HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյտենանտ Արամ Աղայանը չարդարացվեց

Բանակի սպա, լեյտենանտ Արամ Աղայանը կշարունակի մնալ ազատազրկման վայրում: Այսօր Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը` մերժելով Արամի փաստաբան Արայիկ Պապիկյանի բողոքը: Արդարացմանը կողմ էր նաև տուժող ճանաչված զինվոր Ռուդիկ Գրիգորյանը, ում դատարանը լսել էր նախորդ նիստի ժամանակ:

Արամ Աղայանը դատապարտվել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Կալանքը կրել է Շուշիի բանտում: Այս տարվա փետրվարին տեղափոխվել էր Երևան` «Նուբարաշեն» ՔԿՀ:

Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյան, Ռուզաննա Բարսեղյան, Կարինե Ղազարյան կազմով, ընթերցեց դատավճռի միայն եզրափակիչ մասը: Արամի փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավճռի ընթերցումից հետո ասաց, որ անկեղծորեն մտավախություն ուներ, բայց մերժման չէր սպասում. «Կարծում էի, որ բացի արդարադատություն իրականացնելուց կմտածեն նաև հայկական բանակի մասին: Էլ չեմ խոսում, որ արդարադատությունը ուղղակի անարգանքի ենթարկվեց: Առանց փաստակազմի, առանց հիմնավորումների, անձի նկատմամբ դաժան մեղադրական ակտ կայացվեց»:

Թեպետ որպես առաջին ատյան՝ նշվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, այդուհանդերձ նիստերն անցկացվել են Ստեփանակերտում: «Եթե պետական մտածելակերպ չունեն որոշում կայացնող մարմինները, վաղը-մյուս օրը պատասխան են տալու, թե ինչու է ՀՀ քաղաքացին, հայկական բանակի զինծառայողը այլ պետության տարածքում դատապարտվել, պատիժ կրել տևական ժամանակ: Շատ ցավագին են տանում, երբ այդ հարցերը միջազգային ատյաններում են բարձրացվում, բայց այլ տարբերակ չեն թողնում: Պարզապես հարցը իրավական հարթությունից տեղափոխում են նաև քաղաքական հարթություն»,- ասում է Արայիկ Պապիկյանը:

Դատավճռի հրապարակումից հետո Արամ Աղայանի հայրն ասաց, որ դատարանի փոխարեն ունենք »դրոշմակնքող մեքենա», որը դատախազի, քննիչի որոշումները հաստատում է:

Փաստաբանը նշեց, որ դատավճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, «որտեղից որևէ ակնկալիք չունենք, պարզապես ձևական քայլ է լինելու Եվրոպական դատարան տանելու համար»:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Տեսնես ինչի՞ համար են այս երիտասարդին դատում: Երևի սեփական կարծիք է ունեցել երկրի, բանակի վիճակների մասին: Հնարավոր է նաև բարձրաձայնել է այդ կարծիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter