HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ելք»-ի՝ «Երեւան ջան, ելք կա» կարգախոսով քարոզարշավը մեկնարկեց

«Երեւան ջան, ելք կա» կարգախոսով մեկնարկեց «Ելք» դաշինքի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Դաշինքի անդամները Երիտասարդական մետրոյի մոտից քայլերթով, շրջելով Երևանի կենտրոնական փողոցներով, շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ «Nemra» ռոք խմբի համերգն էր։

 

Քարոզարշավի մեկնարկից առաջ ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը խոստացավ, որ ունենալու են հետաքրքիր և գեղեցիկ քարոզարշավ։ Ասում է՝ չեն պլանավորում քարոզարշավի իրենց ընթացքը, միայն գիտեն, որ պետք է մարդկանց հետ շփվելու արդյունավետ եղանակներ գտնեն։

«Ով կարող է ասի, որ ապահովված է Հանրապետականի հաղթանակը։ Ես քաղաքացիներին ասում եմ և դրանում համոզված եմ, որ իրենք են իրենց ընտրությամբ որոշելու՝ ով կհաղթի քաղաքապետի ընտրություններում և ես Երևանի քաղաքապետի թեկնածու եմ առաջադրվել՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու համար»,- ասաց Փաշինյանը՝ ի հակադարձում Հայաստանի հանրապետական կուսակցության «հաղթանակը որոշված է» դիտարկմանը։

 

Այս ելույթից հետո մեկնարկեց քայլերթը՝ «Երևան ջան, ելք կա» վանկարկումներով։

 

Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը երևանցիներին տեղեկացրեց, որ քարոզարշավի այս օրերին այցելելու են բակեր և, թակելով բնակարանների դռները, ներկայացնելու են, թե ինչպիսի Երևան են իրենք պատկերացնում, և թե ինչ ելքեր են առաջարկում՝ ավելի լավ մայրաքաղաք ունենալու համար։

««Ելք» դաշինքը այդ փոփոխությունը առաջարկում է ձեզ երիտասարդ և պայքարող քաղաքական թիմով։ Առաջարկում է ձեզ արդյունավետ լուծումներ և ձեր վճարած հարկերի արդյունավետ կառավարում»,-ասաց նա։

 

Նրա այս խոսքն ավարտվեց «Երևան ջան, ելք կա» վանկարկումներով, ապա նրա խոսքը շարունակեց ավագանու մյուս թեկնածու Արայիկ Հարությունյանը, որը նաև առաջադրված էր որպես պատգամավորի թեկնածու ապրիլի 2-ի ընտրություններում։

 

Նա երևանցիներին առաջարկեց մայիսի 14-ին ընտրատեղամասեր գնալով` միանալ այն տասնյակ հազարավոր քաղաքացիներին, ովքեր ապրիլի 2-ին, հավատալով փոփոխությունների ուժին, իրենց քվեն տվել են «Ելք» դաշինքին: «Ուստի, մայիսի 14-ին դուխով գնացեք ընտրատեղամասեր, վերցրեք քվեաթերթիկը, ընտրեք թիվ 1-ին՝ «Ելք» դաշինքին և կատարեք ձեր ընտրությունը՝ բարձր բացականչելով՝ «Երևան ջան, ելք կա»»,-ասաց նա։

 

Քայլերթի մասնակիցները հասան Հյուսիսային պողոտա, որտեղ արդեն սկսվել էր ռոք համերգը, և հավաքվածները դաշինքի անդամներին ծափողջյուններով դիմավորեցին։

 

Հիեշեցնենք, որ այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը, որին կհաջորդի լռության օրն ու արդեն ընտրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter