HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտի զբոսախցում հրավիրված «պայմանական ազատման նիստը»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հարցազրույցներ` խցից խուց

Այստեղ կան մարդիկ, ովքեր արդեն 24-25 տարի բանտում են:

Մի քանի օր առաջ զբոսախցում էինք: Այնպես էր ստացվել, որ կողքի խցում էր հայտնվել արդեն 25 տարվա շեմին հասած մի նախկին մահապատժի դատապարտված, ով 21 տարեկանից «Նուբարաշեն» բանտի բնակիչ է: Ձայն տվեց: Զրույց սկսվեց, որին միացավ նաև բանտի հին աշխատակից մի սպա: Նա պաշտոնի բերմամբ երկար տարիներ շփվում է ցմահ ազատազրկվածների հետ:

24 տարվա բանտարկյալ Ա.-ն ասում է.

- Մի 20 օրից նորից իջացնելու են պետի կաբինետ, որ մերժեն պայմանական վաղաժամկետ ազատելը:

- Կպատմես` ովքե՞ր են ներկա լինում, ի՞նչ հիմքով են մերժում, - հարցնում եմ ես:

- Ուրեմն 20 տարիս ինչ լրացել ա, ամեն տարի իջացնում են պետի մոտ, հանձնաժողովն ա լինում`բերդի տարբեր բաժիններից: Առաջին անգամ ասեցին, որ 20 տարի առաջ կատարածս հանցանքը շատ ծանր ա ու չեն կարա ազատեն: Ես էլ ասեցի, որ դրա համար էլ պատժի առավելագույն չափն են տվել, ոչ թե 5 կամ 10 տարի: Օրենքը նախատեսել ա 20 տարվա շեմ, որ ցմահ ազատազրկվածը ներկայացվի պայմանական վաղաժամկետ ազատման: Հանցանքի ծանրությունը չի կարող հիմք լինել մերժելու համար, ես արդեն 20 տարի դրա համար պատիժ եմ կրել:

- Իսկ դու ինչ-որ տույժ ունե՞ս վերջին հինգ տարիների ընթացքում, - հարցնում է խցակիցս:

- Չէ՛, ամբողջ 24 տարիների ընթացքում ոչ մի տույժ չեմ ունեցել... բայց երբ մյուս աշխատողները դուրս եկան, պետն ասեց. «Մեր ձեռը չի քեզ ազատելու հարցը, մինչև «վերևից» դաբրո չլինի, ոչ մեկի էլ չենք կարա ներկայացնենք»: Ու սենց ամեն տարի բոլոր պետերն էլ նույն բանն են ասում:

Հենց նման բաներ եմ լսում`«վերևից», «դաբրո», մտածում եմ, որ բուհում սովորածս սահմանադրորեն ամրագրված իշխանությունների երեք ճյուղերի անկախությունն իրականում ֆիկցիա է. չկա ոչ մի անկախություն, մանավանդ դատական իշխանության անկախությունը դառը ծիծաղ է առաջացնում:

- Դատարան դիմի, պահանջի, որ օբյեկտիվ բնութագիր տան քեզ,- ասում եմ ես…

- Է-է-է, ի՞նչ օգուտ, հենա տղերքից քանի հոգի դիմել են`բոլորին էլ մերժում են: Ես ուղղվել եմ, ոչ մի տույժ չունեմ, բայց գրում են, որ ուղղմանս աստիճանը միջին ա:

Զգացի, որ 24 տարի այստեղ պատիժ կրած դատապարտյալ Ա.-ն հիասթափված է,  չի ցանկանում պայքարել իր իրավունքների համար, ասացի.

- Արի պատկերացնենք, որ ես դրսից եկած անկախ փորձագետ եմ ու ներկա եմ քո հարցի քննարկամը: Հիմա, տղա ջան, դու ինձ ասա, թե ինչու՞ համաձայն չես մեկուսարանի վարչակազմի գնահատականի հետ, ասա` ինչի՞ց ելնելով ես կարծում, որ դու ուղղվել ես ու այլևս վտանգավոր չես հասարակության համար:

Դատապարտյալ Ա-ն, մի պահ մտածելուց հետո, ընդունեց «խաղի» հրավերն ու եռանդուն սկսեց ճառը.

- Հարգելի փորձագետ, ես 24 տարի շարունակ խելոք նստել եմ` ո՛չ դատապարտյալների, ո՛չ աշխատակիցների նկատմամբ ագրեսիվ չեմ եղել, չունեմ ոչ մի տույժ ու վտանգավոր չեմ հասարակության համար:

Խցակիցս էլ դերի մեջ մտավ ու ծիծաղալով բարձր ասաց.

- Ճար չունեիր, խելոք նստել ես…

Ա.-ն վրդոհվեց.

- Է՛, բա էլ ո՞նց ապացուցեմ, որ ուղղվել եմ:

Որպես փորձագետ` ես խիստ տոնով ասացի.

- Տղա ջան, խելոք նստելով հարց չի լուծվում, դու պիտի ապացուցես, որ ուղղվել ես, այլ ոչ թե ուղղակի հայտարարես, որ վտանգավոր չես այլևս:

Հենց այս խոսքերիս վրա հայտնվեց բանտի հին աշխատող մի պաշտոնյա: Սպան ինձ գլխով է անում, որ շարունակեմ:

- Տղա՛ ջան, -շարունակում եմ ես,- օրինակ` 24 տարի շարունակ դու ինչ-որ աշխատանք արե՞լ ես, ստեղծե՞լ ես ինչ-որ բարիք:

- Հա՛, աշխատանքային պայմանագիր եմ կնքել կալանավորներին աջակցող ինչ-որ կազմակերպության հետ, խմորից խաչքարեր, թելերից գրիչներ էի սրքում, խանութում էին դնում, բայց չէր ծախվում, էլ չաշխատեցի:

- Այ քանի որ դու 20 տարի խելոք նստել ես` դրա համար էլ քո ուղղման աստճանն ոչ թե ցածր են դնում, այլ միջին, բայց դու պետք է ջանքեր գործադրես, որ վարչակազմը ներկայացնի քեզ ՊՎԱ-ի` պայմանական վաղաժամկետ ազատման,- դերիս մեջ մտած ասում եմ ես ու հիմա էլ դիմում սպային,- հիմա անցնենք ձեր աշխատանքին. ի՞նչ եք արել այս տարիների ընթացքում, որ մարդիկ ուղղվեն:

Սպայի դեմքը փոխվեց, երևի չէր սպասում.

- Բայց մենք ի՞նչ պետք ա անենք, որ...

- Օրինակ`ինչո՞ւ պետությու՛նը աշխատանքով չի ապահովում դատապարտյալներին, առաջ քարհանքեր կային, դատապարտյալները տրիկոտաժի ու կահույքի արտադրանքով էին զբաղված հենց գաղութներում, ինչու՞ չեք կազմակերպում կրթամշակույթայնի, սպարտային միջոցառումներ: Ես տեսնում եմ, որ միայն թղթի վրա եք գրում, թե իբր գոյություն ունեն ինչ-որ անհատական ուղղման ծրագրեր, - սա ասելով` ձայն եմ տալիս դատապարտյալ Ա.-ին, - քեզ ծանոթացրե՞լ են քո անհատական ուղղման ծրագրին, հոգեբանը քո հետ աշխատանքներ տարե՞լ է:

Կողքի խցից Ա.-ն զարմացած արձագանքում է.

- Մհե՛ր ջան, առաջին անգամ եմ լսում, ի՞նչ ծրագիր:

Նորից դիմում եմ պաշտոնյային.

- Տեսնում եք հարգելիս` իրականում մեկուսարանի վարչակազմը դատապարտյալի ուղղման նպատակով որևէ քայլ չի կատարում, փոխարենը պահանջում եք, որ մարդն ուղղվի: Հարց եմ տալիս ձեզ` իսկ ի՞նչ պետք է անի ցմահ ազատազրկվածը, որ նրան ուղղված համարեք:

- Անպայման պետք է աշխատի, ցանկալի է, որ նաև սովորի,- լուրջ դեմքով պատասխանում է պաշտոնյան`ասես իրոք քննարկվում է Ա.-ի ազատման հարցը:

- Հարգելիս, բայց ես գիտեմ, որ ցմահների մեջ կան մարդիկ` Մանուկ Սահակյանը, Խանամիրյան Գեորգին, էլի մի քանիսն, ովքեր աշխատում կամ սովորում են: Ու վերջապես, բանտում արդեն երրորդ բուհն ավարտած Արսեն Արծրունին 23 տարին է բոլորում, բայց մերժում եք պայմանական ազատել: Մնացած դատապարտյալներն էլ դա տեսնում են և հիասթափվում, քանի որ իրականում աշխատանքն ու ուսումն էլ չեն գնահատվում, չեն խրախուսվում:

Բանտի պաշտոնյան, որին երկար տարիներ ճանաչում եմ, իրականում շատ օբյեկտիվ անձնավորություն է ու սթափ է դատում: Քանի որ զբոսանքի ժամը մոտեցել էր ավարտին, նա ամփոփեց մեր «ՊՎԱ հանձնաժողովի» աշխատանքը.

- Փորձագետի ասածները միանշանակ ճիշտ են, փոփոխություններ են անհրաժեշտ, ՊՎԱ-ի ինստիտուտը պետք է մի օր սկսի գործել, բայց դրա համար անհրաժեշտ է նախկին պետ հարգարժան Արամ Սերգեյիչի (Սարգսյան) նման մի մարդ, ով կգնա «վերևները» ճիշտ կներկայացնի իրավիճակը, իր վրա կվերցնի պատասխանատվությունը ու կսկսեն պայմանական ազատվել նրանք, ովքեր պրակտիկապես ցույց են տալիս իրենց ուղղված լինելը:

Այսպիսի անկեղծ հարցազրույց ստացվեց միանգամից և՛ ցմահ դատապարտյալի և՛ բանտի պաշտոնյայի հետ:

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
Մհեր ջան, սենց իրավիճակներ մենակ քո հետ կպատահի եղբայր։ Սենց որ շարունակես հիմաել «իշխանությունը» կմտածի բա լավ էս տցղեն որ կլորիցա սենց հարցեր բարձրացնում ու պարզաբանում բա որ ազատվի ինչեր կանի։ Աբովյան փողոցի վրա մի հատ լավ տեղ գիտեմ հենց ազատվես կվարձակալենք ու քո սեփական իրավաբանական կոնսուլտացիայի գրասենյակը կունենաս ու վստահ եմ շատ շատ մարդկանց օգտակար կլինես! Դե սպասում ենք!
Հասմիկ Ա. Ա.
Մենք ենք, մեր սարերը: )

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter