HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Եթե «Սասնա ծռերի» գործով բողոք է գնում, բոլորը խառնվում են»

Ամալյա Մարգարյան

«Նախաքննության ավարտից հետո գործի նյութերին ծանոթանում են մեղադրյալներն ու պաշտպանները: Այդ ժամանակ առաջին անգամ մեղադրյալը և պաշտպանը հասկանում են, թե քրեական գործում ինչ նյութեր կան, իրավունք ունեն այդ ժամանակ միջնորդություններ ներկայացնել քննիչին»- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, հետո նշում, որ «Հիմնադիր խորհրդարնի» անդամ Կարո Եղնուկյանի գործով նախաքննության ավարտից հետո ծանոթանալով գործի նյութերին` միջնորդել են քննիչին մի շարք գործողությունների կատարել և գործում առկա նյութեր տրամադրել:

«Քրեական գործի նյութերին ծանոթանալով՝ երևում է, որ բաց տեղեր կան: 21 էջ մանրամասն միջնորդություններ և հիմնավորումներ ենք ներկակացրել: Քննիչը պարտավոր էր այդ բոլոր միջնորդությունները քննության առարկա դարձնել, որը հիմնավոր  էր բավարարել, որը հիմնավոր չէր` պատճառաբանված  մերժման որոշում կայացնել»,- ասում է Կարո Եղնուկյանի շահերի պաշտպանը:

Տիգրան Հայրապետյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ներկայացված միջնորդություններին քննիչը մեկ նախադասությամբ մերժել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: «Անգամ իրեն նեղություն չի տվել` գրելու ներկայացված միջնորդությունների գոնե վերնագրերը: Քննիչն իր անփութությամբ, ժամանակ չունենալու պատճառով առանց որևէ պատճառաբանության մերժել է»,-հավելեց պաշտպանը: Փաստաբանը նշեց, որ բողոքարկել են դատախազին` խնդրելով նշել միջնորդությունների մերժման պատճառները, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել: «Ստացվում է, որ մեղադրյալն ու պաշտպանը ընդհանրապես իրավունքեր չունեն»,- հայտնեց փաստաբանը:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը` քննիչի և դատախազի կողմից առանց հիմնավորումների պաշտպանական կողմից միջնորդությունները մերժելու վերաբերյալ:

«Դատարանում դատավորը նեղանում էր մեզնից, ասում էր` ինչու՞ եք բողոքարկում: Ես ի՞նչ իրավունք ունեմ: Այն տպավորությունն է, որ բոլորը վախենում են քննել գործը: Մենք հասել ենք մի կետի, եթե «Սասնա ծռերի» գործով բողոք է գնում, բոլորը խառնվում են: Չորս անգամ դատավորը Կարո Եղնուկյանին հարց ուղեց` ի՞նչ եք ուզում, որ անեմ Ձեզ համար: Եթե դատավորը չի հասկանում` ինչ ենք ուզում, ինչպե՞ս է նա մեր իրավունքները պաշտպանելու»,- ներկայացրեց Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նշեց նաև, որ երբ ցանկանում են օրենքով տրված իրավունքները իրականացնել, իրենց առաջ «պատեր են վեր հառնում»:

Տ. Հայրապետյանը հայտնեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը չի ցանկանում բացատրել, թե ինչի մեջ է Կ. Եղնուկյանը մեղադրվում, և ավելացրեց, որ «Սասնա ծռերի» գործով նյութերի մեջ Կարո Եղնուկյանին վերագրվում է 40 էջ, այնինչ գործի նյութերի էջերը 1000 անգամ ավելի են:

«Եղնուկայնը 4-5 տարի նստի, իր հետ չկապված գործով և ամեն անգամ գնա ու գա, սա անմարդկային վերաբերմուքն է նրա հանդեպ, նաև դատավարության իրավունքի խախտում: Մեր դատարանները վաղուց  արդարադատություն չեն իրականացնում»,- հայտնեց Տիգրան Հայրապետյանը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 3-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter