Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վթարային տան պատերի մեջ կյանքը նաև պայքար է առնետների ու օձերի դեմ


Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ Շահեն Աբրահամյանի վթարային տանն ենք: Հյուրասենյակում տաք է, կատուն վազելով մոտենում է կենտրոնում դրված վառարանին, պառկում է վառարանի մոտ:

39-ամյա տանտիրուհին՝ Արմենուհի Գրիգորյանը, ասում է՝ կատուն իրենց փրկում է, օձերի ու առնետների դեմ է կռվում: Մի քանի օր առաջ հերթական անգամ կատուն սենյակներից մեկում օձ էր բռնել: Պատմում է, որ երբ քամիներ են լինում, պատերի մեծ ճեղքերից ներս են մտնում տուն, նույնիսկ տան փայտյա դուռը չի դիմանում քամիներին՝ տեղաշարժվում է: Ամենավատը, սակայն, ամռան ամիսներին է լինում, երբ այդ ճեղքերից օձեր են ելումուտ անում:

Արմենուհին դաշտից նոր է եկել, մի քանի անգամ ներողություն է խնդրում, որ տունը մաքուր չենք տեսնում՝ երեխաների շորերն են ցաքուցրիվ այս ու այն կողմ ընկած, սեղանին մի քանի կեղտոտ ափսեներ կան: Կրկնում է, թե կներեք: Տան ամբողջ սպասքը ստիպված սեղանին են պահում, պատճառն առնետներն են: Տունը երեք սենյակ ունի, որից մեկում արդեն հնարավոր չէ ապրել՝ խոնավ ու կիսափլված վիճակում է: Այդ սենյակն օգտագործում են որպես բաղնիք, իսկ «բաղնիք» ասվածը մեծ տաշտն է՝ կողքին կաթսան:

2000 թվին «Արամյան» ՍՊԸ-ի կողմից կատարված տան հետազոտության համաձայն՝ այն քայքայված, բուսածածկ վիճակում է, տեղումնային ջրերը ներթափանցում են, խիստ անբարեկարգ ու վթարավտանգ է, հետազոտությամբ սահմանվել է որպես 4-րդ կարգի վթարային շինություն: Ճարտարագետ Սիմավորյանը նշել է, որ տունը պիտանի չէ հետագա անվտանգ շահագործման, ամբողջապես պետք է քանդել՝ կառուցելով նորը, իսկ բնակիչներին տարհանել ժամանակավոր կացարան:

Մեր զրույցի ժամանակ տանտերը՝ Շահեն Աբրահամյանն է ներս մտնում: Բարևելուց հետո դիմում է կնոջը, թե ինչու չի հասցրել տունը հավաքել:

Շահենը դաշտից է եկել, խնձորենիներ ունեն այնտեղ, գնացել էր էտելու: Մկրատը ձեռքին նստում է մեր կողքին: Դեմքը արևից վառվել է, դժվար է շնչում: Ասում է՝ ծանր գործեր չի կարողանում անել, բայց անգործ էլ չի կարող նստել: Դաշտում թեթև աշխատանքներ է անում, կինն օգնում է:

57-ամյա Շահենը 3-րդ կարգի հաշմանդամ է: Հպանցիկ ասում է, որ շնչառական խնդիրներն առաջացել էին պատերազմի տարիներին: Եղբոր՝ Արշակի հետ կամավորագրվել էին: Վերջինս մինչև հրադադարը մասնակցել է պատերազմին, ջոկատի հրամանատար դարձել, մասնակցել նաև Շուշիի ազատագրմանը:

«Ձմռանը կռվի ժամանակ տուբերկուլյուզով հիվանդացա, վիճակս շատ վատ էր, որ հետախուզության էինք գնում, շատ էի հազում, ջոկատի տղերքն ասացին՝ ավելի լավ ա գնաս բուժվես»,- պատմում է Շահենը: 6 ամիս բուժվել է Աբովյանի հիվանդանոցում, այնուհետև հաշմանդամության 2-րդ կարգ է ստացել, որը հետո դարձրել են 3-րդ կարգ, ինչի համար այսօր ստանում է 16 հազար դրամ թոշակ:

Զրույցին միջամտում է Շահենենց հյուր եկած Ռիման՝ Արշակի կինը: Հիշում է, թե ինչպես էր ամուսնու զենքը պահում երեխայի օրորոցի ու զգեստապարանի մեջ, մի անգամ էլ հինգ տարեկան որդին «Շմայս» ավտոմատը վերցրել, փողոց էր գնացել, հազիվ էին հետևից հասել:

Մինչև Շահենի ամուսնանալն նրանց հայրական տանն էր ապրում նաև Արշակի ընտանիքը: Այդ տարիներին Աբրահամյանները ոչխար էին պահում: Ռիման ասում է՝ իրիկունները տան բակում մեծ սեղան էր պատրաստում կամավորականների համար, ոչխար էին մորթում: Հետո հոգոց է հանում:

Մարուսյան

Շահենը 4 զավակ ունի՝ 19-ամյա Սարգիսը, 18-ամյա Դավիթը, 17-ամյա Լևոնն ու 7-ամյա Մարուսյան: Սարգսի ու Դավթի՝ խոտը հրդեհելու պատմությունը, ասում են, ամբողջ գյուղը գիտի:

Սարգիսը

«2002 թվականն էր: Էս մեր տան հետևը խոտի տեղ ունեինք, փակ տեղ էր: Մոտ 2 տոննա խոտ կար: Մենք բակում թուզ էինք հավաքում, էրեխեքը վազվզում էին, մեկ էլ տեսանք, որ էդ խոտի տեղից ծուխ է բարձրանում, վազելով գնացի, տեսա դուռը փակ էր: Բացեցի, Սարգիսն ու Դավիթը ներսում էին»,- պատմում է մայրը: Դավիթը՝ 72, Սարգիսը՝ 58 տոկոս այրվածքներ են ստացել: Սարգիսը պարտադիր զինծառայությունից ազատվել է այրվածքների պատճառով, Դավիթը ևս կազատվի:

Մայրն ասում է՝ չնայած այսքան տարի է անցել, բայց երեխաների մոտ հոգեբանական խնդիրներ կան հրդեհից հետո, նյարդային են դարձել: Նշում է, որ տղաները մինչ 18 տարեկան դառնալը հաշմանդամության թոշակ էին ստանում (21.500-ական դրամ), չափահաս դառնալուց հետո դադարեցվել է: Երկուսի համար էլ դիմել էին վերափորձաքննության, բայց հանձնաժողովը երկուսին էլ հաշմանդամ չի ճանաչել:

Արմենուհին ասում է, որ տնամերձ հողամասը մշակելով «յոլա» են գնում, առաջնային հարցն այսօր վթարային տունը նորոգելը կամ այդտեղից դուրս գալն է: Շահենի հայրական այս տունը 60-70 տարվա կառույց է: 2011-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին էին դիմել, վերջինս, ըստ Շահենի, ուղղորդել էր դիմել կառավարությանը: «3-4-րդ տարի է՝ դիմել ենք կառավարությանը, բայց արձագանք չենք ստացել»,- նշում է տան հայրը՝ ավելացնելով, որ հիմա էլ նույն հարցով ուզում է խոսել ներկա մարզպետի հետ, բայց չեն ընդունում:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։