HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տոնավաճառներում առեւտրով զբաղվողները ՊԵԿ-ից պահանջում են իրենց հանգիստ թողնել

«Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում։ Նրանք պետական եկամուտների կոմիտեից պահանջում են իրենց հանգիստ թողնել։

Աշխատակիցները նշում են, որ վերջին օրերին հարկային ծառայությունը ակտիվ ստուգումներ է իրականացնում այս առևտրի կենտրոններում և պահանջում փաստաթղթեր, որոնք նախկինում չի պահանջել։

«Իրանց ուզածը շատ մեծ բան ա։ Էն բանն են ուզում, որը մենք չենք կարող անել։ Պահանջում են մեծ բան։ Մեր պահանջն ի՞նչ ա, որ մեզ հանգիստ թողնեն։ Իրենց առաջարկած տարբերակները, որ մենք ամեն ապրանք փաստաթղթավորենք և հաշվապահներ վարձակալենք, որպեսզի էդ հաշվապահներն ամբողջ օրը մեր մոտ նստեն ու փաստաթուղթ ներկայացնեն, թե մեզնից ովքեր են ապրանք գնում, էդ մենք չենք կարա անենք։ Այդ գումարները մենք չունենք։ Մենք ունենք պարզապես այնքան գումար, որ կարողանում ենք գոյատևել»,- նշեց առևտրական Արմեն Ներսիսյանը։

 

Արմենի խոսքով՝ հաճախորդը շուկայից դուրս է գալիս, հարկային մարմնի աշխատակիցները նրանց հարցնում են՝ ո՞ւր են գնման փաստաթղթերը։ Ըստ նրա՝ այդ հաճախորդները, անհանգստանալով նման ստուգումներից, հաջորդ անգամ այդ առևտրի կենտրոն չեն գալիս: Արմենի դիտարկմամբ՝ եթե այդպես շարունակվի, դա իրենց վերջը կլինի։

«Եթե ոչ մեկ մեզ ոչ մի բանով չի օգնում, տենց բաներ պահանջելու իմաստը ո՞րն ա»,-հարցնում է նա։

 

Արմեն Ներսիսյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ կառավարությունը ՊԵԿ-ի համար հարկերի հավաքման բարձր սանդղակ է սահմանել, որն էլ կոմիտեն անգամ գերկատարել է։ Ասում է՝ հարկային այս ստուգումները դրա արտացոլումն են։ 

ՊԵԿ-ի պարզաբանումը, թե իրենք որևէ մեկին չեն տուգանել հարկային ստուգումների արդյունքում, ցույցի մասնակիցները համարում են ապատեղեկատվություն, քանի որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցներից ոմանք արձագանքեցին, թե իրենք տուգանվել են։

 

Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ցուցարարներին առաջարկեց 10 հոգանոց խումբ կազմել և հանդիպել պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ, սակայն նրանք հրաժարվեցին։ Առևտրականներից մեկը Ղազարյանին հորդորեց՝ ՊԵԿ-ի նախագահին միայն տեղեկացնել, որ իրենց միակ ցանկությունն է՝ իրենց հանգիստ թողնեն։ 

Առևտրականները կառավարության շենքի դիմաց վանկարկում էին «վարչապետ»՝ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում պահանջելով, սակայն այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ։

 

Այս երեք առևտրի կենտրոնների աշխատակիցներից շատերն այսօր հրաժարվել են բացել իրենց կրպակները, քանի որ, նրանց փոխանցմամբ, հարկային ծառայության աշխատակիցներն այս պահին էլ իրենց առևտրի կենտրոնների դիմաց են։

«Առինջ մոլ»-ի աշխատակից Թամարայի պահանջն էլ նույնն է։ Ասում է՝ իրենց միակ հորդորը մեկն է՝ իրենց աշխատանքին չխանգարեն և թողնեն հանգիստ աշխատել. «Երեկ հարկայինը «Սուրմալու»-ում և Առինջ մոլում ակտեր է գրել և վաճառողի, և առնողի վրա։ Ուզում են թուղթ, թե որտեղից ենք ձեռք բերել վաճառվող ապրանքները։ Իրենք բոլորը մեզանից լավ գիտեն, որ դրանք դրսից ներմուծել ենք, արվել է մաքսազերծում, բայց մեզ ոչ ոք թուղթ չի տալիս դրա համար։ Իսկ մենք ու՞մ պիտի տանք այդ թուղթը, եթե մեզ չեն տալիս»,-ասաց նա։ 

Առևտրականներն այս պահին քայլերթով շրջում են Երևանի կենտրոնական փողոցներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter