HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների 2-րդ փուլը

Եկեղեցու վերականգնման աշխատանքերի 1-ին փուլում, որը տևել է 2012-2014թթ-ը, մոսկվաբնակ հանրահայտ բարերար Մովսես Ձավարյանի կողմից ներդրվել 320 մլն դրամ, որից ծախսվել է 270 մլն-ը: Գլխավոր վերականգնող Լևիկ Ղուկասյանի խոսքով` 2-րդ փուլում եկեղեցում Մ. Ձավարյանի բարեգործությամբ կկատարվեն ևս 63 մլն դրամի վերականգնման աշխատանքեր:

Վերականգնման նախատեսված աշխատանքերի մասին «Հետքի» հարցերին պատասխանում է «ԼևԳուգ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը:

- Ինչո՞ւ 2014թ.-ին ընդհատվեց Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքերը:

- Եկեղեցու ծրագրի մասին մենք հաճախ ենք Ձեզ հետ նախկինում խոսել: Վերականգնման համար 2012թ.-ին պայմանագիր է կնքվել՝ Օձունի եկեղեցու մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքերի համար: Դրանք արվել են մինչև մի նիշ, որը ինչ-ինչ պատճառներով, դե լինում է էլի աշխատանքում, ինչ-որ բաներ եղան, վերականգնման աշխատանքերն ընդհատվեցին: Այդ ընդհատումը 2014թ.-ից տևեց մինչև 2017թ.-ը: Բարերարը միշտ շահագրգիռ էր, որ ավարտին հասցնի եկեղեցու վերականգնման աշխատանքերը: Իրեն էլ եմ հասկանում, որովհետև աշխատանքների մեծ բաժինն արել էր, աշխատանքի փոքր մասն էր մնացել: Բոլոր դեպքերում, թե ինչու ընդհատվեց աշխատանքերը, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել:

- Վերականգնման ի՞նչ աշխատանքեր են նախատեսված 2-րդ փուլում:

- Այս փուլում ավարտելու ենք եկեղեցու հյուսիսային սրահի վերականգնումը: Հյուսիսային սրահի վերականգնման աշխատանքներ նախատեսված են եղել նաև սովետական ժամանակաշրջանում՝ 1992թ.-ին: Երկիրը քանդվեց, ծրագիրը կիսատ մնաց: Այն ժամանակ հյուսիսային սրահը քանդել են, քարերն էլ համարակալել են: Հիմա քարերի կեսը կա, կեսը չկան: Անցել է 25-30 տարի, բնական է, քարեր կան, որ պառկած տեղը արդեն մահացել են: Հիմա պետք է դա վերականգնենք, պատերի գլուխը պետք է փակենք: Դրանց համար ունենք մինչև թաղատակ նիշը սրահների մասնակի վերականգնման նախագիծ: Նախկին փուլում դրանք մտած էին ծրագրի մեջ, որը չի կատարվել: Ծրագրում նախատեսված չէ սրահների ծածկելը, դրանք բաց են մնալու: Սրահները ծածկելու խնդիրն ի սկզբանե դրված չի եղել, ծրագրի նախագծման և եկեղեցու վերանորոգման փուլերում 5-6 գիտամեթոդական խորհուրդներ սրահների ծածկերի մասով ընդհանուր հայտարարի չեն եկել:  

- Որքան գիտեմ, եկեղեցու վերականգնման 1-ին փուլում չի լուծվել եկեղեցու ջրահեռացման  խնդիրը:

- Անցյալ տարի ջրահեռացման նոր նախագիծ է արվել: 2014թ.-ին հատակների սալարկման նախագիծ ունեինք, բայց հատակների սալարկումից հետո, թե ջուրը ուր էր գնալու, նախագիծ չկար: Այդ դեպքում ջուրը կհավաքվեր, ավելի շատ խոնավություն կտար եկեղեցուն: Հիմա մշակույթի նախարարությունը իր միջոցներով նախագիծ է արել, որը կտրամադրեն բարերարին, բարերարն էլ որպես պատվիրատու նախագիծը կտա մեզ:  Էլի սալարկում է լինելու, պարզապես թաքնված ջրաընդունիչ հանգույցներ կլինեն, որոնք ջուրը կհեռացնեն սրահներից դուրս: Պետք է ավարտին հասցնենք բացվածքներում  պատուհանների տեղադրումը: Նախագծին ավելացվել է միայն եկեղեցու ներսի պատուհանագոգերի տեղադրումը՝ որոնք սեղանաձև կտրվող քարեր են: Եկեղեցու ներսում ևս աշխատանքեր կան կատարելու: Սովետական ժամանակաշրջանում, երբ եկեղեցին որպես  պահեստ են օգտագործել, ցեմենտով կարանախցում են արել: Դրանք պետք է մաքրենք: Մենք ժամանակակից կրով կարանախցում կանենք: Ներսի կողմից որոշակի հատվածներ կան, որտեղ 1-ին փուլում աշխատանքերը կիսատ մնաց: Նախագծով այդ աշխատանքերը կար, բայց ոչ ոք չի կարող հաշվել դրանց կատարողական գինը: Դա թաքնված է, չես տեսնում: Այդ իսկ պատճառով պատվիրատուի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ ելնելով աշխատանքերի թաքնված լինելու ծավալներից, պայմանագիրը կնքել է միավոր գնի համար:  

- Ինչքա՞ն գումար է 2-րդ փուլին ներդրվելու եկեղեցու վերանորոգման համար:

- Ես կարող եմ ասել մոտավոր թվեր, դրանք հստակ չեն, բայց  պայմանագիրը կազմված է 63,5 մլն դրամի աշխատանքների համար: Սկզբնական պայմանագիրը եղել է 320 մլն դրամ, բայց քանի որ աշխատանքների ընթացքում մենք կարողացանք ծրագիրը դարձնել բարեգործական, այսինքն ազատվեցինք ավելացված արժեքի հարկից, բարերարը ոչ թե տնտեսեց էդ մնացորդ գումարը, այլ դրեց վերականգնման աշխատանքերի մեջ: Էն աշխատանքերը, որոնք թմբուկի ամրակայման վրա նախատեսված չէր պայմանագրով դրանք վճարվեց: Այսինքն էն ժամանակ զուտ վերականգնման աշխատանքերի վրա ծախսվեցին  270 մլն դրամ: Այս  վերջին գումարն էլ, որ գումարում ենք 333 մլն դրամի վերականգնման աշխատանքեր են կատարել եկեղեցու վրա:

- Ե՞րբ են սկսվելու 2-րդ փուլի վերականգնման աշխատանքերը:

- Սկիզբը էսենց ա, որ ասեմ էսօր սկսել ենք, դեռևս՝ չէ: Հիմա տեսաք, հողերի մեջ ենք, էս քանդված վիճակը պետք է բերենք աշխատանքային տեսքի: Հիմա 6 սյուներ ունենք, էդ  6 սյուների հիմքերը պետք է ստեղծենք, որովհետև սովետի ժամանակ էդ սյուները հենց այնպես դրել են: Դրանք պահպանված են, բայց ենթակա չեն իրենց վրա կամար կրելու: Հիմա այդ աշխատանքները կանենք: Նոր այստեղ էին մեր գործընկերները, ովքեր քար պետք է մատակարարեն եկեղեցու վերանորոգման համար: Ծաթերի քարն եք տեղադրելու: Այսօր նախկին պայմանագրից բավականին քար ունենք: Այսինքն աշխատանքը տեղից շարժելու հնարավորություն ունենք: Ապրիլի 4-ին ես աշխատանքների ստարտ եմ տվել: Ոնց որ աշխատանքերը նորից զերոյից սկսես՝ նորից վագոն, կռան ենք բերում: Նախատեսել էինք հոկտեմբերի 20-ին ավարտել աշխատանքերը, բայց բարերարի խնդրանքով ժամկետը սեղմեցինք մինչև հոկտեմբերի 5-ը: Հուսով եմ, որ մենք աշխատանքները կավարտենք մեր գրաֆիկով: Կունենանք ավելի բարեկարգ սրահներ:

Եկեղեցու վերականգնման աշխատանքների հետ կապված, կարծես Ձեր դեմ եղան նաև «հարձակումներ»:

- Մի հատ խոսք կա էլի, ասում են` ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում: Դե աշխատանք է, մեկին դուր է գալիս, մեկին դուր չի գալիս: Էս պահին ինձ համար կարևորն էն չի, որ ինձ կքննադատեն, կամ չեն քննադատի: Ինձ համար շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը լավ լինի: Որովհետև երբ ծախսվում է դրամական միջոցներ, մարդկային ներուժ, մարդը իր սեփական միջոցներից գումարներ է ներդնում, ես էլ վարպետին վճարում եմ, շատ վատ կլինի, որ էդ ամեն ինչը անտեղի ծախսվի: Այսինքն, դու ոնց որ քեզ դավաճանես: Հուսով եմ, մենք այդպիսի խնդիր չենք ունենա:

Մեկնաբանություններ (2)

Դավիթ Մանթաշյան
Միայն նվիրյալների ջանքերն են որ փրկում են մեր ազգային արժանապատվությունն ու ինքնությունը որպիսիք վավերացված են հազարամյակներ առաջ և մարմնավորված նաև քարի մեջ որպես գոյության վկաններ։ Երախտապարտությամբ եմ նշում Մովսես Ձավարյանի ևՏեր Վրթանես քահանայի անունները որպես մերօրյա ազնվագույն նվիրյալների ։Խոնարհաբար շնորհակալ եմ
Տեր Վրթանես
Օձունի ողջ բնակչությունը շատ ուրախ է, որ մեկնարկել է Օձունի հիասքանչ տաճարի վերականգնման երկրորդ փուլը: Աստված օրհնելով օրհնի հանրահայտ բարերար Մովսես Վարազդատի Ձավարյանին և իր բոլոր աջակիցներին: Բարեհաջող և անփորձանք աշխատանքներ ենք մաղթում շինարարներին: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հետքի հետաքննող լրագրող Լարիսա Փարեմուզյանին՝ իր կառուցողական հրապարակումներով Օձունի եկեղեցու վերականգնումը լուսաբանելու, հանրությանը կատարվող աշխատանքներին իրազեկելու համար: Շնորհակալ եմ Մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանից, Օձունի վերականգնման ծրագրին աջակցելու և ուղղորդելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter