Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նոր քրեական գործ՝ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի նկատմամբ



«Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով ամբաստանյալ Արա Կիրակոսյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնու` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո»  ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:

Արա Կիրակոսյանից բացի` այս գործով մեղադրվում է նաև անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ ընկերության գնահատող Հարություն Խալաթյանը:

Հարություն Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ ընկերության գնահատող` առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում, ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով, 2012թ. հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզ, Ափնագյուղ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ:

Հարություն Խալաթյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 

Այս քրեական գործն առանձին քննվելու է մայիսի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում: Մեղադրանքը ենթադրում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Արա Կիրակոսյանը կալանավորված է փողերի լվացման գործով: Այսօր դատարանում պետք է իր վերջին խոսքն ասեր: Նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը տեղեկացրեց, որ Արա Կիրակոսյանը հիվանդ է, նրան դատարան չեն բերել, հետևաբար նիստը չի կայանա:

Արա Կիրակոսյանն այս գործով մեղադրվում է ՀՀ ՔՕ 4 հոդվածներով.

214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 325-րդ հոդվածի երկրորդ մասով՝ այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Այլ կերպ ասած՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ