրել է գործով ամբաստանյալ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին, որի դիմաց վերջինս Վարդանյանին պետք է վճարեր 20 000 ԱՄՆ դոլար գումար կամ այդ գումարին համարժեք այլ բնակարան:

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանը մտադրվել է նրան սպանել, որից հետո Վարդանյանին առաջարկել է Վրաստանով մեկնել Դուբայ՝ պլանավորելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։

Ըստ նախաքննության տվյալների՝ իր մտադրության մասին Զոհրաբյանը հայտնել է գործով մյուս ամբաստանյալ` 1973 թվականին ծնված Արթուր Միհրանյանին, ով 2016-ի հունվարից օրավարձով վարելիս է եղել Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ գործի նյութերի՝ պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Վարդանյանին Վրաստան ուղեկցելու պատրվակով: 

Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով՝ Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter