Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Խոզնավարում ապրելը դժվար է. առաջին խոչընդոտն անանցանելի ճանապարհներն են


Գրիշա Բալասանյան

Տեղ բազմաբնակավայր համայնքի Խոզնավար բնակավայրում (Սյունիքի մարզ) հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղացիները պահում են մանր ու խոշոր անասուններ: Սակայն, ամբողջությամբ չեն կարողանում իրացնել արտադրանքը:

Խոզնավարում Տեղի համայնքապետարանի ներկայացուցիչ Վարո Գրիգորյանն ասում է, որ բոլոր արոտավայրերում ոչխարի բուրդ է թափված, քանի որ իրացման հարցը լուծված չէ: Անասնատերերը ոչխարը խուզում են հենց արոտավայրում և բուրդը թողնում այնտեղ: Վ. Գրիգորյանը նշում է, որ արդեն լուրջ հարց է դարձել դաշտում մնացած բուրդը. արոտավայրերն աղտոտվում են:

Խոզնավարն ունի սահմանամերձ համայնքի կարգավիճակ: Այստեղ ապրում է 418 մարդ: 2016թ. համայնքների խոշորացման արդյունքում Խոզնավարը միացել է Տեղ համայնքին:

7 տարի Խոզնավարի համայնքապետ աշխատած Վարո Գրիգորյանն ասում է, որ իրենց բնակավայրում ապրելը հեշտ չէ և որպես առաջին պատճառ նշում վատ ճանապարհները: Նրա խոսքով՝ Գորիսից մինչև Խոզնավար ճանապարհի երկարությունը 49-50 կիլոմետր է, սակայն կա ավելի կարճ ճանապարհ՝ 16 կիլոմետրանոց, որն ավելի բարձրադիր է: Կարճ ճանապարհն ամբողջությամբ ավերված է և միայն բարձր թափքով ավտոմեքենաներն են կարողանում երթևեկել:

Երկար ճանապարհը նույնպես բարվոք վիճակում չէ: Տեղ-տեղ ճանապարհի կողային հատվածները փլուզվել են, և մարդիկ քարերով ու ժապավեններով փակել են վնասված հատվածը, որպեսզի վթարի պատճառ չդառնա:

Վարո Գրիգորյանն ասում է, որ Սյունիքի մարզպետարանը խոստացել է վերանորոգել կարճ ճանապարհը. «1990-ականներին լավ ասֆալտ է եղել, հետո սելավների պատճառով քանդվել ա, հիմա մարզպետն ասել ա, որ կսարքեն»: Ապա հավելում է, որ բնակավայրի ներքին ճանապարհները ևս վատ վիճակում են:

Խոզնավարցիները նաև հողի մշակությամբ են զբաղվում՝ հիմնականում հացահատիկային կուլտուրաների: Սակայն հողն այստեղ բերքատու չէ և գյուղացին չի կարողանում եկամուտ ստանալ: Ըստ Գրիգորյանի՝ 1 հեկտարից ամենաշատը ստանում են 500 կգ ցորեն: Բացի այդ, ցորենի սերմացուն գնում են կիլոգրամը 160 դրամով, սակայն իրացնելու ժամանակ իրենցից գնում են 100 դրամով:

«Ավելի լավ ա հողը ջոկենք քարից, քան քարը հողից: Այդ ձևի տարածք ա»,-ասում է Վարո Գրիգորյանը:

Հարցին, թե բնակավայրում երիտասարդները զբաղվելու որևէ բան ունե՞ն, պատասխանեց. «Բա անասնապահությունը քիչ ա՞»: Խոզնավարում զբաղմունքի այլ միջոց չկա: Ձմռան ամիսներին, երբ անասունները գոմերում են լինում, համայնքի գրադարանի տարածքում նարդի ու շախմատ են խաղում տղամարդիկ:

Նշենք, որ բնակավայրը թեև գազիֆիկացված է, սակայն բնակիչները գազ չունեն: Վարո Գրիգորյանն ասում է, որ շուտով կապույտ վառելիքը կհասնի նաև բնակչին. մոտ 6 բաժանորդ դիմել է, որպեսզի գազն անցկացնի տուն:

«Գյուղացուն որ մի քիչ նայեն, առաջ կգնան, էլի: Նայելը էն նկատի ունեմ, որ բարձր տոկոսով վարկեր են տալիս, գյուղի կեսից ավելին վարկի տակ ա: Վարկը վերցնում անասուն են առնում, գելը մի կողմից ա տանում, մեկը ընկնում սատկում ա, ընկնում են պարտքերի տակ: Հետո ժամանակը որ գալիս ա, ասում են՝ դավայ, բեր մուծի»,-ասում է Վարո Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ անտոկոս կամ ցածր տոկոսով վարկերը կարող են փոքր-ինչ բարելավել գյուղացու վիճակը:

Վարո Գրիգորյանը մի պահ լռում է և խորը շունչ քաշելուց հետո ասում. «Չգիտեմ, երևի լավ կլինի»: Նա հույս ունի, որ նորընտիր Ազգային ժողովը մի «լավ բան կանի»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Հարություն17:07 - 21 ապրիլի, 2017
Խոզնավարը Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանոոմ է, ոչ թե Սիսիանի տարածաշրջանում: Կարծում եմ պետք է մի քիչ ուշադիր լինել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։