HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողի մասին Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում

2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի ։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է եւ ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին,մի քանի անգամ կատարել է ինքնախեղում,եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:

2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի, փորձաքննության ժամանակ, նա դրսեւորել է հոգեկան որոշ խանգարումներ,որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

լուսանկարը` «Ազատություն» ռ/կ

 

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունից և նրա խայտառակ դատավարությունից հետո, Հայաստանյան իրավապահները որևէ բարոյական իրավունք չունեին իրենց վարույթ վերցնելու ռուսական զինվորի սպանության գործը։ Պարզապես պետք էր դիակը հանձնել ռուսական ռազմակայանին և իրենց գործը համարել ավարտված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter