HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք տարվա ազատազրկում՝ Խորենացիում զանգվածային անկարգությունների համար մեղադրվողին

Ամալյա Մարգարյան

Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու համար մեղադրվող Արման Առաքելյանի նկատմամբ դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել:

Այսօրվա նիստի ընթացքում Արման Առաքելյանը վերջին խոսքը հնցեչնելու ժամանակ մեղքն ընդունել է և հայտնել, որ զղջում է կատարածի համար: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նիստի ընթացքում մինչև մեղադրյալին վերջի խոսքի իրավունք տրամադրելը, պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես է եկել պաշտպանական ճառով և դատարանից արդարացման դատավճիռ պահանջել: Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ ուրիշի կատարած գործողության համար իր պաշտպանյալն է պատասխան տալիս: «Իմ ճառով հիմնավորեցի, որ վարույթն իրականացնող մարմինը չի ապացուցել, որ տուժող ոստիկաններին կոնկրետ Արման Առաքելյանն է հարվածել: Տուժողներն իրենց ցուցմունքերով նույնպես ասել են, որ Արման Առաքելյանը չի հարվածել»,- հայտնեց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ Արման Առաքելյանի դեմ ցուցմունք տված միակ վկային իրենք չեն կարողացել հարցաքննել՝ դատարան չներկայանալու պատճառով: «Այս ցուցմունքը համաձայն Եվրոպական դատարանի որոշումների՝ համարվում է անթույլատրելի ապացույց, ինչպես նաև նշեմ, որ վկան քննիչի սենյակում է վկա դարձել և տեսանյութի վերաբերյալ ցուցմունք տվել: Եթե այդպես լինի, ապա ամբողջ ՀՀ բնակչությունը սույն քրեական գործով պետք է հանդես գա որպես վկա, քանի որ բոլորը նույն տեսանյութը դիտել են»,- հայտնեց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ տեսանյութը դատահամակարգչային փորձաքննություն չի անցել և հստակեցված չէ` արդյոք հուլիսի 20-ին է նկարահանվել, թե ոչ:

Փաստաբանը հայտեց նաև, որ 2016-ի հուլիսի 20-ին տեղի չեն ունեցել զանգվածային անկարգություններ. «Հավաքը սկսվելուց առաջ կրել է խաղաղ բնույթ, նախօորոք պլանավորված ջարդեր, հրկիզումներ չեն եղել, իսկ հավաքի մասնակիցների ձեռքերին արգելված առարկաներ չեն կրել»:

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter