HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի աուդիտի շուկայի խաղացողները

Հայաստանի խոշոր ընկերություններին պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը վերականգնելու մասին հայտարարությունները մասնագետների ու գործարարների մի մասի դժգոհությունն են առաջացրել։ Մյուս կողմից, որպես պարտադիր աուդիտի նորմի վերականգնման դրական ազդեցություն նշվում է  Հայաստանի աուդիտի շուկայում սպասվելիք ակտիվացումը։ 

Այս պահանջի վերաբերյալ մասնագետների ու գործարարների դժգոհություններին ու հակափաստարկներին «Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա, իսկ մինչ այդ փորձել ենք հասկանալ, թե ինչ վիճակում է հայաստանյան աուդիտի շուկան, և ովքեր են գլխավոր խաղացողները։ Ուսումնասիրել ենք շուկայում գործող շուրջ երեք տասնյակ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, մեկտեղել ցուցանիշները, ինչպես նաև՝ օգտագործել ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները։

Այսպիսով, ըստ Ֆինանսների նախարարության՝ 31.12.2016թ. դրությամբ Հայաստանում լիցենզավորված և գործող աուդիտորական ծառայություններ իրականացնող ընկերությունների թիվը 31 է։ Տարվա սկզբում նրանց թիվը 33 էր, այս ընթացքում 2-ի լիցենզիան կասեցվել է։ Հայաստանում պարտադիր աուդիտի իրավական պահանջը գործել է 2011 թվականից մինչև 2014-ի տարվա կեսը։ 2011 թվականի սկզբի դրությամբ լիցենզավորված էր 37  ընկերություն։  Պարտադիր աուդիտի տարիներին այս ցուցանիշն էական փոփոխություններ չի կրել։

2016 թվականին  Հայաստանում գործունեություն ծավալած աուդիտորական ընկերությունների  ընդհանուր հասույթն, ըստ մեր հաշվարկների, կազմել է մոտ 5.4 մլրդ դրամ։ 2015 թվականին ևս շուկայի ծավալը գրեթե այդքան է կազմել, 2014-ին էլ՝ 5.5  մլրդ դրամ։

Աուդիտի շուկայում խաղացողների դիրքն ու կշիռը հասկանալու համար առավել հաճախ հաշվի է առնվում ընկերությունների հասույթը, երբեմն էլ՝ հաճախորդների քանակը։

Սկսենք հասույթից։ 2016 թվականի տարեկան տվյալներով, ըստ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների, ստացած հասույթով հայաստանյան աուդիտորական շուկայում առաջատարը «Գրանթ Թորնթոն» ընկերությունն է։ Այն «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»  ընկերության հայաստանյան անդամն է։  «Գրանթ Թորնթոն»-ի հասույթը նախորդ տարի կազմել է 1 մլրդ 185 մլն դրամ։ 2015-ի համեմատ այն աճել է շուրջ 256 մլն դրամով կամ  27.5%-ով։

Աշխարհում հայտնի աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի անդամները ևս գործունեություն են ծավալում Հայաստանում և իրենց հասույթով առաջատար խաղացողների շարքում են։ Այդ ընկերություններն են՝ «Քեյ-Փի-Էմ Ջի Արմենիա»-ն, «Էրնսթ Ընդ Յանգ»-ը, «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա»-ն և «Դելոյթ Արմենիա»-ն։

Նախորդ տարվա հասույթով հայաստանյան աուդիտի շուկայի երկրորդ խաղացողը «Քեյ-Փի-Էմ Ջի Արմենիա»-ն է (KPMG-ի  անդամ)՝ 855 մլն դրամ։ Մեկ տարում ընկերության հասույթը նվազել է 62 մլն դրամով կամ մոտ 7%-ով։  

Իսկ եռյակը եզրափակում է «Էրնսթ Ընդ Յանգ»-ը (Ernst & Young Global Limited-ի անդամ)՝ տարեկան 620 մլն դրամ հասույթով, որը մեկ տարում նվազել է  318 մլն դրամով կամ 34%-ով։

Առաջատար հնգյակում են «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա»-ն (PricewaterhouseCoopers-ի  անդամ) և «Բեյքեր Թիլլի Արմենիա»-ն  (Baker Tilly International-ի անդամ)։ Առաջինի հասույթը մեկ տարում ավելացել է 142 մլն դրամով կամ 30%-ով, երկրորդինը՝ 38 մլն դրամով կամ 11.5%-ով։

Հաջորդ հնգյակում են «Դելոյթ Արմենիա»-ն (Deloitte-ի անդամ https://www2.deloitte.com/am/en.html), «Բի-Դի-Օ Արմենիա»-ն (BDO-ի անդամ), «ՍՕՍ-Աուդիտ»-ը, «Էյ Էն Աուդիտ»-ն ու «ԹՄ Աուդիտ»-ը։

Թե որքան հասույթ են ստացել ընկերությունները 2016 թվականին և ըստ այդմ՝ ինչ կշիռ զբաղեցրել շուկայում, կարող եք տեսնել ստորև ներկայացված ինֆոգրաֆիկաներում։

Armenian Audit Market Players
Create pie charts

Աուդիտորների հաճախորդները

Հայաստանի աուդիտի շուկայի խաղացողների կշիռն ըստ հաճախորդների քանակի տարբերվում  է այն կշռից, որը նրանք ունեն՝ ըստ իրենց հասույթի։

«Գրանթ Թորնթոն»-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ նախորդ տարի այս ընկերության կողմից աուդիտի է ենթարկվել 110 ընկերություն (այդ թվում ՝ հիմնադրամներ, ՀԿ-ներ և այլն)։ Սակայն «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա»-ի կողմից, որն ըստ հասույթի առաջատարներից է, ընդամենը 19  ընկերություն է աուդիտի ենթարկվել, «Էրնսթ Ընդ Յանգ»-ի կողմից՝ 15 ընկերություն և այլն։ Փոխարենը որոշ ընկեություններ ունեցել են համեմատաբար փոքր եկամուտ, սակայն՝ ավելի շատ հաճախորդ։ Օրինակ՝ «Էն-Աուդիտ»-ը աուդիտի է ենթարկել 30  ընկերություն։ Սա ցույց է տալիս, որ աուդիտի համար կատարվող վճարումները խիստ տարբեր են. 1 խոշոր ընկերությունը կարող է ավելի շատ վճարել աուդիտորական ընկերությանը, քան մի քանի համեմատաբար փոքր ծավալներ ունեցող ընկերությունները միասին։ Այնպես որ, կարծում ենք, հաճախորդների քանակն այնքան էլ հստակ ցուցիչ չէ շուկայում ընկերությունների դերը հասկանալու համար։

Ի դեպ, աուդիտորական ընկերություններն էլ իրենց հերթին են աուդիտի ենթարկվում մեկ այլ ընկերության կողմից։ Օրինակ՝ նախորդ տարի «Գրանթ Թորնթոն»-ն աուդիտի է   ենթարկվել «ՍՕՍ-Աուդիտ»-ի կողմից։ 

Աուդիտորները՝ հարկատուներ

Նշված 31 աուդիտորական ընկերություններից նախորդ տարի միայն 5-ն են հայտնվել ՀՀ խոշոր հարկատուների ցանկում։

Հարկերի ծավալով առաջատարը «Քեյ-Փի-Էմ Ջի Արմենիա»-ն է։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կողմիտեի տվյալները, 2016 թվականին ընկերությունը վճարել է մոտ 324 մլն դրամ հարկ և հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 364-րդ տեղը։ Խոշոր հարկատուների ցանկում են նաև «Գրանթ Թորնթոն»-ը (486-րդ տեղ), «Էրնսթ Ընդ Յանգ»-ը (532-րդ), «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա»-ն (609-րդ) և «Բի-Դի-Օ Արմենիա»-ն (881-րդ)։

2015 թվականի համեմատ նրանցից երկուսի վճարած հարկերը նվազել են, երկուսինը՝ ավելացել, իսկ մեկի վճարած հարկերի փոփոխությունը  չնչին է։ Ցուցանիշները՝ ինֆոգրաֆիկայում։

Աուդիտրոնական ընկերությունները ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում (հարկերի ծավալը՝ մլն ՀՀ դրամ)
Create column charts

ՀՀ խոշոր հարկատուների ցանկում  1000-րդ տեղ զբաղեցրած ընկերությունը 2016 թվականին վճարել է 101 մլն դրամ։  Բացի վերը նշված հինգ ընկերություններից, աուդիտի շուկայի մնացած ընկերությունները չեն հայտնվել խոշորների ցանկում, ինչը նշանակում է, որ նրանց հարկերի տարեկան ծավալը չի գերազանցել 101 մլն դրամը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ այս ամսվա վերջին և մայիսի սկզբին Կառավարությունում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի խոշոր ընկերությունների համար աուդիտը պարտադիր դարձնելու հարցը, իսկ Ազգային ժողով այն կներկայացվի հունիսին։ Եթե օրենքի փոփոխություններն ընդունվեն, ապա խոշոր ընկերությունները պարտադիր աուդիտի կենթարկվեն 2019-ի հունվարի 1-ից։

2011-2014թթ., երբ պարտադիր պահանջը գործում էր, աուդիտի  էր ենթարկվում մոտ 950 ընկերություն։ Դրանք այն ընկերություններն էին,  որոնց ակտիվները կամ տարեկան շրջանառությունը գերազանցում էին 1 մլրդ դրամը։ Ներկա փոփոխություններով, որն առաջարկում է Ֆինանսների նախարարությունը,  1 մլրդ-ի շեմն, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի մինչեւ 2 մլրդ, և պահանջը կտարածվի 250-300 ընկերությունների վրա։

Այն երեք տարիներին, երբ գործում էր պարտադիր աուդիտի պահանջը, Հայաստանի աուդիտի շուկայում ակտիվություն գրանցվեց ընկերությունների եկամուտների առումով։ Աուդիտն, իրականում, թանկ գործընթաց է։ Ընկերություններն աուդիտորական ծառայությունների համար վճարում են մի քանի մլն դրամ. գումարը խիստ տարբեր է՝ կախված նույն ընկերության ծավալներից։  

Նախատեսվող փոփոխությամբ՝ թեև պարտադիր աուդիտի ենթարկվող ընկերությունների թիվը երեք անգամ փոքր է, սակայն, ենթադրվում է, որ եթե օրենքի փոփոխություններն ընդունվեն, ապա դա աուդիտորական ընկերությունների եկամուտների վրա դրական ազդեցություն  կունենա։ Փոխարենն այն լրացուցիչ բեռ կդառնա աուդիտի ենթարկվող ընկերությունների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter