HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը

«Հետք»-ը ներկայացնում է Երևանի ավագանու 2017թ-ի ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Ստորև «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն է` նույնությամբ. 

Սիրելի երեւանցիներ. ԵԼՔ դաշինքի թիմը Ձեր վստահության քվեն ստանալով եւ Երեւանի քաղաքային իշխանությունը ստանձնելով՝ առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացնի հետեւյալ քայլերը.

- Կսկսվի ավտոբուսային միջանցքի ձեւավորումը, երբ պողոտաների երթեւեկելի գծերից մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների եւ տրոլեյբուսների երթեւեկությանը:

- Ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղեւորափոխադրումների չափաբաժինը առաջիկա հինգ տարիներին կհասցվի 80 տոկոսի՝ ներկայիս 46 տոկոսի փոխարեն: Կապահովվի քաղաքային տրանսպորտի լիարժեք հասանելիությունը մինչեւ կեսգիշեր:

- Կգործարկվի «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանի կենտրոնին կապող ավտոբուսային շուրջօրյա երթուղի:

- Խստագույն միջոցներ կձեռնարկվեն քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիների սպառողական իրավունքները պաշտպանելու համար (վարորդների արտաքին տեսքի, պահվածքի, տրանսպորտային միջոցների մաքրության եւ տեխնիկական պատշաճ վիճակի, դրանցում հնչող երաժշտության հարցերը կլինեն խստագույն վերահսկողության ներքո):

- Կձեւավորվի հեծանվային միջանցք հեծանվորդների անարգել երթեւեկությունը կազմակերպելու համար, կներդրվեն հեծանիվով երթեւեկողների խրախուսման միջոցներ:

- Կներդրվեն «խելացի լուսացույցներ», որոնք երթեւեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռվածության: Մինչ  «խելացի լուսացույցների» տեղադրումը բոլոր խոշոր խաչմերուկներում կգործեն երթակարգավարներ:

- Ամբողջությամբ կթարմացվեն Երեւանի ճանապարհային նշանները` բացառելով դրանց եւ լուսացույցների վատ տեսանելիությունը վարորդների եւ հետիոտների համար:

- Երեւանի մետրոպոլիտենի կառուցումը կդառնա անընդհատ պրոցես՝ հնարավոր առավելագույն ծավալներով. մինչեւ 2022 թվականը կգործարկվի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան:

- Կվերացվի Երեւանում կայանատեղիների սպասարկման մենաշնորհը, եւ քաղաքի տարբեր հատվածներում կայանատեղիների կազմակերպումը կիրականացնեն բաց եւ թափանցիկ մրցույթով ընտրված այնպիսի ընկերություններ, որոնք կապահովեն նվազագույն գին եւ առավելագույն որակ:

 - Կխթանվի մայրաքաղաքում ստորգետնյա եւ բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցումը ` կիրառելով հարկային արտոնություններ եւ այլ միջոցներ:

- Երեւանի քաղաքապետարանի համակարգի ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի 70 տոկոսով:

-Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար բնակչությունը լայնորեն կիրազեկվի համատիրությունների ձեւավորման սկզբունքների, այդ գործընթացում քաղաքացիների իրավունքների եւ հնարավորությունների մասին, տեղի կունենան համատիրությունների կառավարիչների իրական ընտրություններ: Նման փորձնական ծրագիր կիրագործվի նաեւ առանձնատներով թաղամասերի համար:

- Բնակիչների ընտրությամբ կներդրվի բազմաբնակարան շենքերի կառավարումը մրցութային կարգով մասնավոր մասնագիտացված ընկերությունների հանձնելու համակարգը:

- Երեւանի բոլոր բազմաբնակարան շենքերի վրա կտեղադրվեն դրանց հասցեներով ցուցանակներ:

- Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն Երեւանի եւ մերձակա մարզերի տեսարժան վայրերի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ինտերակտիվ քարտեզներ:

- Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կհիմնադրվեն առնվազն հինգ լողավազան-լճակներ՝ որպես ամառային հանգստի գոտիներ, որոնք կկառավարվեն համայնք-մասնավոր համագործակցությամբ:  

- Առաջիկա հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում եւ նրա շուրջը կտնկվի 500 հազար ծառ. բոլոր մայթերի եզրերով կտնկվեն ծառեր` նպատակ ունենալով ապահովել հետիոտների պաշտպանությունն ամառային տապից: Կսկսվի կանաչ տանիքների ծրագրի իրագործումը: Հատուկ ուշադրություն կդարձվի Երեւանի զբոսայգիների թվի եւ մակերեսի ավելացմանը:

- Կհիմնադրվի քաղաքային անտառ՝ նպատակ ունենալով այն դարձնել ընտանեկան հանգստի գոտի, որը առավելագույն չափով մոտ է բնական անտառի պայմաններին:

- Կիրականացվեն հանրային իրազեկման ակտիվ միջոցներ քաղաքի մաքրության ապահովման գործում յուրաքանչյուրի դերակատարման գիտակցումը բարձրացնելու համար:     

- Կհայտարարվի մրցույթ Երեւանի քաղաքում հանրային զուգարանների կազմակերպման համար. քաղաքային նման ծառայություններ կազմակերպելու համար պայմանագրեր կկնքվեն մրցույթում հաղթած ընկերությունների հետ:

- Երեւանի ավագանիում կձեւավորվի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի Երեւան քաղաքի կրթական հաստատությունների ղեկավարների կողմից ընտրական պրոցեսին ապօրինի միջամտությունների մասին ահազանգերը. ընտրական պրոցեսին ապօրինի միջամտություն ցուցաբերած տնօրենները կազատվեն աշխատանքից:

- Դպրոցների աշխատողներին, մանկավարժական կազմի ներկայացուցիչներին կարգելվի դպրոցներում կրել կուսակցական կրծքանշաններ:

- Կարագացվի Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող եւ վարձակալությամբ տրված մանկապարտեզային տարածքների վերադարձը քաղաքապետարանին, մանկապարտեզ ընդունվելու համար հերթագրված ավելի քան 8 հազար երեխաների ընդունելությունը մանկապարտեզներ ապահովելու համար:  

- Կներդրվի համայնքային ակտիվ դպրոցի հայեցակարգը, երբ հանրակրթական դպրոցները, իրենց ենթակառուցվածքներով դասապրոցեսի ավարտից հետո շարունակում են ծառայել համայնքի երեխաների մարզական, արհեստագործական, արտադասարանային կրթության կազմակերպմանը:

 - Դպրոցական ճաշարաններում աշակերտների համար սննդի վաճառքը կկազմակերպվի բացառապես ելնելով առողջ ապրելակերպի, նրանց տարիքային զարգացման համար պարտադիր պահանջներից սննդի անվտանգության նորմերի խստիվ պահպանումով:

- Միջոցներ կձեռնարկվեն յուրաքանչյուր դպրոցական երեխայի՝ տարեկան առնվազն երկու անգամ թատրոն, դասական երաժշտության համերգ, թանգարան հաճախելիությունն ապահովելու համար:

- Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի մեկական դպրոցներում կիրականացվի ներառական կրթության համար անհրաժեշտ լիարժեք պայմանների ապահովման փորձնական ծրագիր:

- Միջոցներ կձեռնարկվեն բացօդթյա առեւտուրը փակ տարածքներ եւ շուկաներ տեղափոխելու համար:

- Կբացառվի Երևանում որեւէ ճարտարապետական հուշարձանի ապամոնտաժումը կամ ձեւախեղումը:

- Կսկսվեն բանակցություններ UNESCO-ի եւ մասնավոր ներդրողների հետ «Հին Երեւան» նախագիծը կյանքի կոչելու համար: 

- Քաղաքի բոլոր պատմամշակութային կոթողների գիշերային լուսավորության ապահովում:

 - Կիրականացվի գովազդային վահանակների հաշվառում և վահանակների տեղադրման կանոնակարգում:  

- Փողոցների ասֆալտապատումը տեղի կունենա միայն երեկոյան ժամերին եւ ոչ աշխատանքային օրերին. փոսալցման համար քանդված փողոցների վերականգնումը կիրականացվի առավելագույն 10 ժամվա ընթացքում:

- Կներդրվեն արեւային մարտկոցներով աշխատող փողոցային լուսավորության համակարգեր:

 - Կվերանորոգվեն Երեւանի բոլոր 22 պոլիկլինիկաները. կվարվի պոլիկլինիկաները հիվանդությունների կանխարգելման եւ առողջության ապահովման իրական կենտրոնների վերածելու քաղաքականություն:  

- Երեւանի քաղաքապետարանում կստեղծվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ մայրաքաղաքի մատչելիությունն ապահովող հարցերով զբաղվող վարչություն: Սահմանափակ տեղաշարժման հնարավորություններ ունեցող քաղաքացիների (հաշմանդամների) համար համայնքի ենթակառույցների մատչելիության ապահովում:

- Կստեղծվի Երեւանի քաղաքապետին կից դիզայներական խորհուրդ, որը կզբաղվի Երեւանի քաղաքային ավանդույթները պահպանելու եւ քաղաքի ոճաբանության հարցերով:

- Երևան քաղաքի ավագանու կողմից կստեղծվի հակակոռուպցիոն մարմին, որը կիրականացնի քաղաքային բյուջեի, լիցենզիաների ու թույլտվությունների ու կայացված որոշումների օրինականության մշտադիտարկում: Հանրային վերահսկողության նպատակով կստեղծվի հակակոռուպցիոն թեժ գիծ:

- Քաղաքային օրակարգի՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն քաղաքային հանրաքվեի:

- Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ կիրականացվի թափառող կենդանիների ստերջացում եւ ախտահանում, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` նաեւ քնեցում:  

- Կներդրվի ձյունամաքրման նոր համակարգ, որն օդերեւութաբանական ծառայութունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ:

- Միջոցներ կձեռնարկվեն մայրաքաղաքի բարձր կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքի եւ ավտոմեքենաների կադաստրային արժեքները ճշգրտելու եւ, ըստ այդմ, դրանց համար գանձվող գույքահարկի չափն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:  

- Կբացառվի աղբարկղերի տեղադրումը այնպիսի վայրերում, որ խոչընդոտվի երթեւեկությունը: Աղբահանություն իրականացնող ընկերությունները եւ համատիրությունները կպարտավորեցվեն պահպանել մաքրությունը բակային եւ փողոցներում տեղադրված աղբարկղերի շուրջ:

-  Կիրականացվի կիսակառույց շինությունների հաշվառում, դրանց սեփականատերերի հետ կսկսվեն բանակցություններ հետագա շինարարությունը, կամ դրանց օտարումը, կամ դրանց ապամոնտաժումը կազմակերպելու նպատակով:  Ազատ տարածքներում շինարարության թույլտվության տրամադրման և հարկայնության խստիվ սահմանափակում:

- Կխստացվի հսկողությունը հրավառությունների և բազմաբնակարան շենքերում տեղակայված զվարճանքի կենտրոններում աղմուկի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կիրառելու համար. միջոցներ կձեռնարկվեն նման շենքերի բնակիչների իրավունքները պաշտպանելու համար:

- Կիրականացվի Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակի օպտիմալացում: 

- Երեւանի Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով:

- Հրազդանի կիրճի երեւանյան հատվածը կհայտարարվի քաղաքային ռեկրեացիայի եւ տուրիզմի գոտի, այդ տարածքում առկա չորս պատմամշակութային հուշարձան բերդերը կներառվեն այս գոտու մեջ՝ իբրեւ մեկ ընդհանուր քաղաքային պարկ:

 - Կկառուցվի նոր բնապահպանական ստանդարտներին համապատասխանող աղբավայր՝ կներդրվի աղբի վերամշակման արտադրություն:

- Կուսումնասիրվի բետոնե կտուր ունեցող ավտոտնակների տանիքների վրա խաղահրապարակներ ստեղծելու հնարավորությունը:

Սույն ծրագիրը սպառիչ չէ. ծրագրի անբաժանելի մաս համարվում են նաեւ ԵԼՔ դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների ելույթներում, հարցազրույցներում բարձրացված հարցերը: ԵԼՔ դաշինքը Երեւանի կառավարումը իրականացնելու է երեք հայեցակարգային մոտեցումների շրջանակում` արդյունավետություն, համաչափ զարգացում, հաշվետվողականություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter