HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը վարձակալության կհանձնվի․ Զեքիյանը կոչ է անում հարցին գործնական մոտենալ

Հռոմի հայ համայնքում տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ, Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը պատրաստվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը վարձակալության հանձնել աշխարհահռչակ «Հիլթոն» հյուրանոցային ցանցին։

Համայնքի ներկայացուցիչներից ոմանք արդեն նամակներ են գրել արքեպիսկոպոս Զեքիյանին, խնդրելով կասեցնել գործընթացը, անգամ հրապարային են դիմել՝ ֆեյսբուքյան գրառումներով։

Լեւոն Զեքիյանը կառավարման մեծ լիազորություններ ունի՝ տրված Վատիկանի կողմից։

Ահա թե «Հետք»-ի հետ զրույցում ինչ պատմեց Հռոմի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ վարժարանի շրջանավարտ Ջորջիո Կեւորկ Օրֆալյանը։

-Ես չեմ կարող անուններ հայտնել, որովհետեւ ինֆորմացիայի իմ աղբյուրը խնդրեց դա չանել, բայց Մխիթարյան միաբանությունից ստացել եմ տեղեկություն այն մասին, որ վարժարանի շենքը «Հիլթոն»-ին է տրվելու 40 տարվա վարձակալության պայմանով։ Ավելի պակաս ժամկետով հնարավոր չէ, որովհետեւ վարձակալության վերցնելու դեպքում «Հիլթոն»-ը մեծ գումարներ է ներդնելու վերանորոգման համար։ Եթե ժամկետը 40 տարուց պակաս լինի, ապա անիմաստ է ներդրումներ անել, կստացվի, որ այդ փողը պարզապես միաբանությանն է նվիրում, եւ իր ներդրումները չի կարող հետ ստանալ։

Հարյուրից հարյուր տոկոս է՝ «Հիլթոնը» մեր վարժարանը վերցնելու է։ Որ հինգաստղանի հյուրանոց է դարձնելու՝ դա նույնպես հարյուրից հարյուր տոկոս է։ Խոսակցություններ կան, որ վարժարանի գրադարանը կմնա հայկական համայնքին՝ որեւէ նպատակի ծառայելու, բայց սրանում վստահ չեմ, այդ պատճառով ասում եմ՝ սա ութսուն տոկոս հավանականություն ունի։

Խնդիրներից մեկն այն է, որ դրանից միաբանությունն էլ չի շահելու։ Նրան փող չի հասնելու։ Այդ պատճառով ասում եմ՝ ափսոս է։

-Պարոն Օրֆալյան, իրավիճակը հնարավո՞ր է փրկել։

-Ես առաջարկում եմ, որ դիմենք Գյուլբենկյան հիմնադրամին,  Շառլ Ազնավուրին, նաեւ ես ճանաչում եմ 4-5 միլիոնատեր հայերի, որոնք Մոսկվայում են ապրում, նաեւ դիմենք վարժարանի 800 նախկին շրջանավարտների, որպեսզի ամեն մեկը տա 10 հազար եվրո կամ դոլար, թեկուզ՝ երկու տարվա ընթացքում, այսպիսով կհավաքվի 8 միլիոն դոլար։ Նույնքան գումար պատրաստ է հատկացնել Վենետիկի քաղաքապետարանը, պահպանելու համար «Քա Ձենոբիո» պալատը։ Բայց նրանք պահանջ են դնում՝ եթե մենք 8 միլիոն հատկացնում ենք, դու՞ք ինչ եք անելու ձեր կողմից։

-Ի՞նչ վիճակում է այսօր վարժարանը։

-Վարժարանը մոտ 8 տարի է չի գործում։ Մեկ տարի առաջ հայ երիտասարդները շենքի մի մասում փոքրիկ սենյակներ վերանորոգեցին եւ դարձրին հյուրատուն։ 20-30 եվրոյով հատկացնում էին հյուրերին, բայց ես իմացա, որ շատ կեղտոտ էր, լավ չէին օգտագործում եւ հիմա չի էլ գործում որեւէ նպատակով։

-Մխիթարյան միաբանության վարդապետները մասնակի՞ց են այս պատմությանը։

-Իրենք էլ չգիտեն՝ ինչ է կատարվում։ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույց արտադրող ընկերության ամենամեծ բաժնեմասն ունեցող Վարդան Սրմաքեշը սրանից մի քանի տարի առաջ դիմեց Մխիթարյան միաբանության աբբահայր Եղիա Քիլաղբյանին, առաջարկելով գնել շենքը, նորոգել եւ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը դարձնել ժամացույցների արվեստանոց եւ ուսումնական կենտրոն։ Աբբահայր Եղիան մերժել էր։

Ասում են 40 տարով են հատկացնում «Հիլթոնին», բայց 40 տարուց հետո գոնե ես մեռած պիտի լինեմ, իմ ընկերները, եւ մենք՝ Սիրիայի, Լիբանանի, Քուվեյթի, Ամերիկայի, Իտալիայի եւ այլ համայնքներում ապրող նախկին շրջանավարտներս պիտի հիմա հավաքվենք, որպեսզի կանխենք այս գործընթացը։

Մենք էլեկտրոնային փոստով դիմել ենք Լեւոն Զեքիյանին։ Վերջինս պատասխանել է միայն իմ ծանոթներից մեկին՝ Լետիցիա Լեոնարդիին, ասելով, թե հույս ունի, որ Աստծո կամոք շենքը կմնա եւ այլն։ Սու՛տ։

Մենք հիմա իրավունք չունենք սենտիմենտալ լինելու։

-Հռոմի հայ համայնքում ի՞նչ են կարծում այս մասին։

-Շատերն են դեմ։ Եվ դրա վկայությունը նամակներն են, որ ուղարկվել են արքեպիսկոպոս Զեքիյանին։ Մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում էլ են գրառում կատարել։ 100-ից 99-ը համաձայն չեն, որ վարձակալության տրվի։

-Ստացվում է, որ արքեպիսկոպոսը ոչ հաստատում, ոչ էլ հերքում այդ լուրերի հավաստիությունը։

-Այո։ Բայց մենք աշխատում ենք։ Երբ Սալահեդդինին հարցրին՝ ի՞նչ արժեք ունի Երուսաղեմը ձեզ համար, նա պատասխանել էր՝ ոչինչ եւ ամեն ինչ։ Ինչ նկատի ունեմ սա մեջբերելով։ Ես չգիտեմ, թե ինչ կարող եմ անել այս պարագայում։ Միգուցե՝ ոչինչ, միգուցե՝ ամեն ինչ։

Ես շարունակելու եմ հանդիպել բոլոր հայասեր մարդկանց հետ, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Բայց առաջին պրոբլեմը Լեւոն Զեքիյանի հետ նստել եւ զրուցելն է։ Նրան կառաջարկենք գոնե մեզ մեկ տարի ժամանակ տալ, որպեսզի կարողանանք հավաքել մոտ 10 միլիոն եվրո, ինչը հեշտ չէ։ Բայց ես ունեմ հարուստ ընկերներ ամբողջ աշխարհում՝ Ամերիկա, Շվեյցարիա, Իտալիա, Գերմանիա, Լիբանան, Պարսկաստան, որոնք կարող են երկու տարվա ընթացքում 10-հազարական եվրո տալ։ Դա իրենց համար պրոբլեմ չէ։ Միայն թե պետք է կարողանանք ունենալ հաշիվ, հաշվապահ, քարտուղար, օնլայն վերահսկելու հնարավորություն եւ սկսել գումար հավաքել։

-Ինչու՞ մինչեւ հիմա համայնքը վարժարանի ճակատագրով չի հետաքրքրվել։

-Ես նոր իմացա, որ դպրոցը պետք է 40 տարով վարձակալության տալ։ Չգիտեի, որ շենքն այդքան վատ վիճակում է։ Մի քանի շվեյցահայերից եմ լսել, որ վարդապետները ժամանակին մերժել են բոլոր առաջարկները։ Բայց հիմա այլեւս վարդապետություն գոյություն չունի, գոյություն ունի ընդամենը մեկ անձ՝ Լեւոն Զեքիյան։ Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից։ Ինքն է ամեն ինչ որոշողը։ Սա է պրոբլեմը։ Սա վատ է, շատ վատ է։

-Որեւէ մեկը չի՞ կարող կանխել նրա որոշումները՝ Հայաստանի կամ Իտալիայի հոգեւոր ու աշխարհիկ իշխանություններին նկատի ունեմ։

-Ոչ։ Նրան կառավարման մեծ լիազորություններ է տվել Վատիկանը։ Հավանաբար որոշակի ազդեցություն կարող է ունենալ Կարդինալ Օրիենտալը, որը զբաղվում է նաեւ հայկական հարցերով։ Նա՛ միայն կարող է Լեւոն Զեքիյանին ասել, որ դպրոցին ձեռք չպետք է տաս, մենք քեզ այլ խորհուրդ ենք տալիս եւ կօգնենք։ Վատիկանը շատ հարուստ է, եւ նրա համար 20 միլիոն եվրոն մեծ փող չէ։

Բայց պետք է մեկը կարդինալին խնդրի, որ այս վարժարանը կրկին ծառայի հայկական գաղութին եւ դպրոց դառնա՝ ինչպես որ ժամանակին։

Մուրադ-Ռաֆայելյան Վարժարանի շրջանավարտներն են՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը, Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Սարգիս Ղազարյանը, ներկայիս դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը։ Ջորջիո Կեւորկ Օրֆելյանը պատմեց, որ դիմել է Վիկտորյա Բաղդասարյանին, հայտնելով իր մտահոգությունը, դեսպանը պատասխանել է՝ այդ հարցը մեր լիազորությունների շրջանակներից դուրս է։ Սակայն հայ համայնքն ակնկալում էր, որ նա որպես շրջանավարտ, այլ ոչ պաշտոնյա, որոշակի քայլեր կձեռնարկեր։

«Նա ասաց՝ կխնդրեմ, որ դուք ինձ հետ այս հարցի վերաբերյալ որեւէ անգամ չխոսեք»,-պատմեց Ջորջիոն։

Նշենք, որ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը հիմնադրվել է 1836 թվականին, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ, Էդվարդ Ղարամյանի միջոցներով: Վարժարանում դասավանդել են Ղեւոնդ Ալիշանը, Վարդան Հացունին, Թադեւոս Թովմաճանյանը, հայ, իտալացի եւ ֆրանսիացի այլ անվանի ուսուցիչներ: 

Վարժարանի շրջանավարտներն են Դանիել Վարուժանը, Էդգար Շահինը, Վահրամ Փափազյանը, Զարեհ Մութաֆյանը, Գուրգեն Ալեմշահը եւ այլք:

«Հետք»-ը այս պատմության վերաբերյալ հարցում է ուղարկել նաեւ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին, եւ նա մեզ գրել է հետեւյալը (ներկայացնում ենք մասնակի կրճատումներով)․

«Մուրադ-Ռաֆայելյան եւ Սեւրի Սամուել-Մուրադյան վարժարանները բավական ժամանակ է գտնվում են համեմատաբար անբարեկարգ պայմանների մեջ, մերթ ենթարկվելով նաեւ վթարային ռիսկերի։

Այս կալվածքները ժամ առաջ, պատմական շենքերի վերանորոգման միջազգային չափանիշներին համաձայն, գործածության վերստացման պահանջն այսօր անհետաձգելի անհրաժեշտություն է։

Ներկումս Միաբանությունը բանակցությունների մեջ է գտնվում տնտեսապես ունակ եւ ծանոթ կազմակերպությունների հետ, որպեսզի այդ կալվածքների մի մասը վերանորոգվի, որպես հասույթաբեր գույք, եւ եկած հասույթի մի մասով՝ վճարված որպես Միաբանության տարեկան վարձակալություն, ծավալվեն մշակութային, գիտական, կրթական համակարգված նախաձեռնություններ կալվածքի այն մասում, որը, ըստ պայմանագրի, հատկացված պիտի լինի լոկ Միաբանական գործածության։

Հայտնի է, որ մեր նախնիները գրեթե միշտ, իրենց կառուցած եկեղեցիները եւ ուսումնարաններ են օժտել են հասութաբեր կալվածքներով, որպեսզի ի վիճակի լինեն ծավալել իրենց կրոնական եւ մշակութային գործունեությունը»։

Արքեպիսկոպոսը նաեւ նշել է, որ ցանկացած առաջարկ՝ ներկայացված հայկական կամ այլ ընկերություններից, ամենայն լրջությամբ հաշվի են առնվելու։ Նպատակը, ըստ Լեւոն Զեքիյանի, վարժարանը միջազգային չափանիշներով վերանորոգելն ու հայության համար անձեռնմխելի ժառանգությունը պահպանելն է։

Ավելին, Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը մեզ տեղեկացրել է, որ առաջարկների համար վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 30-ը։

«Բոլորին խնդրվում է հարցին մոտենալ գործնական, առանց մնալու կաղապարված, հռետորական բանաձեւերի մեջ կամ կրկնելով բազմատասնամյա հանգերգեր, որոնք ամլության սահմանների մեջ են»,-սրանք Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակի խոսքերն են։

Գլխավոր լուսանկարը՝ italianbotanicalheritage.com կայքից

Լեւոն Զեքիյանի լուսանկարը՝ ԱԿՈՍ շաբաթաթերթի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter