HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Եզակի ես, որովհետև մերժել ենք»․ զրույց Պաչյանի հետ

«Գրողները երևի ամենաանհետաքրքիր մարդիկ են: Առանց ձևեր բանեցնելու` ես ինքս ինձ հանդիպած ամենաանհետաքրքիր մարդն եմ: Տարիներ առաջ ոչ միայն փորձում էի գրել, այլև շատ էի ուզում գրող լինել: Դրա մեջ արկածախնդրության գայթակղություն կար՝ ծովահենությունը: Հիմա էլ չեմ ձգտում ինչ-որ (բան) լինել: Կամենում եմ լինել ու վերջ (Ջոն Ֆաուլզ)»․ Արամ Պաչյան

Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը լույս է տեսել դեռ 2012 թվականին, օրեր առաջ «Միրզոյան» գրադարանում վեպը ներկայացվեց երկրորդ հրատարակությամբ։

Փոփոխությունը, որ կարող էր տեղի ունենալ հինգ տարվա ընթացքում, «պատահել» է, ու դա գրողի փոփոխությունն է։ Տեքստի հետ համաձայնությունը կամ անհամաձայնությունը Արամին, ըստ իս մղել է ամբողջացնել վերջաբանի տեսքով՝ այդկերպ փորձելով ինչ-որ ձեւ հենց այս պահին իր դիրքից խոսելու, ինչ-որ առումով այս հինգ տարիների փոփոխությունն ու դիրքը (վերա)հաստատելու նպատակով։

«Վերջաբանի փորձը»-ում է, որ Արամը գրում է․ «Հոմերոսը՝ վերապատմում է: Շեքսպիրը վերապատմում է վերապատմության պատմությունը: Ռաբլեն, Սերվանտեսը, Դեֆոն, Սթեռնը վերապատմում են: Վալզերը վերապատմում է զբոսանքը: Պրուստը վերապատմում է Պրուստի հիշողությունը: Վիրջինիա Վուլֆ վերապատմում է Վիրջինիա Վուլֆը: Կաֆկան վերապատմում է Մելվիլը: Ջոյսը վերապատմում է Հոմերոսը: Բորխեսը վերապատմում է գրականությունը: Կալվինոն վերապատմում է իտալական հեքիաթները: Բրունո Շուլցը վերապատմում է Կաֆկայի երազները: Երվանդ Օտյանը վերապատմում է «Անիծյալ տարիները»: Պրիմո Լեվին վերապատմում է Աուշվիցը: Աննա Ֆրանկը վերապատմում է մահը․․․»:

Արամ, մեր նախորդ զրույցից, որ հարցազրույցի պիտի վերածվեր, անցել է 3 տարի։ Այս նոր զրույցից առաջ երկու անգամ ընթերցեցի «Ցտեսություն, ծիտ» վեպի «Վերջաբանի փորձը»․ ըստ իս այն հիմնական փոփոխությունն է, որով ներկայանում է վեպը երկրորդ հրատարակությամբ։ Ու, նախեւառաջ այս տեքստն է, որ զրույցի առանցքում եմ պատկերացնում։ Գրողի «պայքարի» մասին խոսենք։ Ասում ես, որ այդ «պայքարի» համար միշտ մի «մոգոնած» պատճառ կա՞։

Իհարկե կա, չնայած փոքր-ինչ բիրտ բառ եմ օգտագործել, այնուհանդերձ, կարծում եմ` դիպուկ է: Պատճառներն ու պատասխանները երեք ուղով են գնում՝ ծագում են, մտածվում և հորինվում: Դրանից ճյուղավորվում են նորեր և այդպես շարունակ:

Վերջաբանում ես նաև փորձում էի այդ պատճառների, սահմանումների անվերապահ իշխանության մասին խոսել, որ հեղինակը ունակ է ստեղծել կուռ իշխանական-գաղափարական համակարգ և ապա շատ դեպքերում մնալ դրա տիրապետության ճնշման տակ՝ դառնալով իր իսկ կերտած իշխանության քարոզչական մեքենան` վերջում հեռանալով թե գրից, և թե առհասարակ դրա բնույթից:

Վերապատումի ու գործողության կրկնության մասին «Դու կարիք ունես նույնությամբ տեսնելու այն իրավիճակները, տրամադրություններն ու մտքերը, որոնք անցյալում նույնությամբ կրկնվել են: Ուրեմն իսկապես մենակ չես, ուրեմն մենակ դու չես` մենք ենք» անմիջապես հետո, առանձնացնում ես հարցադրումը․ «Կապիտալիզմի համակենտրոնացման ճամբարներներում կկարողանա՞ վերապրել այն գրականությունը, որը (ձանձրալի է), (չի սպառվում), (նորաձև չէ), (Originality չէ), (հանճարեղ չէ), (անկրկնելի չէ), (ցնցող չէ), (Ան-թարգմանելի է): «Մոտ լինելով Սոնթագին»»: Կարո՞ղ է․․․

Դժվար է անգամ որոշակի կանխատեսումներ անելը: Ամեն ինչ գնալով ավելի ու ավելի է բարդանում: Գրականությունը դատապարտված է անցնել այս հասարակարգի զտիչ մեքենաների միջով՝ շուկայի և ակադեմիայի, որոնք փաստորեն դարձել են նրա լինելիության և իրականության ցուցիչները, իհարկե, եթե այդ գրականությունը հրապարակվել է:

Դեվիդ Ֆոսթեր Ուոլեսը առհասարակ առաջարկում էր այլևս չհրապարակվել՝ մերժելով, թե շուկայի, և թե ակադեմիայի իշխանությունը, սակայն ավելացնում էր, որ միևնույնն է՝ դա ևս լուծում չէ, քանի որ բխում է սիստեմի պարտադրած ինքնապաշտպանականությունից:

Հարցիդ առաջին մասը ինչ-որ առումով վերաբերում է նաև այս մտքին: Մեծ հաշվով թե այժմյան շուկան, թե ակադեմիան, կամ դրան հարող շրջանակը՝ հեղինակի ստեղծագործությունը եզակիության կալվածքի մեջ է ներառում: Երկու դեպքում էլ ասում է՝ եզակի ես, որովհետև մերժել ենք, և եզակի ես, որովհետև մեր կողմից ամրագրվել է՝ գերտաղանդավոր լինելդ: Այսպիսով իշխանությունը միայն ընդլայնում է իր տարածքները՝ ամայացնելով ու ոչնչացնելով ամեն ինչ:

«Դու կարիք ունես նույնությամբ տեսնելու այն իրավիճակները, տրամադրություններն ու մտքերը, որոնք անցյալում նույնությամբ կրկնվել են: Ուրեմն իսկապես մենակ չես, ուրեմն մենակ դու չես` մենք ենք», - որովհետև ինձ համար սա վերջին հույսերից է, որով դեռ կարող եմ պայքարել՝ իմ ինքնիշխանության, եզակիության և առհասարակ ռեժիմի դեմ:

21-րդ դարասկզբին արվեստի պատմության, հասարակության և իշխանության կողմից մեզ պարտադրած հրամաններն ու ճնշումները արդեն չափից դուրս շատ են: Ճնշումը ուղղակի ահռելի է: Չորս կողմից մեզ պարտադրում են դիրքավորվել, ոչ միայն հասարակական կյանքում, այլև հրամայում են, ասենք՝ սա մի գրեք կամ այսպես մի գրեք՝ (իբր անցյալում եղել է), ամեն ակնթարթ հիշեցնելով՝ արվեստի պատմությունը, մի բան որն այսօր հաստատապես համակենտրոնացման ճամբարի է վերածվում, այնինչ պիտի որ ազատագրեր, հարստացներ մեզ, հույս և կյանք պարգևեր բոլորիս:

Արամ, պատահել է, որ տեքսդ առավոտյան կարդամ, ու մտածեմ՝ ինչ լավ է, որ Արամին չեմ կարող զանգել, չեմ կարող արագ գրել մի երկու բառ, չեմ կարող հենց հիմա կապի դուրս գալ։ Ու նաեւ դրա հետեւանքով ես ու տեքստդ մնացել ենք քեզնից դուրս ու քեզ հետ։ Հենց իմացա, որ վեպը երկրորդ հրատարակության է գնալու, մտածեցի՝ Արամն ու տեքստը, որ մինչեւ այդ «մի ուրիշ (այլ) Արամ ու տեքստ էր» ի՞նչ էր փոխ(վ)ելու։

Չեմ ասում անձեռնմխելիությունը, բայց հեռավորությունը, որոշակի տարածությունը գուցե խստացնում է մենակության ու խորթության զգացումը, որն իր հերթին թույլ է տալիս ավելի սևեռուն կենտրոնացում ձեռքից տակ եղած տեքստի հանդեպ, որն էլ ըստ էության դրա ամենակարևոր պահանջմունքներից մեկն է:

Հիշու՞մ ես Սոնթագի օրագրությունից այս հատվածը․ «Գրում եմ, որպեսզի սահմանեմ ինձ – ինքս ինձ ստեղծելու գործողություն – դառնալու ընթացքի մի մաս – երկխոսություն ինքս ինձ հետ, իմ սիրելի ողջ և մեռած գրողների, կատարյալ ընթերցողների հետ…»։

Այս պատասխանն անվերջանալի ընթացքի հետ (Սոնթագի դեպքում թեկուզ հպանցիկ) համաձայնությունն է, կարծում եմ։ Նման ներքին ընթացքի համաձայնության սահմանելու փորձ անու՞մ ես։

«Երբ աշխատում ես, միայն այդ պահին է, որ հերարխիան բացակա է»,- գրում է Սիմոնա Վեյլը: Գրելը միանշանակ նաև համաձայնությամբ աշխատելն է, որում, նախևառաջ, գործ ունես ինքդ քեզ հետ. մարմնիդ հետ, որը համաձայն է ընտրածդ սենյակին, նստածդ դիրքին, ստեղծվող պատմությանը կամ տողերին:

Ընդդիմությունը՝ ռեժիմի դեմ, դեմ հասարակական ընդհանուր մոտեցմանը, կապիտալիզմին, եւ այլին, ինչ կարող է մեզ առանձնացնել մեզնից, որպես այդպիսին, երբ տեքստի է վերածվում, դառնում է փորձ, որ քեզնից դուրս հանես քեզ, փրկես գոնե այդ մեկին, այդպես «ընդդմիանաս»։ Բայց, երբ ինքը դառնում է տեքստ, դու, հնարավոր է, հանկարծ մոռանաս նաեւ իրեն։ Էդ դեպքում արդյո՞ք տեքստը նոր վտանգի առաջ չի կանգնեցնում։

Մոռանում ես, որովհետև հնարավոր չէ հիշել արդյունքի բաղադրությունը: Արդյունք… Ես այն նաև ավարտ եմ հասկանում: Երբ մի գործ ավարտում ես, միանգամից վտանգավոր գոտում ես հայտնվում կամ պարզապես ընկնում ես վտանգավոր գոտում հայտնվելու տագնապի որոգայթը, որը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այն մտքին, որ իսկապես ամեն ինչ ավարտված է: Իսկ մենք գիտենք նաև, որ ոչինչ էլ ավարտված չէ, և գուցե չի էլ սկսվել այն, ինչ թվում է՝ օրերից մի օր ավարտվելու է:

«Ցտեսություն, ծիտ․ քեզ նույնիսկ մոռացությունը չի փրկի»․․․

«Քեզ նույնիսկ մոռացությունը չի փրկի»․ այս իսկապես ցնցող տողը հանդիպեցի Հերման Բրոխի «Վիրգիլիոսի մահը» վեպում: Երկար ժամանակ, ոչ մի վայրկյան մտքիցս չէր հեռանում, հետո հասկացա, որ սրանով ինձ համար չավարտվելով, այնուհանդերձ, ամփոփվում է մի ողջ մտավոր, մարդկային կյանքի շրջափուլ, որի աղը հիշողության և մոռացության իշխանությունն էր:

Հ․Գ․ մեջբերված հատվածները` «Ցտեսություն, ծիտ» վեպի «Վերջաբանի փորձից»։ Ս․ Սոնթագի օրագրությունից մեջբերված հատվածի թարգմանությունը՝ Մարգո Գեւորգյանի (աղբյուրը՝ Ինքնագիր գրական հանդես)։

«Ցտեսություն, ծիտ» վեպը հրատարակվել է 2012թ․-ին («Անտարես»), երկրորդ հրատարակությունը՝ 2017թ․ («Դարակ»)։ «ԱՐԻ» գրական գործակալության ջանքերով (տնօրեն՝ Արեւիկ Աշխարոյան) վեպը տպագրվել է անգլերեն («Գլագոսլավ» հրատարակչություն, թարգմանությունը՝ Նաիրի Հախվերդիի)։ Ստորագրվել է նաեւ վեպի արաբերեն թարգմանության իրավունքների պայմանագիրը եգիպտական «Ալ Արաբի» հրատարակչության հետ, բանակցությունների փուլում է ֆրանսերեն հրատարակության գործընթացը։

Վեպից ստացված ողջ հասույթը, Արամի համաձայնությամբ, «Դարակ» հրատարակչությունը տրամադրելու է մեկ այլ երիտասարդ ստեղծագործողի առաջին գրքի տպագրությանը։

Լուսանկարը՝ Արամ Պաչյանի «Ցտեսության, ծիտ» ֆեյսբուքյան պաշտոնական էջից (լուսանկարում՝ գրքի շապիկը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter