HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Սևանի բաժնի պետն ու հետաքննության խմբի տեսուչը ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ «Հետքի» հրապարակման հետեւանքով

Մարտի 29-ին «Հետքը» հրապարակել էր «Իմ ըրեխանց համար ամեն աշխատանք կանեմ»,- ասում է գոմին կից հացատանն ապաստանած ընտանիքի հայրը հոդվածը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են անապահով ընտանիքից «մաղարիչ» պահանջել անապահովության նպաստ նշանակելու համար:

Հոդվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածելիս խմբագիր Էդիկ Բաղդասարյանը թեգ էր արել (ակտիվ հղումով նշել էր) ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին եւ նշել, որ հոդվածը հանցագործության մասին հաղորդում է։

Եվ ահա, ապրիլի 17-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի բաժնի պետ գնդապետ Վ․Աղեկյանից էլետրոնային փոստով խմբագրությունը գրություն ստացավ, որով «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին պրն Աղեկյանը խնդրում էր տրամադրել «Մարինե Մարտիրոսյանի, Աշոտ Ահարոնյանի եւ Էդիկ Բաղդասարյանի կոնտակտային տվյալները, որպեսզի բացատրություններ վերցնեն «Հետքի» հրապարակած հոդվածի վերաբերյալ»։

Մարինե Մարտիրոսյանը հոդվածի հեղինակն է, Աշոտ Ահարոնյանը, ինչպես վերը նշեցինք, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը, որը որեւէ առնչություն չունի հոդվածի հետ, պարզապես «Ֆեյսբուքում» նրան նշել էինք (թեգ) հոդվածը տարածելիս: Բայց ոստիկանության Սեւանի բաժնում որոշել էին «նրանից բացատրություն վերցնել»:    

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ոստիկանության Սեւանի բաժնի քննիչներին հեռախոսով տեղեկացրեց, որ գրությանը չի պատասխանելու՝ ոչ գրագետ ձեւակերպումների համար եւ այդ մասին գրառում արեց «Ֆեյսբուքում»՝ դարձյալ նշելով պրն Ահարոնյանին. «Ձեր անձնական տվյալները, իհարկե, կարող եմ տալ գնդապետ Աղեկյանին, որպեսզի բացատրություն տաք, բայց չեմ տալիս։ Իսկ ընդհանրապես իմաստ չեմ տեսնում ոստիկանության հարցմանը պատասխանել, որովհետեւ այսպիսի «մակարդակով» չի կարելի քննչական գործողություն իրականացնել»։

Այսօր պրն Ահարոնյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Սևանի բաժնի պետի ուղարկած գրության վերաբերյալ ապրիլի 19-ին արված հրապարակման կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության Սևանի բաժնի պետն ու հետաքննության խմբի տեսուչը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Մեկնաբանություններ (4)

Արամ
Լավ կլինի
Աննա
Շատ հետաքրքիր բաներ են անում, ոստիկանության պետին հանում են գործից, վստահ հաջորդ օրը մեկ այլ տեղ կնշանակեն, իսկ Հուսիկ Ենոքյանը, ով սոցապ ծառայության գոյության գրեթե ողջ ընթացքում եղել է ծառայության ղեկավարի պաշտոնում, կշարունակի իր յուղոտ գործը, այդպես է ստացվում․․․ Ծառայողական քննություն չէ, այլ քրեական հետապնդում պետք է իրականացվի հենց Հուսիկի նկատմամբ․․․
Andranik
Հարգելի ,,Հետք ամ., կայքի ,,գրագիտության ջատագովներ,, դուք այլոց սխալները մատնանշելով փորձում եք դիվիդենտներ շահել և գրրագետ երևալ, մինչ դեռ չեք տարբերում իրավապահ մարմիններն ու ծառայողներին: Այլոց, այսպես ասած անգրագիտությունը մատնանշելու փոխարեն, լավ կլիներ ձեր գրագիտությանն ուշադրություն դարձնեիք, որպեսզի հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցներին տարբերեիք: Ասեմ ավելին՝ տվյալ պարագայում ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ.Աղեկյանի և հետաքննության խմբի տեսուչի գործողություններն իրաչափ են, բխում են ՀՀ օրենսդրությունից և իրենց ծառայողական գործառույթներից: Իսկ ինչ վերաբերվում է Աշոտ Ահարոնյան տվյալներով հարցմանը, ապա Ձեր կայքում տեղադրված նյութի ուսումնասիրությունից որևէ կերպ հնարավոր չէ ենթադրել, որ ոմն Աշոտ Ահարոնյանը նույն ինքը ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն է և տվյալ պարագայում ոտիկանության բաժնի պետը կամ հետաքննության խմբի տեսուչը առնվազն պետք է պայծառատես լինեին, որպեսզի նյութի բովանդակությունը կարդալիս գուշակեին, որ դա հենց պարոն գնդապետն է:
Սևանցի
Վիգեն Աղեկյանի նման մարդ չկա, իսկ հետքի խմբագիրը թող իր արած սխալների համար մտածի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter