ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Դեպի Սուրբ երկիր. վառելիքի հետեւի՞ց



Երեկ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարեց, որ «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ից կսկսի Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթի իրականացումը: Իր հերթին ընկերությունը նշեց, որ այսօրվանից հնարավոր է տոմսեր գնել 247 եվրոյից սկսած գներով: Չվերթները կիրականացվեն հինգշաբթի եւ կիրակի օրերին:

Այս պահին ընկերության պաշտոնական կայքի ամրագրման համակարգում արդեն ցուցադրված է Թել Ավիվի ուղղությունը: Մինչեւ մայիսի 17-ն ուղիղ չվերթներ չկան, փոխարենը կարելի է Իսրայել մեկնել Թբիլիսիով: Բայց ահա «Զվարթնոցի» կայքում առաջին չվերթը մայիսի 17-ի փոխարեն նշված է ապրիլի 23-ին:   

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլին, հայկական ավիացիայով հետաքրքրվողները սպասում էին, որ տեւական ընդմիջումից հետո պիտի կրկին հայկական օդանավ բարձրանար երկինք՝ իրականացնելով խոստացված առաջին չվերթը դեպի Թել Ավիվ: Մայիսի 21-ին նշանակված չվերթը կայացավ, սակայն ոչ թե «Արմենիայի», այլ դրա վրացական գործընկեր «Georgian Airways»-ի միջոցով: Վերջինիս օդանավը ժամանեց Երեւան, այստեղ հավաքեց ուղեւորներին ու վերադարձավ Թբիլիսի, որտեղից էլ թռավ Թել Ավիվ: Այնտեղից վերադառնալիս օդանավը կանգառ կատարեց Երեւանում, ապա ուղեւորվեց Թբիլիսի: Այսպես «Արմենիան» մի քանի չվերթ կազմակերպեց դեպի Իսրայել վրացական օպերատորի միջոցով:

Խոսակցություններ կային, որ «Արմենիան» ինքը չի կարողանում ուղիղ թռչել Իսրայել, որովհետեւ վերջինս խոչընդոտներ է հարուցում հայկական ընկերության առաջ: Բանն այն է, որ ժամանակին Թել Ավիվից Երեւան էր թռչում իսրայելական «Arkia Israeli Airlines» ընկերությունը, որը հետո դադարեցրեց չվերթները: Ըստ այդմ՝ Իսրայելը չէր ցանկանում, որպեսզի հայկական օպերատորը թռչի իր տարածք՝ չունենալով տեղական մրցակից: Այսինքն՝ այդպես իսրայելցիները փորձում էին պաշտպանել իրենց տնտեսական շահերը: Նշենք, որ ի տարբերություն Երեւանի՝ Թբիլիսիի հետ կապը կայուն է եղել. այսօր էլ Վրաստանի ու Իսրայելի խոշորագույն քաղաքներն ուղիղ չվերթներով իրար են կապում վրացական կողմից՝ «Georgian Airways»-ը, իսկ իսրայելական կողմից՝ «Arkia»-ն, «El Al»-ը եւ «Israir Airlines»-ը:     

Նախկինում Թել Ավիվ թռչում էր նաեւ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», որն իր թռիչքները մեկնարկեց 2010-ի մարտին: Ընկերության անկումից հետո հենց «Արմավիայի» աշխատողները քննադատում էին դրա տիրոջը, որ Միխայիլ Բաղդասարովն առանց տնտեսական հիմնավորման չվերթներ էր բացում: Խոսքը նաեւ Թել Ավիվի մասին էր: Խոչընդոտներից մեկն այն է, որ Իսրայելի դեսպանությունը մեր երկրում տեղակայված է հենց Իսրայելում՝ Երուսաղեմում (1993-2007 թթ. Թբիլիսիում էր), իսկ ՀՀ դեսպանությունը Իսրայելում գտնվում է այդ երկրի երբեմնի թշնամի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում (Եգիպտոսում ՀՀ դեսպանը համատեղության կարգով մեր դեսպանն է նաեւ Իսրայելում): Երկրներն ունեն նաեւ պատվո հյուպատոսներ, որոնք, սակայն, մասնավորապես վիզա ստանալ ցանկացող քաղաքացիներին չեն կարող օգտակար լինել: Իսրայելում մեր պատվո հյուպատոսը Ցոլակ Մոմջյանն է (Երուսաղեմ), իսկ Իսրայելինը ՀՀ-ում՝ Աշոտ Շախմուրադյանը (Երեւան), ով գործարար պատգամավոր Կարեն Շախմուրադյանի եղբայրն է:   

Չնայած պարզ է, որ Իսրայելը, մասնավորապես՝ Երուսաղեմը, հայտնի ուխախտեղի է աշխարհի քրիստոնյաների համար, բացի դրանից՝ այն հայտնի է նաեւ որպես բժշկական տուրիզմի լավագույն վայրերից մեկը, եւ հատկապես ամռան ամիսներին կարելի է կայուն ուղեւորահոսք սպասել դեպի Իսրայել: Փոխարենը, կարելի է ենթադրել, որ Իսրայելից Հայաստան ժամանողները հիմնականում կլինեն այնտեղի մեր հայրենակիցները: Անշուշտ, պետք է դիտարկել նաեւ Թբիլիսիի մրցակցային տարբերակը: Եթե «Արմենիան» հայտարարում է, որ տոմսի նվազագույն գինը 247 եվրո է (մոտ 265 դոլար), ապա «Georgian Airways»-ն առաջարկում է ավելի էժան սակագին (այս պահին համացանցում կարելի է ամրագրել 237 դոլար արժողությամբ հետադարձով տոմս մայիսի 29-հունիսի 2 ժամանակահատվածի համար):

Տուրիստական նշանակությունից զատ՝ Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթը կարող ենք դիտարկել նաեւ այլ տեսանկյունից: Իսրայելը Հայաստանի համար վերջին տարիներին ավիակերոսինի գլխավոր մատակարարն էր: Այս մասին «Հետքը» գրել է: Գաղտնիք չէ, որ հայկական ավիաօպերատորների համար ուղղություններ ընտրելիս (ոչ միշտ, իհարկե) որոշակի նշանակություն է ունենում նաեւ այն, թե արդյոք հնարավոր է տվյալ երկրում էժան ավիավառելիք լիցքավորել: Օրինակ, երբ «Արմավիան» թռչում էր նավթագազային երկիր Թուրքմենստան՝ Աշգաբադ, դժվար չէր հասկանալ, թե որն է ընկերության գլխավոր թիրախը:

Անցյալ տարեվերջին, հիշեցնենք, «Արմենիայի» տերերը բողոքեցին «Զվարթնոցի» թանկ գներից, չնայած հետո ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, թե օդանավակայանը 50 տոկոս զեղչ է տրամադրել հայկական ընկերությանը: Այսօր «Արմենիան» թռչում է Ռուսաստան, Իրան, շուտով՝ Իսրայել, երկրներ, որոնք Հայաստանի համար վառելիքի մատակարար են եւ որոնց օդանավակայաններում կարելի է էժան ավիակերոսին լիցքավորել: Հայկական ավիաընկերությունների այս վարքագիծը միանգամայն ըմբռնելի է: Իսկ թե ինչպիսի հաջողություններ կունենա Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությունը, ցույց կտա ժամանակը, ավելի կոնկրետ՝ չվերթների շարունակականությունը:     

Առաջին լուսանկարում՝ Թել Ավիվը (www.thenorman.com)


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Գեւորգ09:54 - 24 ապրիլի, 2017
Հարգելի ,,ՀԵՏՔ,,! Բաղդասարովի ժամանակ ինքնաթիռը ծովն ընկավ Ադլեր չհասած (մոտ 200 զոհ): Միջազգային հանձնախումբն այսպես արձանագրեց՝ // ինքնաթիռի մեջ եղած վառելիքը կբավականացներ վայրեջքի համար (!)// Մինչդեռ, ըստ անվտանգության նորմի, պիտի լիներ այնքան, որը բավար կլիներ ապահով Երեւան վերադառնալու համար(!) Միթե սա բացահայտված ու արդեն արձանգրված հանցագործություն չէ? Ինչու հարցեր չտրվեցին? Եւ արդյոք հիմա նույնը չի կատարվում՝ էժան վառելիքի համար ռիսկի տակ դնելով ուղեւորների կյանքը?
2. Վահե Սարուխանյան15:21 - 4 մայիսի, 2017
Հարգելի Գեւորգ, թե «Արմավիան», թե ՔԱԳՎ-ն, թե աղետի հետաքննություն անցկացրած հանձնաժողովը հերքել են վառելիքի անբավարար լինելու մասին վարկածը: Դա փաստել է նաեւ օդանավի հրամանատարի՝ կարգավարին փոխանցած տեղեկությունը: Որպես կանոն «Արմավիայի» օդանավերը Ռուսաստան են մեկնել այնպես, որ ռուսական քաղաքներում ավիակերոսին լիցքավորեն, ինչն ավելի էժան է, բայց դա չի նշանակում, թե մեկնելիս անբավարար վառելիք են ունեցել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ